Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ ճակատը

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում են միայն Բաքուն և Անկարան 

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում են միայն Բաքուն և Անկարան։ Այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հայաստանի համար սպառնալիքները

Նահապետյանը շեշտում է, որ վերջին շրջանում շատ է խոսվում մեր երկրի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին, և այդ սպառնալիքը իրականում առկա է։ Սակայն, ըստ փորձագետի, հիբրիդային պատերազմի մասին խոսելիս` սլաքները ուղղվում են սխալ կողմ։  

«Չի կարող որևէ պետության գործողությունները ներկայացվել որպես հիբրիդային պատերազմ, եթե այդ պետությունը քո դեմ երբեք տաք պատերազմ չի մղել։ Հետևաբար, եթե խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, ապա այն, վստահաբար, Հայաստանի դեմ վարում են Ադրբեջանը՝ իր թիվ մեկ ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ միասին», — ասաց նա։

1991 թվականից ի վեր երկրի դեմ «տաք» պատերազմ վարած հիմնական պետությունը Ադրբեջանն է, հիշեցրեց նա՝ շեշտելով, որ հիբրիդային պատերազմ եզրույթը հաճախ սխալ է ընկալվում։

Տեղեկատվական պատերազմը՝ «սառը» ճակատ

Նահապետյանի խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը փոխել է պատերազմի բնույթը։ Բացի «տաք»՝ գետնի վրա ընթացող ռազմական գործողություններից, գոյություն ունի նաև տեղեկատվական կամ «սառը» պատերազմը։ Այս պայքարում հիմնական թիրախը մարդու ընկալումն է։

«Երբ զանգվածային լրատվամիջոցների միջոցով կարողանում եք փոխել մարդկանց արժեքային համակարգը կամ ընկալումները, իրականում սկսում եք կառավարել նրանց վարքագիծը»,– ընդգծում է փորձագետը։

Նա որպես օրինակ հիշեցնում է 1991 թվականը՝ նշելով, որ Խորհրդային Միությունը պարտվեց ոչ թե ռազմական բախման, այլ հենց տեղեկատվական պատերազմի արդյունքում՝ առանց ՆԱՏՕ-ի զորքերի ներխուժման։

Հիբրիդային պատերազմ՝ երկու ճակատի համադրություն

Փորձագետը նշում է, որ ժամանակակից հակամարտությունները հաճախ ունենում են համակցված բնույթ։ Երբ «տաք» և «սառը» պատերազմները գործում են զուգահեռ, ձևավորվում է հիբրիդային պատերազմ։

Նրա խոսքով՝ այս երկու բաղադրիչները փոխլրացնում են միմյանց, և դրանց համատեղ կիրառումը կարող է վճռորոշ լինել հակամարտության ելքի համար։ Նահապետյանը կրկին ընդգծում է, որ պատմությունը ցույց է տվել՝ նույնիսկ առանց դասական ռազմական պարտության, հնարավոր է կրել ռազմավարական պարտություն տեղեկատվական ճակատում։

Նա հիշեցնում է Վիետնամի պատերազմի օրինակը՝ որպես տեղեկատվական պատերազմի ազդեցության դասական դրսևորում։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններում առավելություն ուներ, վերջնական արդյունքը որոշվեց հասարակական կարծիքի փոփոխությամբ․ ամերիկյան հասարակությունը չցանկացավ շարունակել պատերազմը մեծ կորուստների պայմաններում, ինչն էլ հանգեցրեց զորքերի դուրսբերմանը և Վիետնամի հաղթանակին։

👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top