Անկարայի համար հակահայկականությունը շատ ավելի խորքային խնդիր է, քան Ադրբեջանի, քանի որ կապված է Թուրքիայի պետականության ձևավորման գաղափարախոսության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցերի հետ։ Այս համատեքստում Ադրբեջանը Թուրքիայի համար գործիք է՝ սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին ասել է պատմաբան Նելլի Մինասյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե 20-րդ դարի սկզբին հայկական հարցը Թուրքիայի ներքին քաղաքականության կարևոր խնդիրներից էր, ապա հետագայում այն վերածվել է արտաքին քաղաքականության բաղադրիչի։ Հայկական հարցի միջազգայնացումը, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության խնդիրները հակահայկականությանն այլ մակարդակ են հաղորդել։ Հայաստանը Թուրքիայում այլևս ուղղակի սպառնալիք չի դիտարկվում նախկինի պես, այլ օգտագործվում է այլ պետությունների հետ հարաբերություններում և ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներում։
Թուրքիայի քաղաքականության երկու հիմնական ուղղությունները
Մինասյանը նշել է, որ այս փուլում Անկարայի համար կարևոր են երկու հիմնական խնդիրներ։ Առաջինը միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական համակարգի վերադասավորումների համատեքստում Թուրքիայի հարաբերություններն են Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ։
Նրա խոսքով՝ Թուրքիայում հասկացել են, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ներկայում իրատեսական չէ, և հարաբերությունների հիմնական շրջանակը շարունակելու է մնալ բացառապես մաքսային միությունը։ Այս պայմաններում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն են ստանում։
Մինասյանի խոսքով՝ թեև Թուրքիան առայժմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ խնդիրների լուծման հետ, սակայն Եվրամիության հետ կապված ծրագրերի իրականացման համար հայ-թուրքական սահմանի բացումը ևս կարևոր է։ Հետևաբար, սահմանը բացելու հարցը միայն երկկողմ հարաբերությունների խնդիր չէ, այլ նաև տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն ունի։
Թուրքիայի համար կարևոր է նաև երկրի արևելյան շրջանների զարգացումը։ Մինասյանի խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայում ավելի մեծ ուշադրություն է դարձվում այդ տարածքների տնտեսական զարգացմանը, իսկ դրանց զբոսաշրջային ներուժի իրացումը դժվար է պատկերացնել առանց Հայաստանի հետ սահմանի բացման։
«Վերջին երկու-երեք տարիներին նրանք փորձում են այդ հատվածը ևս դարձնել զբոսաշրջային գոտի, բայց դա հնարավոր չէ առանց Հայաստանի հետ սահմանի բացման։ Այստեղ ենթակառուցվածքների հարցն էլ կա»,– ասել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ այս գործընթացների հիմքում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների նպատակաուղղված քայլերն են, այլև միջազգային աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք աստիճանաբար փոխում են ինչպես պետությունների, այնպես էլ հասարակությունների ընկալումները։
Հայ-թուրքական շփումները և սահմանը բացելու հեռանկարը
Մինասյանը հարաբերությունների հնարավոր փոփոխության համատեքստում կարևորել է նաև վերջին տարիներին տեղի ունեցած շփումները։ Դրանց թվում նա առանձնացրել է լրագրողների փոխայցելությունները, գործարար շրջանակների հանդիպումները և Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումը Ստամբուլում, որին մասնակցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նրա խոսքով՝ այսպիսի միջոցառումները կարող են վկայել, որ Անկարայում որոշակի մակարդակով գիտակցում են Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը։
Մինասյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից կան ազդակներ, որ սահմանը կարող է բացվել, և հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվել։ Նա կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կփոխի նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների պայմանները։
«Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները մի բան են, երբ Հայաստանի հետ սահմանը փակ է, և բոլորովին այլ բան, երբ սահմանը բաց է, իսկ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ են կառուցում։ Ես վստահ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան արագ շատ լավ հարաբերություններ են կառուցելու»,– եզրափակել է Նելլի Մինասյանը։

