ԶՈՒ կառավարում և ռազմական որոշումներ. ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծով

Նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը էական փոփոխություններ է նախատեսում երկրի պաշտպանության և զինված ուժերի կառավարման համակարգում։ Մասնավորապես, վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատար է դառնում նաև խաղաղ ժամանակ, վերացվում է Անվտանգության խորհրդի սահմանադրական կարգավիճակը, փոփոխվում են զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման ընթացակարգերը։ Միաժամանակ խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ։

Առաջարկվող փոփոխությունները մի շարք սկզբունքային հարցեր են առաջացնում երկրի պաշտպանունակության ապահովման, ռազմական որոշումների ընդունման և դրանց համար պատասխանատվության բաշխման, ինչպես նաև խաղաղության պահպանման իրական երաշխիքների վերաբերյալ։

Զինված ուժերի կառավարման ավելի հստակ ուղղահայացը կարող է բարձրացնել բարեփոխումների արդյունավետությունը

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների արդյունավետությունը մեծապես կախված կլինի դրանց գործնական կիրառումից։ Բնականաբար, քաղաքացիական իշխանությունը ներկայացնող վարչապետը չի կարող միջամտել նեղ մասնագիտական ռազմական յուրաքանչյուր փոքր որոշման կայացմանը, և դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Սակայն զինված ուժերի բարեփոխումների տեսանկյունից քաղաքական ազդեցության ավելի գործուն մեխանիզմների առկայությունը կարող է որոշակիորեն բարձրացնել գործընթացի արդյունավետությունը։

«Եթե մենք բարեփոխումների մասին ենք խոսում, ավելի ուժեղ քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը կարող է որոշ չափով բարձրացնել արդյունավետությունը։ Հարցն այն է, թե իրականում ինչպես կընթանա այդ գործընթացը, եթե այս Սահմանադրությունն ընդունվի»,- նշել է Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ նոր նախագծով կառավարման ավելի հստակ ուղղահայաց է ձևավորվում՝ վարչապետից պաշտպանության նախարար, ապա՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։ Նախկինում խաղաղ ժամանակ այդ ենթակայությունն այդքան ընդգծված չէր։

Փորձագետի գնահատմամբ՝ կառավարման նման համակարգը հնարավորություն է տալիս սահմանել բարեփոխումների իրականացման ավելի հստակ պահանջներ, այդ թվում՝ դրանց ուղղությունների և ժամկետների առումով։ Ներսիսյանը նաև նշել է, որ երկրների մեծ մասում զինված ուժերի կառավարման համակարգը մոտավորապես այս սկզբունքով է կառուցված։

Ի՞նչ կառույց կարող է փոխարինել Անվտանգության խորհրդին

Անդրադառնալով Սահմանադրության նախագծում Անվտանգության խորհրդի մասին դրույթի բացակայությանը և ռազմական, հետախուզական ու արտաքին քաղաքական որոշումների համակարգման հետագա մեխանիզմներին՝ Ներսիսյանը նշել է, որ այս փուլում հնարավոր է խոսել միայն ենթադրությունների մակարդակով, քանի որ փաստաթղթում այդ մեխանիզմները մանրամասն ներկայացված չեն։

Որպես հնարավոր այլընտրանք՝ փորձագետը դիտարկում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի և համապատասխան գրասենյակի ստեղծումը կառավարության կազմում։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել վարչապետին առընթեր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ինստիտուտի ձևավորումը։ Նման մոտեցում, նրա խոսքով, կիրառվում է բազմաթիվ պետություններում։

Միաժամանակ Ներսիսյանը նկատել է, որ թեև Անվտանգության խորհուրդն ամրագրված է գործող Սահմանադրությամբ, դրա գործառույթները գործնականում բավականին սահմանափակ են եղել, իսկ որոշ ժամանակահատվածներում կառույցը նույնիսկ ձևական բնույթ է կրել։ «Հիմնական գործառույթը, որը մենք տեսել ենք, տարբեր նիստերի անցկացումն էր, որոնց ընթացքում հավաքվում էին այդ ոլորտում որոշումներ կայացնող բոլոր անձինք։ Եղել են նաև մի քանի փաստաթուղթ մշակելու փորձեր, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն հրապարակվել»,- ասել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ինստիտուտի ստեղծման դեպքում նոր կառույցի գործառույթները, անգամ վատագույն սցենարի պարագայում, էապես չեն տարբերվի այն գործառույթներից, որոնք մինչ այժմ իրականացրել է Անվտանգության խորհուրդը։

