TRIPP նախաձեռնության հեռանկարները գործնականում սպառված են՝ անկախ նրանից, թե ինչ ելք կունենա Իրանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ցանկացած սցենարում TRIPP-ը իմաստազրկվում է
Դանիելյանի խոսքով՝ եթե Իրանը «հանձնվի» և անցնի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ՝ նոր կառավարության միջոցով, ապա TRIPP-ի անհրաժեշտությունը պարզապես կվերանա, քանի որ Իրանը ինքնին կդառնա Վաշինգտոնի հենարան տարածաշրջանում։
Մյուս սցենարում՝ եթե Իրանը չհանձնվի և դիմադրի, TRIPP-ի իրականացումը դարձյալ անհնար կդառնա, քանի որ Թեհրանը չի թույլատրի նման նախագիծը։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Իրանը արդեն իսկ պահանջում է, որպեսզի Պարսից ծոցի երկրները իրենց տարածքներից դուրս բերեն երկար տարիներ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմական բազաները, սա նշանակում է, որ նույն դիրքորոշումը կորդեգրվի նաև ամերիկյան նոր նախաձեռնությունների նկատմամբ։
TRIPP-ը՝ առանց անվտանգության երաշխիքների
Անդրադառնալով արդյոք TRIPP-ի հեռանկարների զրոյացումը չի նշանակում անվտանգության երաշխիքների կորուստ՝ Դանիելյանը նշում է, որ խոսքը մի փաստաթղթի մասին էր, որը չի պարունակում որևէ պարտավորություն է ԱՄՆ-ի համար։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները փորձել են ներկայացնել այդ նախաձեռնությունը որպես անվտանգության երաշխիք՝ շեշտելով, իբր ԱՄՆ ներկայությունը ինքնին կկանխի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Սակայն Դանիելյանը սա համարում է քաղաքական նարատիվ, որը չի համապատասխանում իրականությանը։
Քաղաքագետը մատնանշում է, որ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները ունեն հսկայական տնտեսական և ռազմական շահեր։ Այդ շահերը պաշտպանելու համար ստեղծվել են միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներ՝ ռազմական բազաներ, ռադարներ և օդանավակայաններ։ Այսինքն նման երաշխիքները իրականում չեն գործում։
Դանիելյանը հիշտեցրեց, որ Իրանը արդեն հարվածներ է հասցնում այդ օբյեկտներին՝ թիրախավորելով ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև գործողություններ իրականացնելով Իսրայելի դեմ։
Դանիելյանի գնահատմամբ՝ եթե Իրանը դիմանա ճնշումներին, ապա չի թույլատրի տարածաշրջանում ձևավորվել թուրքական աշխարհ՝ իր հյուսիսային սահմանների հաշվին, ինչպես նաև կշարունակի կոշտ քաղաքականություն վարել Ադրբեջանի նկատմամբ։ Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, TRIPP-ի նման նախագծերը կորցնում են իրատեսական հիմքը, քանի որ բախվում են Իրանի կենսական շահերին։

