Իրանի շուրջ վերջին ռազմական զարգացումները առանձնահատուկ էին իրենց խորապես ասիմետրիկ բնույթով։ Այս պատերազմը էականորեն տարբերվում էր դասական բախումներից թե՛ ուժերի բալանսով, թե՛ կողմերի ռազմավարական վարքագծով։ Նման կարծիքի է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Ասիմետրիա՝ տեխնոլոգիաների և կամքի միջև
Մինասյանի խոսքով՝ մի կողմից առկա էր տեխնոլոգիական առումով աշխարհի ամենահզոր պետությունը՝ իր տեխնոլոգիապես ոչ պակաս զարգացած տարածաշրջանային գործընկերներով՝ Իսրայելով և որոշ արաբական երկրներով, իսկ մյուս կողմից՝ Իրանը, որը հակամարտության ընթացքում ցուցադրել է ասիմետրիկ պատերազմին բնորոշ առանցքային ունակություններից մեկը՝ պատերազմի գինը ընդունելու և դիմակայելու պատրաստակամությունը։
Նա ընդգծում է, որ նման մոտեցումը բնորոշ է նաև պատմական այլ ասիմետրիկ հակամարտություններին, ինչպիսիք են Վիետնամի և Աֆղանստանի պատերազմները։ Սակայն Իրանի պարագայում այս գործոնը լրացվում է նաև երկրի կրոնա-փիլիսոփայական առանձնահատկություններով, մասնավորապես՝ շիական իսլամին բնորոշ գաղափարներով, որոնք ուժեղացնում են դիմադրողականության և ինքնազոհաբերության մշակույթը։
Ինստիտուցիոնալ պետություն և «կորպորատիվ» համակարգ
Քաղաքագետը կարևորում է նաև Իրանի պետական համակարգի կառուցվածքը՝ նշելով, որ այն էապես տարբերվում է Մերձավոր Արևելքի շատ այլ երկրներից։ Ի տարբերություն անհատականացված ռեժիմների՝ Իրանում գործում է խոր ինստիտուցիոնալ համակարգ, որը Մինասյանը բնութագրում է որպես «պետություն-կորպորացիա»։
Այս համատեքստում առանցքային դեր է խաղում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը, նրա գնահատմամբ, այս փուլում կարողացել է պահպանել կայունությունը՝ չփլուզվելով և չպարտվելով։ Ըստ Մինասյանի՝ հակամարտության այս 40 օրերի ընթացքում Իրանը կարող է այս արդյունքը դիտարկել որպես որոշակի հաղթանակ։
Ռազմական հաջողություններ՝ առանց քաղաքական արդյունքի
Միևնույն ժամանակ, Մինասյանը նշում է, որ թեև ռազմական գործողությունների շրջանակում հայտարարված մի շարք նպատակներ, թվում է, թե իրականացվել են (այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հետաձգումը), սակայն քաղաքական առումով արդյունքները զգալիորեն ավելի սահմանափակ են։
Նրա խոսքով՝ չի իրականացվել հիմնական նպատակներից մեկը՝ Իրանի ռեժիմի փոփոխությունը։ Ավելին, հակառակ սպասումների, Իրանի ներսում ռեժիմը դարձել է ավելի կոնսոլիդացված և ավելի հակաամերիկյան, քան մինչ այդ փուլը։ Ավելին՝ Իրանը կարողացավ ստեղծել իր հակառակորդների համար նոր գլոբալ ռիսկեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքը։
Մինասյանը ընդգծում է, որ Իրանի ռազմաքաղաքական էլիտան, չնայած հաճախ ընկալվում է որպես գաղափարական կամ «ֆանատիկ», իրականում ցուցաբերում է բարձր պրագմատիզմ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Հաղթանակի տարբեր ընկալումներ
Անդրադառնալով ԱՄՆ դիրքորոշմանը՝ քաղաքագետը չի բացառում, որ Վաշինգտոնը կարող է շարունակել հայտարարություններ անել «աննախադեպ հաղթանակների» մասին՝ նույնիսկ այն պայմաններում, երբ քաղաքական հիմնական նպատակները չեն իրականացվել։ «Բոլոր պատերազմի մեջ կա պրոպոգանդիստական էլեմենտ, որին, ըստ էության մենք ականատես ենք», — նշեց նա
Մինասյանի գնահատմամբ, այս հակամարտությունը ցույց է տալիս ժամանակակից պատերազմների բարդ բնույթը, որտեղ ռազմական և քաղաքական արդյունքները հաճախ չեն համընկնում, իսկ «հաղթանակ» հասկացությունը դառնում է հարաբերական և բազմաշերտ։

