Խորհուրդը լսում է՝ նախարարությունը գրում. Ե՞րբ սպասել նոր Սահմանադրությանը

Խորհուրդը լսում է՝ նախարարությունը գրում. Ե՞րբ սպասել նոր Սահմանադրությանը

Երբ Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար, նա հայտարարեց, որ իր առաջնահերթություններից է սահմանադրական բարեփոխումների գործընթացի արագացումը։ Սակայն սահմանադրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ միայն ութ ամիս անց։ Դատելով ընթացիկ տեմպերից՝ Արդարադատության նախարարությունը կարծես թե որոշել է «դանդաղ շտապել»։ Այս ֆոնին առաջանում է հարց՝ կկարողանա՞ն արդյոք սահմանադրական բարեփոխումները իրականություն դառնալ մինչեւ ընտրությունները։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Դանիել Իոաննիսյանը դա քիչ հավանական են համարում եւ բացառում են նախագծի պատրաստ լինելը մինչ ընտրությունները։ Այնուամենայնիվ, նախարարն ինքը ավելի լավատես է տրամադրված՝ նա հավատում է, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև ընտրությունները եւ դա լիովին իրագործելի է։

«Լաբորատոր» մեթոդ և սահմանափակված դեր

«Հայաստանը չի շտապում նոր Սահմանադրության ընդունման հարցում եւ նպատակ ունի ապահովել դրա մշակումը հնարավորինս խորքային ներքին քննարկումների միջոցով։ Պատրաստվող նախագիծը հիմնականում կհամապատասխանի ավելի հայեցակարգին, սակայն դա չի բացառում նաեւ այլ դրույթների քննարկման հնարավորությունը։ Մենք ընտրել ենք հետեւյալ աշխատանքային մեթոդը՝ նախարարությունը պատրաստում է տեքստը, այնուհետ ներկայացնում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որտեղ առաջարկված դրույթները քննարկվում եւ քվեարկվում են։ Առաջին քննարկումն արդեն կայացել է, եւ, ըստ ամենայնի, սեպտեմբերից հանդիպումները կդառնան ավելի հաճախակի, քանի որ արդեն կլինի քննարկման համար բավարար նյութ։ Ես վստահ եմ, որ մինչ ընտրությունները նոր Սահմանադրության տեքստի առկայությունը իրատեսական նպատակ է», — հայտարարել է Գալյանը։

նախարարությունը ընտրել է «լաբորատոր» մեթոդ՝ նախ՝ տեքստի նախապատրաստում նախարարության կողմից, ապա՝ քննարկում, ինչը առաջին հայացքից կարող է դրական թվալ, սակայն իրականում դա սահմանափակում է խորհրդի անդամների իրական մասնակցությունը։ Տեքստի հիմնական մշակումը տեղի է ունենում նախարարության ներսում, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փաստացի կատարում է խորհրդատվական-գնահատողական մարմնի դեր, այլ ոչ թե լիարժեք մշակման մասնակից։ Դա նշանակում է, որ խորհրդի անդամների նախաձեռնողականությունն ու բովանդակային առաջարկները երկրորդական նշանակություն են ստանում. նրանք չեն ձեւավորում փաստաթուղթը, այլ ստանում են արդեն պատրաստ տարբերակ եւ կարող են միայն քննարկել եւ քվեարկել։ Այսպիսի մոտեցումը սահմանափակում է գործընթացի հորիզոնականությունը։ Բաց է մնում նաեւ գործընթացի թափանցիկության հարցը. Գալյանի պաշտոնը ստանձնելուց հետո դադարեցվել է խորհրդի նիստերի ուղիղ հեռարձակման պրակտիկան, այժմ քննարկումները տեղի են ունենում փակ դռների հետեւում։

Անկախության հռչակագիր

Թափանցիկության հարցն առավել կարեւոր է դառնում, քանի որ քննարկվում է մի թեմա, որը հատկապես հուզում է հանրությանը՝ արդյոք նոր Սահմանադրության մեջ կլինի՞ հղում Անկախության հռչակագրին։ Նախորդ նիստի ժամանակ այս հարցը չի քննարկվել։ Սակայն Խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը խոստացել է, որ այս հարցի քննարկման ժամանակ ինքը կպահանջի ուղիղ եթեր։ Այս պահին խորհրդի երեք անդամներ՝ Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը եւ Արթուր Սակունցը, արդեն հայտարարել են, որ դեմ են Հռչակագրի հղման հեռացմանը Սահմանադրության նախաբանից։ Մնացած անդամները առայժմ զերծ են մնում իրենց դիրքորոշման հրապարակային արտահայտումից։

Նախարարի խոսքով՝ քննարկվում են տարբեր մոտեցումներ, եւ այս հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Սակայն ինքը՝ Գալյանը, վստահ է, որ «ոչ մի իրավական ակտ չպետք է սպառնա խաղաղությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը տարածաշրջանում»։ Սա փաստորեն նշանակում է, որ նախարարությունում, առնվազն նախարարի մակարդակով, հակված են ամենայն հավանականությամբ հրաժարվել Հռչակագրի հղումից՝ մտավախությամբ, որ հակառակ դեպքում ադրբեջանական կողմը չի համաձայնվի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակով նախարարն, հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը, վստահեցրել է, որ Հռչակագրի հիշատակումը Սահմանադրության նախաբանում չի կարող խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Իշխանությունների հավասարակշռում եւ քաղաքական քաոսի ռիսկ

Այս պահի դրությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր՝ կայուն խորհրդարանական մեծամասնության անհրաժեշտությունը, Ազգային ժողովի դերը կառավարության ձեւավորման հարցում՝ մասնավորապես՝ փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուների հարցում կարծիք հայտնելու հնարավորությունը, ինչպես նաեւ կառավարության առանձին անդամների հանդեպ անվստահության նախաձեռնման իրավունքը։ Թեեւ այս թեմաներն արդեն քննարկվել են, դրանց վերաբերյալ քվեարկություն դեռ չի անցկացվել, ուստի դրանք դեռ չեն կարող համարվել ամրագրված դրույթներ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շեշտում է, որ ցանկացած բարեփոխում, առաջին հերթին, պետք է նվազեցնի քաղաքական քաոսի ռիսկը։ Նրա խոսքով՝ միջազգային փորձում հայտնի են փոքրամասնության կառավարության ձեւավորման դեպքեր, երբ խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորել չի հաջողվում, եւ դա կարող է հանգեցնել երկրի ներսում  ապակայունացման։ Եթե երկիրը հրաժարվում է կայուն մեծամասնության գաղափարից, ապա Սահմանադրության մեջ պետք է ամրագրի այնպիսի մեխանիզմներ, որոնք երաշխավորում են գործուն խորհրդարանի առկայությունը, որը կկարողանա ձեւավորել կառավարություն եւ որոշումներ ընդունել։

Scroll to Top