ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ եթե Հորմուզի նեղուցը չբացվի, Միացյալ Նահանգները կարող է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և ընդհանուր առմամբ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Թեման կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ Երևանը Թեհրանի հետ համագործակցում է հենց էներգետիկ ոլորտում։ Մասնավորապես, գործում է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային սխեման, որի շրջանակում իրականացվում է երկկողմ առևտուր։ Կարո՞ղ են նման զարգացումները ազդեցություն ունենալ այդ գործարքի և ընդհանուր առմամբ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա։
Իրանի էներգահամակարգի հուսալիությունն ու կառուցվածքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝ Իրանի էներգահամակարգը մեծածավալ, զարգացած և դիվերսիֆիկացված համակարգ է, որտեղ աշխատում են մեծ թվով բարձրակարգ մասնագետներ։ Նրա անձնական փորձը թույլ է տալիս պնդել, որ համակարգը կառուցված է բարձր հուսալիության սկզբունքներով։
Մասնավորապես, բազմաթիվ ենթակայաններ ունեն երկկողմ կամ եռակողմ սնուցում, ինչը նշանակում է, որ համակարգի որևէ հատվածի խափանումը չի բերում ամբողջ համակարգի խափանման։ Ընդհանուր առմամբ, Իրանում գործում է ավելի քան հազար բարձր լարման ենթակայան, և համակարգը զգալիորեն դիվերսիֆիկացված է։
Այս համատեքստում, ըստ Վարդանյանի, Իրանի էներգահամակարգը մի քանի թեկուզ ուժգին հարվածներով «զրոյացնելը»՝ այսինքն կարճ ժամանակում ամբողջությամբ շարքից հանելն ու մեծածավալ խափանումներ առաջացնելը, գործնականում անհնար է։ Խոսքը կարող է լինել միայն հետևողական, համակարգային, փուլային վնասների մասին, որոնք կարող են կուտակվել ժամանակի ընթացքում։
Թիրախավորումների հնարավոր հետևանքները
Անդրադառնալով հնարավոր հարվածների Հայաստանի վրա ազդեծությանը՝ Վարդանյանը նշում է, որ առանձին գեներացնող կայանների վնասումը, ամենայն հավանականությամբ, համակարգի համար կրիտիկական հետևանքներ չի ունենա։ Սակայն կարևոր է, թե որտեղ են այդ օբյեկտները տեղակայված և ինչ ազդեցություն կարող են ունենալ ընդհանուր համակարգի կայունության վրա։
Եթե թիրախավորվեն այն ենթակառուցվածքները, որոնք գտնվում են Հայաստանի հետ կապ ունեցող հատվածներում, ապա հնարավոր են հաճախականության շեղումներ, կայունության անկում և այլ համակարգային խանգարումներ, որոնք անխուսափելիորեն կզգացվեն նաև հայկական էներգահամակարգում։
Առաջին հերթին, Իրանում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Եթե ենթակառուցվածքները չվնասվեն, տեսականորեն դա կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանի համար ավելացնելու էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Սակայն, Վարդանյանի գնահատմամբ, հայկական էներգահաղորդման գծերը արդեն աշխատում են գրեթե ամբողջ ծանրաբեռնվածությամբ, և նման հնարավորություն գործնականում սահմանափակ է։ Բացի այդ, երրորդ էլեկտրահաղորդման գիծը դեռ պատրաստ չէ, ինչը նույնպես սահմանափակում է փոխադարձ հոսքերի ավելացման հնարավորությունը։
Հաճախականության կարգավորման խնդիրը
