Վերջին օրերին հրապարակվող տարբեր տեղեկությունները, արտահոսքերն ու քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ընտրապայքարը շատ ավելի լարված է, քան փորձում են ներկայացնել իշխանությունները։ Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունների այն պնդումները, թե իրենք հեշտությամբ հաղթելու են ընտրություններում, չեն համապատասխանում իրական քաղաքական իրավիճակին։
Մեծ քաղաքներում քարոզարշավից հետո փոխվել են տրամադրությունները
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նախընտրական պայքարի սկզբնական փուլում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավելապես այցելում էր մարզեր, իշխանությունների ներսում տրամադրությունները բավական բարձր էին։ Սակայն իրավիճակը փոխվել է այն պահից, երբ իշխանական քարոզարշավը տեղափոխվել է Երևան, Գյումրի և մյուս խոշոր քաղաքներ։
Նրա համոզմամբ՝ հենց այդ ժամանակաշրջանից սկսեցին փոխվել ինչպես հասարակական, այնպես էլ իշխանական շրջանակների տրամադրությունները։ Քոչարյանը նշում է, որ այդ փուլից հետո քաղաքական դաշտում սկսեցին ավելի հաճախ արձանագրվել լարված միջադեպեր, բախումներ, բռնության դրսևորումներ և, նրա բնորոշմամբ, «վախի մթնոլորտի ձևավորման» փորձեր։ Նրա գնահատմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» վերջին հանրահավաքը դարձել է այն «վերջին կաթիլը», որից հետո իշխանությունները սկսել են ավելի կոշտ գործողություններ իրականացնել, այդ թվում՝ կալանավորումներ և խուզարկություններ։
«Աշխարհն ապրում է մարտեր առանց կանոնների սկզբունքով»
Քոչարյանի համոզմամբ՝ վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ավելի ակնհայտ է դարձել այն միտումը, որ աշխարհը գործում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ։
Որպես օրինակ նա հիշատակում է տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և նշում, որ միջազգային խաղի կանոնները հաճախ կիրառվում են ընտրովի ձևով։ Այս համատեքստում նա չի բացառում տարբեր զարգացումներ նաև Հայաստանի շուրջ։ «Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է որոշի, որ պետք է Վենեսուելայի նախագահին պարզապես գիշերը տնից փախցնեն։ Ինչ-որ մեկը պետք է որոշի, որ, չգիտեմ, ասենք, Լիբանանում այս մեկը չպետք է ապրի, այն մեկը պետք է ապրի։ Ինչ-որ մեկը պետք է որոշի, որ Գրենլանդիան ոչ թե Դանիայինն է, այլ Միացյալ Նահանգներինը», — ասում է Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ նման պայմաններում չի կարելի բացառել նաև ոչ ստանդարտ զարգացումներ Հայաստանի շուրջ։
«Ես, օրինակ, չեմ բացառում, որ այս խաղի կանոնների պայմաններում, դիցուք, ընդդիմությունը հավաքական հաղթում է, իսկ Եվրոպան հայտարարի, որ չի ճանաչում ընտրությունները», — նշում է նա։
Քոչարյանը հավելում է, որ նույն տրամաբանությամբ չի բացառում նաև հակառակ սցենարները։
«Նույն այդ խաղի կանոնների շրջանակներում չեմ բացառում, որ, օրինակ, Ռուսաստանն էլ որոշում է, որ եթե Միացյալ Նահանգներին կարելի է որոշել, թե ով է Վենեսուելան կառավարելու, ինքն էլ որոշելու է, թե ով է Հայաստանում կառավարելու», — ասում է նա։
Քաղտեխնոլոգը շեշտում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում որևէ զարգացում չի բացառում։
«Այսինքն՝ ես ոչինչ այսօր չեմ բացառում», — հայտարարում է Քոչարյանը։
Հունիսի 8-ից հետո՝ նոր իրավիճակ
Ամփոփելով իր դիտարկումները՝ Կարեն Քոչարյանը նշում է, որ ընտրությունների արդյունքներից անկախ՝ Հայաստանը հունիսի 8-ից հետո կմտնի նոր քաղաքական փուլ։
Նրա կարծիքով՝ ցանկացած ելքի դեպքում երկիրը կանգնելու է նոր իրականության առաջ, որը զգալիորեն տարբերվելու է նախընտրական շրջանի իրավիճակից։
«Հունիսի 8-ին մենք բախվելու ենք մի այլ իրականության, որը տարբերվելու է հունիսի 7-ի իրականությունից։ Թե ինչպիսին կլինի այդ իրականությունը՝ դժվար է կանխատեսել, սակայն բազմաթիվ հանգամանքներ վկայում են, որ փոփոխություններն անխուսափելի են»,- եզրափակում է քաղտեխնոլոգը։

