Հայ-իրանական էներգետիկ ծրագրերը վտանգի տակ են

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության մի շարք առանցքային ծրագրեր կարող են հայտնվել վտանգի տակ՝ Իրանում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։ Այս մասին հայտարարեց էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ծրագրեր՝ անորոշության պայմաններում

Փորձագետի խոսքով՝ Իրանի ներկայիս ծանր իրավիճակն ու անորոշ հեռանկարները բացասաբար են ազդում տարածաշրջանային էներգետիկ նախաձեռնությունների վրա։ Մասնավորապես, վտանգված է Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի գործարկումը, որը նախատեսվում էր իրականացնել 2026 թվականին՝ 400 կՎ լարման դասով։

Մարջանյանը նաև նշեց, որ հարցականի տակ են Մեղրիի հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագրերը։

Միևնույն ժամանակ դեռ շարունակվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համագործակցությունը, որի շրջանակում Հայաստանը Իրանից գազ է ներմուծում և փոխարենը արտահանում էլեկտրաէներգիա։ Սակայն, ըստ փորձագետի, այս ծրագրի օգտագործման մակարդակը ներկայումս կազմում է ընդամենը 30–33%՝ իր անվանական հզորությունից, և այն լիարժեք գործարկելու հեռանկարները ևս վտանգված են։

Աշխարհաքաղաքական լարվածության ազդեցությունը

Մարջանյանի գնահատմամբ՝ վերջին զարգացումները սրել են ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակը, այլև ուղղակի ազդեցություն են ունեցել էներգակիրների տեղափոխման ուղիների և էներգետիկ ծրագրերի իրականացման վրա։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Ագարակում կայացավ սինխրոնիզացնող կայանի բացումը, որը հնարավորություն էր տալիս համաժամեցնել Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը։ Այս գործընթացը ևս վտանգի տակ է։ Փորձագետը նշեց հնարավոր տեխնիկական ռիսկերի մասին՝ կապված Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների կամ վթարների հետ։

Նրա խոսքով՝ եթե Իրանում վնասվեն խոշոր էներգետիկ օբյեկտներ, կարող է խաթարվել երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի ինխրոնիզացված աշխատանքը։ Այդ դեպքում ավտոմատ համակարգերը կանջատեն Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով կդադարեցվի էլեկտրաէներգիայի արտահանումը և կկասեցվի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համագործակցությունը։

Հայաստանը՝ էներգետիկորեն ինքնաբավ երկիր

Չնայած հնարավոր ռիսկերին՝ Մարջանյանը ընդգծում է, որ Հայաստանի էներգահամակարգը շարունակում է մնալ կայուն։ Նրա խոսքով՝ նույնիսկ Իրանի հետ կապի խզման դեպքում երկիրը չի բախվի լուրջ խնդիրների։

«Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ էներգետիկայի տեսանկյունից այն ինքնաբավ, ավելին՝ որոշ առումներով նաև ավելցուկային երկիր է», — նշեց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ ամենաբարդ սցենարի դեպքում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը կշարունակի աշխատել բնականոն ռեժիմով՝ առանց էական խափանումների։

Հայաստանի արտահանող հնարավորությունները

Մարջանյանը ընդգծում է, որ Հայաստանի էներգահամակարգը շարունակում է մնալ կայուն և ունի արտահանման լուրջ ներուժ։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ակտիվ քննարկվում է նաև Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության հնարավորությունը, որը, ըստ էության, վերաբերում է էլեկտրաէներգիայի ոլորտին։

Փորձագետը ներկայացրեց համեմատական տվյալներ՝ ընդգծելու Հայաստանի ներուժը․ երկրի բնակչությունը շուրջ 3 միլիոն է և տարածքը՝ մոտ 29 հազար քառակուսի կիլոմետր, մինչդեռ Թուրքիան ունի մոտ 87 միլիոն բնակչություն, իսկ Իրանը՝ շուրջ 92 միլիոն։

«Հայաստանը տարեկան արտահանում է այնքան էլեկտրաէներգիա, որքան այս հսկայական երկրները», — նշեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը իրականում ավելցուկային երկիր է էլեկտրաէներգիայի առումով։

Մարջանյանի գնահատմամբ՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ եղել և առաջիկայում ևս կմնա էլեկտրաէներգիայի պակասուրդ ունեցող երկիր՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։ Այդ պատճառով, եթե վերագործարկվեն Հայաստան–Թուրքիա բարձրավոլտ գծերը, համագործակցությունը հիմնականում կլինի Հայաստանից դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ձևաչափով։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ էներգետիկ շուկան ճկուն է, և անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև հակառակ հոսքը՝ էլեկտրաէներգիայի ներմուծում Թուրքիայից, սակայն ընդհանուր տրամաբանությունը լինելու է արտահանման ուղղությամբ։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top