Հայաստանի ընտրական համակարգում շարունակում են պահպանվել քաղաքական ֆինանսավորման թափանցիկության հետ կապված լուրջ խնդիրներ, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։ Նման կարծիքի է ընտրական համակարգերի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ժողովրդավարական ստանդարտների կարևոր պահանջներից մեկը հենց ֆինանսական թափանցիկությունն է, հատկապես ընտրությունների ժամանակահատվածում։ Փորձագետի խոսքով՝ ներկայիս կարգավորումների պայմաններում ընտրողները քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին տեղեկություններ ստանում են միայն տարեկան հաշվետվություններից, որոնք հրապարակվում են ընտրություններից մոտ մեկ տարի անց։
«Այսօր մենք այդ տեղեկատվությունը իմանալու ենք տարեկան հաշվետվություններից, որոնք հրապարակվելու են հաջորդ տարվա փետրվարին։ Եթե կուսակցությունները նաև աուդիտ անցնեն, ապա տվյալները հասանելի կլինեն աուդիտի հրապարակումից հետո՝ հավանաբար մայիսին։ Այսինքն՝ մոտ մեկ տարի անց կարող ենք պարզել, թե ովքեր են ֆինանսավորել քաղաքական ուժերին», – ասել է նա։
Մուղնեցյանի խոսքով՝ ստեղծվում է իրավիճակ, երբ հնարավոր ֆինանսական խախտումները կարող են բացահայտվել միայն այն ժամանակ, երբ ընտրություններն արդեն ավարտված են, մանդատները բաշխված են, իսկ քաղաքական արդյունքները՝ ամրագրված։
«Գուցե այդ ժամանակ պարզվի, որ եղել են ֆինանսավորման խախտումներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների ելքի վրա, բայց ընտրությունների արդյունքներն արդեն կայացված կլինեն։ Թեև գործնականում նման իրավիճակը քիչ հավանական է, այնուամենայնիվ կարգավորումների տրամաբանությունը ճիշտ կառուցված չէ», – ընդգծել է նա՝ կարևորելով, որ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը պետք է ապահովվի ոչ թե հետադարձ կարգով, այլ ընտրական գործընթացի ընթացքում։
Մուղնեցյանը ուշադրություն է հրավիրել նաև մեկ այլ խնդրի վրա՝ քաղաքական ուժերի գործունեությանը մինչև կուսակցության պաշտոնական գրանցումը։ Նրա խոսքով՝ որոշ ուժեր մինչև ընտրություններին մասնակցելու համար գրանցվելը հանդես են գալիս այլ ձևաչափով՝ չլինելով կուսակցություն, ինչը թույլ է տալիս շրջանցել ֆինանսական թափանցիկության որոշ պահանջներ։ «Ուժերը մինչև գրանցվելը քաղաքական գործունեություն են իրականացնում, սակայն չունեն ֆինանսավորման թափանցիկություն ապահովելու պարտավորություն։ Հետո, արդեն ընտրություններին մասնակցելու համար, գրանցում են կուսակցություն, քանի որ միայն կուսակցության միջոցով կարող են մասնակցել ընտրություններին», – նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ մինչ այդ իրականացված ծախսերը, այդ թվում՝ համացանցային գովազդը, դուրս են մնում վերահսկողության շրջանակից։ «Բազմաթիվ դեպքերում հնարավոր էր տեսնել ինտենսիվ գովազդային արշավներ, երբ նախընտրական քարոզարշավը դեռ չէր էլ սկսվել», – ասել է Մուղնեցյանը։
Խոսելով կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգի մասին՝ Մուղնեցյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ խորհրդարանական ընտրություններում 2 տոկոս ձայն հավաքած կուսակցությունները մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ստանում են պետական ֆինանսավորում։
Նշենք, որ որոշ քաղաքական ուժեր նույնիսկ չեն թաքցնում, որ մասնակցում են ընտրություններին՝ գիտակցելով, որ չեն հաղթահարելու խորհրդարան անցնելու շեմը, սակայն ձգտում են ստանալ պետական ֆինանսավորում։
Փորձագետի հաշվարկներով՝ եթե 2 տոկոսը համարժեք է մոտ 20 հազար ձայնի, ապա կուսակցությունը կարող է տարեկան ստանալ շուրջ 20 միլիոն դրամ պետական աջակցություն։ «Հինգ տարվա ընթացքում դա դառնում է մոտ 100 միլիոն դրամ, ինչը բավական զգալի գումար է», – ընդգծել է Մուղնեցյանը։
Նրա խոսքով՝ պետական ֆինանսավորման գաղափարի հիմնական նպատակն է նվազեցնել կուսակցությունների կախվածությունը մասնավոր և բիզնես շահերից։ Միաժամանակ փորձագետը կարծում է, որ գործող կարգավորումներում կան վերանայման ենթակա դրույթներ։
Նա որպես օրինակ նշել է այն նորմը, ըստ որի պետական ֆինանսավորում չի ստանում այն կուսակցությունը, որի գույքն ու միջոցները հինգ անգամ գերազանցում են ստացվող պետական ֆինանսավորման չափը։ «Գործող չափանիշներով կուսակցությունը պետք է ունենա մոտ 2,5 միլիարդ դրամի ակտիվներ, որպեսզի զրկվի պետական ֆինանսավորումից։ Իմ կարծիքով՝ սա չափազանց բարձր շեմ է, և փաստացի Հայաստանում չկա կուսակցություն, որը կհայտնվեր այդ սահմանափակման տակ», – ասել է Մուղնեցյանը։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր է վերանայել գործող ստանդարտները, նվազեցնել շեմերը և կիրառել պետական աջակցության ավելի համաչափ բաշխման մեխանիզմներ։
Մուղնեցյանի համոզմամբ՝ քաղաքական ֆինանսավորման և պետական աջակցության գործող համակարգը կարևոր դեր ունի կուսակցական համակարգի զարգացման համար, սակայն դրա արդյունավետության և արդարության բարձրացման նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ բարեփոխումներ, հատկապես ընտրական գործընթացի ընթացքում ֆինանսական թափանցիկության ապահովման ուղղությամբ։

