Գազամուղի տեղափոխում քաղաքական ենթատեքստով

Գազամուղի տեղափոխում քաղաքական ենթատեքստով

Հայաստան–Վրաստան գազամուղի 5,ւ-կիլոմետրանոց հատվածի հնարավոր տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացների հետ։ Նման կարծիքի է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

Սահմանային փոփոխությունների վարկածը

Նրա խոսքով՝  պաշտոնապես խոսվում է ականային դաշտի առկայության մասին, ինչը դարձել է տեղափոխման անհրաժեշտության պատճառ։ Սակայն, նրա գնահատմամբ, այստեղ առաջանում է տրամաբանական հարց․ եթե տվյալ գազամուղը գործում է արդեն ավելի քան 30 տարի, իսկ ականապատումը իրականացվել է դեռ 1990-ականների սկզբին, ապա ինչու է այդ խնդիրը դարձել արդիական հենց հիմա։

Այս հանգամանքը, ըստ քաղաքագետի, հուշում է, որ տեղի են ունենում նոր փոփոխություններ, որոնք դուրս են զուտ տեխնիկական տրամաբանությունից։ Միքայելյանը չի բացառում, որ գազամուղի տեղափոխման հարցը կարող է առնչվել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին։ Նրա վարկածով՝ այն հատվածում, որտեղ հատվում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները, դեռևս 1990-ականներին հայկական ուժերը որոշակի առաջխաղացում էին ունեցել՝ գազամուղի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Այսօր, նրա կարծիքով, հնարավոր է, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի ուժերի հետքաշում այդ դիրքերից, ինչի հետևանքով առաջանում է այդ գազամուղի տեղափոխման  անհրաժեշտություն։ Թեև քաղաքագետը շեշտում է, որ սա դեռևս ենթադրություն է և պահանջում է լրացուցիչ հաստատում, այն տեղավորվում է տեղի ունեցող գործընթացների տրամաբանության մեջ։

Սահմանազատում, թե՞ միակողմանի զիջումներ

Անդրադառնալով ընդհանուր սահմանազատման գործընթացին՝ Միքայելյանը հիշեցնում է, որ այն պետք է իրականացվի երկկողմ համաձայնությամբ և բացառի ուժային ճնշումը՝ համաձայն միջազգային պրակտիկայի և ԵԱՀԿ շրջանակներում ընդունված սկզբունքների։

Սակայն, նրա գնահատմամբ, Հայաստանում տեղի ունեցողը չի համապատասխանում այդ չափանիշներին։ Նա հիշեցնում է 2024 թվականի իրադարձությունները, երբ, իր խոսքով, Հայաստանի իշխանությունները փաստացի որոշումներ էին ընդունում ռազմական էսկալացիայի սպառնալիքի պայմաններում։

Քաղաքագետը նշում է, որ սահմանային փոփոխությունները տեղի են ունենում անհամաչափ կերպով․ այն հատվածներում, որտեղ 1990-ականներին հայկական կողմն է առաջխաղացում ունեցել, Ադրբեջանը պահանջում է վերադարձ նախկին դիրքերին, մինչդեռ այն տարածքները, որտեղ առաջխաղացում է ունեցել ադրբեջանական կողմը, չեն քննարկվում վերադարձի համատեքստում։

Միքայելյանը հիշեցնում է նաև անկլավների հարցը՝ նշելով, որ խորհրդային տարիներին ձևավորված սահմանները սկզբունքորեն բարդ և հակասական են եղել։ Այդ համակարգում գոյություն են ունեցել փոխադարձ վերահսկողության տակ անցած տարածքներ, ինչպես օրինակ Արծվաշենը և Տիգրանաշենը։

Նրա կարծիքով՝ եթե խոսք է գնում իրական սահմանազատման մասին, ապա այն պետք է իրականացվի կամ ամբողջական փոխանակման, կամ համապարփակ կարգավորման միջոցով, այլ ոչ թե ընտրովի մոտեցմամբ։

Scroll to Top