ՀՀ ՍԳԻ համատեքստի մեջ. տնտեսական կայունություն, թե խորացող խնդիրներ՞ 

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի սպառողական շուկան ի ցույց է դրել մի շարք հակասական միտումներ, որոնց խորքային վերլուծությունը ի հայտ է բերում տնտեսության որոշակի կառուցվածքային խնդիրներ։ Սպառողական գների ընդհանուր ինդեքսը կազմել է 3.9%, ինչը չափավոր գնաճ է։ Սակայն այդ ցուցանիշի ետևում նկատվում են ապրանքային խմբերի միջև խիստ տատանումներ և հատվածային ճնշումներ՝ հատկապես սննդամթերքի և տրանսպորտի ոլորտում։ 

Սննդամթերքի գներն 12-ամսյա կտրվածքով զգալի աճ են գրանցել ՝ 6.2%։ 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ: Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան և խոզի մսերինը՝ 3.9% և 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% և 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: Մարգարինի և կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% և 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% և 0.7%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% և 0.4%-ով:Թարմ կաթի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 0.8%-ով, բրնձինը՝ 0.9%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 21.8%-ով։ Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեակների գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 4.5% և 7.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.7%-ով: 

Ահա այն հատվածը, որտեղ տնտեսությունը դառնում է սոցիալական քաղաքականություն։ Սննդի և ծխախոտի ապրանքները վերաբերում են անմիջական սպառման ապրանքների խմբին, և դրանց արժեքի աճը առավելապես ազդում է միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա։ 

Հատկանշական է, որ հունիսին սննդամթերքի գները նվազել են մայիսի համեմատ, ինչը մի կողմից՝ հակասում է տարվա ընդհանուր միտումներին, մյուս կողմից՝ վկայում է խմդիրների մասին։ Այսպես 2025թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնանկում։ Սակայն այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է որոշ ապրանքախմբերի հակադարձ դինամիկայով, մասնավորապես՝ բանջարեղենի խմբում 23.6% գնանկում և մրգի դեպքում 1.2% նվազում։ Այս երկու ապրանքախմբերը միասին նպաստել են ընդհանուր գների իջեցմանը շուրջ 1.25 տոկոսային կետով՝ ունենալով 8.28% տեսակարար կշիռ սպառողական զամբյուղում։ Սակայն հարկ է ընդգծել, որ այս գնանկումը սեզոնային է և չի կարող համարվել կառուցվածքային տնտեսական արդյունք։ 

Ավելին՝ նման սուր տատանումները խոսում են ներքին շուկայի խոցելիության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության պլանավորման հետ կապված խնդիրների մասին։ 

Տրանսպորտային ծառայությունները գնի առումով գրանցել են շոշափելի աճ՝ 26.8% ընթացիկ գնաճ և 11.6% ամսական կտրվածքով։ Ընդհանուր սպառողական գնաճի վրա դրա ազդեցությունը կազմել է 0.45 տոկոսային կետ՝ ընդգծելով ոլորտի շոշափելի տեղը համախառն ցուցանիշի ձևավորման մեջ։ Գների նման բարձրացումը կառավարության կողմից իրականացվող տրանսպորտային բարեփոխումների ծրագիրն է։ Դրան զուգահեռ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են՝ համապատասխանաբար 7.6% և 10.9% 12-ամսյա կտրվածքով։ 

Առողջապահության և կրթության ծառայություններում գրանցված համապատասխանաբար 3.6% և 7.8% գնաճը արտացոլում են այն սոցիալական ոլորտներ, որոնց թանկացումը ոչ միայն տնտեսական, այլ նաև որակյալ կյանքի հասանելիության խնդիր է։ Դեղորայքային ապրանքների դեպքում 4.3% գնաճը, ինչպես նաև բժշկական սարքավորումների +4.0% աճը վկայում են, որ առողջապահական համակարգը գործում է արդեն հնարավորությունների սահմանագծին՝ զգալով էական ճնշումներ։ 

Այսպիսով՝ գրանցված չափավոր գնաճը մեծամասամբ ապահովված էր բանջարեղենի և մրգի գների սեզոնային նվազումով; ոչ պարենային ապրանքների շուկայում նվազող գնային դինամիկայով՝ — 0.2%; ցածր կամ աննշան թանկացումով ծառայությունների մի մասում՝ ներառյալ կապի, ռեստորանների և հյուրանոցների ոլորտներում, որոնք գրանցել են 0.2-0.7% փոփոխություններ։ Այս հակակշիռները իրականում չեն վերացնում մակրոտնտեսական խոցելի իրավիճակը, քանի որ բարձր գնաճը կենտրոնացած է սոցալապես զգայուն ոլորտներում։ 

Scroll to Top