Զինված ուժերի կիրառման հարցում խորհրդարանի լիազորությունները

Ներսիսյանը խնդիր չի տեսնում նաև այն կարգավորման մեջ, որով անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը կարող է զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնել առանց պաշտպանության նախարարի առաջարկության, իսկ Հայաստանի տարածքի պաշտպանության նպատակով զինված ուժերի կիրառման համար չի պահանջվում Ազգային ժողովի համաձայնությունը։

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս կարգավորումը վերաբերում է Հայաստանի տարածքի պաշտպանությանը, մինչդեռ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է լինելու Ազգային ժողովի համաձայնությունը։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորման նպատակն արագ արձագանք պահանջող իրավիճակներում որոշումների կայացման գործընթացը չձգձգելն է։

«Սա այնքան էլ մեծ փոփոխություն չէ։ Ավելի շուտ սահմանափակում է մտցվել, որովհետև նախկինում ևս անհրաժեշտ չէր Ազգային ժողովի նիստ գումարել՝ սահմանին պաշտպանական գործողություններ սկսելու համար։ Սակայն նախկինում Ազգային ժողովի թույլտվությունը չէր պահանջվում նաև Հայաստանի սահմաններից դուրս հայկական ռազմական ներկայություն ապահովելու համար, օրինակ՝ Կոսովոյում կամ որևէ այլ վայրում»,- պարզաբանել է Ներսիսյանը։

Ռազմական որոշումների համար հիմնական պատասխանատվությունը կրելու է վարչապետը

Անդրադառնալով ռազմական որոշումների կայացման արագությանն ու սխալ որոշումների համար պատասխանատվության հարցին՝ Ներսիսյանն ընդգծել է տարբեր մակարդակներում լիազորությունների և պատասխանատվության հստակ բաշխման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ առանձին պաշտպանական օբյեկտի վրա հարձակման կամ դիվերսիոն գործողության դեպքում տեղում գտնվող ստորաբաժանումները պետք է անհապաղ անցնեն պաշտպանության՝ չսպասելով վարչապետի, պաշտպանության նախարարի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշմանը։

Վարչապետի, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի մակարդակով, ըստ փորձագետի, պետք է կայացվեն ավելի լայն՝ օպերատիվ կամ ավելի բարձր մակարդակի որոշումներ։

Ընդ որում՝ լիազորությունների և պատասխանատվության բաշխումը կարող է իրականացվել ռազմական գործողությունների մեկնարկից դեռևս տարիներ առաջ՝ նախապես մշակված, համաձայնեցված և ստորագրված պաշտպանության պլանների միջոցով։

Նման պլանների առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի վրա հարձակման դեպքում համապատասխան ստորաբաժանումներին իրականացնել նախապես սահմանված գործողությունները՝ չսպասելով կառավարման բարձրագույն օղակներում նոր որոշումների կայացմանը։

Ինչ վերաբերում է ռազմական և ռազմավարական որոշումների համար բարձրագույն պատասխանատվությանը, ապա Ներսիսյանի գնահատմամբ՝ այն կրելու է վարչապետը։

«Եթե առաջին դեմքը վարչապետն է, ուրեմն ամենամեծ պատասխանատվությունն էլ նրա վրա է։ Դա չի նշանակում, որ մյուս մակարդակներում սխալ որոշումներ չեն կարող կայացվել, սակայն խոշոր, ռազմավարական որոշումների պատասխանատվությունը նրա վրա է»,- ընդգծել է ռազմական փորձագետը։

👉 Օրենսդրություն

Scroll to Top