Վարդանյանը հատկապես ընդգծում է հաճախականության կարգավորման խնդիրը։ «եթե Իրանի էներգահամակարգում հաճախականության հետ կապված խնդիրներ առաջանան, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև Հայաստանի համար, քանի որ մեր համակարգում հաճախականության կարգավորումը իրականացվում է իրանական էներգահամակարգի հետ զուգահեռ», — նշեց նա։ Այս խնդիրը, շարունակեց նա, հատկապես զգայուն է ներկայիս սեզոնին, երբ արևային օրերի աճին զուգահեռ մեծանում է համակարգում չկարգավորվող գեներացիայի տեսակարար կշիռը։ «Այդ պայմաններում մեզ համար կենսական նշանակություն ունի Իրանի էներգահամակարգի կողմից տրամադրվող հաճախականության կարգավորման ծառայությունը», — նշեց Վարդանյանը։
Մեկ այլ առանցքային խնդիր է ռեակտիվ էներգիայի պակասը։ Հայաստանը մշտապես գտնվում է ռեակտիվ էներգիայի դեֆիցիտի պայմաններում, որը, ըստ Վարդանյանի, հատկապես խորանում է ապրիլից սկսած։ Ռեակտիվ էներգիան ապահովում է էլեկտրաէներգիայի «տեղաշարժը» համակարգում։ Երբ դրա մակարդակը նվազում է, լարման անկում է տեղի ունենում, ինչը կարող է հանգեցնել գեներացնող կայանների ավտոմատ անջատման։ Այս համատեքստում Իրանից ներմուծվող ռեակտիվ էներգիան կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Դրա պակասը կարող է լուրջ համակարգային խնդիրների պատճառ դառնալ։
Սեզոնային գործոններն ու համակարգի բեռը
Վարդանյանը նշում է, որ ամռանը ռեակտիվ էներգիայի պահանջարկը կտրուկ աճում է՝ պայմանավորված խորքային հորերի, օդորակիչների և այլ սպառողների ակտիվությամբ։ Միաժամանակ, արևային կայանների արտադրության աճը չի ուղեկցվում ռեակտիվ էներգիայի արտադրությամբ, իսկ որոշ փոքր հիդրոէլեկտրակայաններ նույնիսկ սպառում են այն։ Բացի այդ, ատոմակայանի պլանային կանգառները նվազեցնում են համակարգում ռեակտիվ էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը, ինչը լրացուցիչ բարդացնում է իրավիճակը։
Վարդանյանի խոսքով՝ որոշ դեպքերում հնարավոր է իրավիճակը կառավարել՝ անջատելով արևային կայանները կամ մեծացնելով ջերմային և հիդրոէլեկտրակայանների բեռը՝ ռեակտիվ էներգիայի փոխհատուցման նպատակով։ Սակայն այս մեխանիզմները ունեն սահմանափակումներ և չեն կարող երկարաժամկետ լուծում ապահովել։ Եթե Իրանից ռեակտիվ էներգիայի մատակարարումները երկար ժամանակով դադարեն, ապա համակարգում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ։
Վատ սցենարի հավանականությունը և հնարավոր հետևանքները
Միևնույն ժամանակ, Վարդանյանը նշում է, որ նույնիսկ ինտենսիվ հարվածների դեպքում Իրանի էներգահամակարգի լիակատար խափանման սցենարը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դրա չափերն ու հուսալիությունը։
Այնուամենայնիվ, որոշակի խանգարումների դեպքում Հայաստանի էներգահամակարգի օպերատորը ստիպված կլինի անցնել աշխատանքի նոր ռեժիմի, որը կլինի ավելի թանկ և կարող է ուղեկցվել հոսանքի խափանումներով ու անջատումներով։
Այս համատեքստում Վարդանյանը չի բացառում, որ անհրաժեշտ կլինի վերանայել նաև հայկական ատոմակայանի պլանային կանգառի ժամկետները։ Նշվում է, որ 2026 թվականին նախատեսված է երկարատև՝ շուրջ հինգամսյա կանգառ, ինչը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել համակարգի վրա նման ռիսկերի պայմաններում։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ավելի ճկուն և օպերատիվ մոտեցում՝ էներգահամակարգի կայունությունն ապահովելու համար։

