Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Արդյո՞ք սա նշանակում է, որ սահմանը շուտով կբացվի, թե՞ Անկարայի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական ուղերձ է և որքանո՞վ է Բաքուն կարողանում ազդել Թուրքիայի որոշումների վրա։
Ըստ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հիմնական խոչընդոտը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիրներն են, և այդ խնդիրները գտնվում են հենց Անկարայում։
Հայ-թուրքական սահմանի փակման որոշումը կայացվել է Անկարայում
Քաղաքագետի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացման համար լուրջ տեխնիկական խնդիրներ նախկինում էլ չեն եղել, իսկ գործընթացի հիմնական խոչընդոտը Թուրքիայի քաղաքական դիրքորոշումն է։ Միքայելյանը համաձայն չէ այն տեսակետին, թե Անկարան չի բացում Հայաստանի հետ սահմանը՝ մտահոգվելով Բաքվի հնարավոր արձագանքից։ Նրա գնահատմամբ՝ իրականում Թուրքիան է մշտապես կառավարել Ադրբեջանի քաղաքականությունը։
«Ես հակված չեմ այն մտքին, որ Անկարան վախենում է Բաքվից և այդ պատճառով չի ընդունում որոշումը։ Իմ կարծիքով՝ հակառակն է։ Անկարան միշտ կառավարել է Բաքուն՝ սկսած 1991 թվականից, ավելի ճիշտ՝ 1992-ից։ Ուղղակի Բաքուն մեկ-մեկ սկսում է ատամներ ցույց տալ, որպեսզի Անկարան իր շահերը չմոռանա, բայց մեծ հաշվով հիմնական գործընթացի կառավարողը եղել է հենց Անկարան»,- նշել է քաղաքագետը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել հայ-թուրքական սահմանի փակման ժամանակագրության վրա՝ պնդելով, որ տարածված տեսակետին հակառակ՝ սահմանը ոչ թե 1993 թվականին է փակվել, այն դեռևս 1991 թվականից կանոնավոր ռեժիմով չի գործել։ Միքայելյանի խոսքով՝ եղել են առանձին դեպքեր, երբ սահմանով Հայաստան է տեղափոխվել մարդասիրական օգնություն, հիմնականում՝ Միացյալ Նահանգներից, սակայն սահմանը երբեք լիարժեք չի գործել։ «Թուրքիան միշտ փակ է պահել սահմանը, որպեսզի Հայաստանը շրջափակման մեջ պահի, և այդ քաղաքականությունը չի փոխվել»,- ընդգծել է նա։
Փուլային բանակցությունները մեծացնում են Թուրքիայի ազդեցության լծակները
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին՝ Միքայելյանը նշել է, որ այն ընթանում է փուլային տրամաբանությամբ։ Ըստ նրա՝ թեև կողմերն արդեն անցել են որոշ փուլեր, դա դեռ չի նշանակում, որ գործընթացն անպայման հաջող ավարտ կունենա։ Քաղաքագետի բացատրությամբ՝ փուլային բանակցությունների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ փուլում անհրաժեշտ է կրկին ընդունել քաղաքական և տեխնիկական որոշումներ։ Նման ձևաչափը, նրա գնահատմամբ, առավել ձեռնտու է ուժեղ կողմին, քանի որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր փուլում կրկին օգտագործել իր բանակցային առավելությունը։
«Ավելի ուժեղ կողմը միշտ հակված է փուլային տարբերակին, որպեսզի իր բանակցային լծակը նորից գործարկի ամեն փուլում։ Այսինքն՝ նա բազմապատկում է իր կարողությունը թույլ կողմի նկատմամբ»,- պարզաբանել է Միքայելյանը։ Նրա համոզմամբ՝ բանակցություններում ավելի թույլ դիրքեր ունեցող կողմը պետք է ձգտի բոլոր հարցերի շուրջ միաժամանակ՝ մեկ փաթեթով համաձայնության հասնել։ Այդ դեպքում ուժեղ կողմը չի կարողանա նույն բանակցային լծակները բազմիցս կիրառել տարբեր փուլերում։
Քաղաքագետի խոսքով՝ նախկինում հայկական կողմը հստակ արտահայտում էր նման մոտեցումը։ Այժմ, թեև ընդհանուր տրամաբանությունը պահպանվում է, սակայն գործնականում արդյունքի հասնել չի հաջողվում։ Միքայելյանը դա կապում է հայկական կողմի բանակցային լծակների անբավարար զարգացման հետ։ «Իմ կարծիքով՝ դա չի ստացվում, որովհետև մենք մեր բանակցային լծակը լավ չենք զարգացրել»,- նշել է նա։
TRIPP-ի գործարկումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական պահանջներից
Միքայելյանի գնահատմամբ՝ թեև հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիան արդեն անցել է որոշ փուլեր, սակայն դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանցից մեկն այն է, որ գործընթացի հետագա զարգացումը բավարարի նաև Ադրբեջանի շահերը։ Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար առանցքային նշանակություն ունի TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ֆիզիկական գործարկումը։
Նրա գնահատմամբ՝ Անկարան և Բաքուն ձգտում են ոչ միայն համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլև Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղիների փաստացի շահագործմանը։
«Ադրբեջանի գոհունակության համար գլխավոր հարցը, և ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի, TRIPP-ի բացումն է՝ ֆիզիկական բացումը։ Այսինքն՝ պետք է ֆիզիկապես սկսեն օգտագործել Հայաստանի տարածքը իրենց ապրանքափոխանակության համար, և ոչ միայն ապրանքափոխանակության համար, որպեսզի արդեն համարեն, որ այս փուլում Հայաստանի հետ կապված հարցերը լուծել են»,- հայտարարել է Միքայելյանը։

