Բաքվի նշանակությունը Անկարայի համար անգնահատելի է

Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի համար պայմանավորված է ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերություններով, այլև Անկարայի՝ գերտերություն դառնալու հավակնություններով։ Նման կարծիքի է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։ 

Նրա գնահատմամբ՝ Թուրքիան, հաշվի առնելով իր պատմական հավակնությունները և հատկապես ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական նպատակները, ձգտում է ամրապնդել իր դիրքերը փոփոխվող աշխարհակարգում։ Այդ ճանապարհին Ադրբեջանը Թուրքիայի համար անգնահատելի գործընկեր է։

Պետրոսյանը, որպես օրինակ, հիշեցրել է նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցը։ Նրա խոսքով՝ այդ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ ուղերձ հղեց՝ հայտարարելով, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան արդեն դարձել է գերտերություն։

«Դա փառամոլությունը շոյող այն արտահայտությունն էր, որը Էրդողանը երազում էր լսել՝ որ իր պետությունն իր կառավարման շրջանում վերածվել է գերտերության։ Բայց, իհարկե, Թուրքիան դեռ չի դարձել գերտերություն, այն ձգտում է դրան, իսկ այդ ճանապարհին Ադրբեջանը Թուրքիայի համար անգնահատելի գործընկեր է», — նշել է քաղաքագետը։

Ալիևի և Էրդողանի հավակնությունները տարբեր են

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ալիևի և Էրդողանի հավակնությունները տարբեր են։ Եթե Ադրբեջանի նախագահը ձգտում է իր երկիրը բարձրացնել Թուրքիայի ներկայիս մակարդակին, ապա Էրդողանի նպատակն է Թուրքիան բարձրացնել ավելի բարձր՝ առնվազն Ռուսաստանի կամ Ֆրանսիայի մակարդակի, իսկ հեռանկարում՝ հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակի։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրել նաև COP31-ի շրջանակում կայացած առաջնորդների գագաթնաժողովի լուսանկարին, որտեղ Էրդողանի կողքին կանգնած էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, իսկ նրա մյուս կողքին՝ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ սա պարզապես արարողակարգային դասավորություն չէր և պայմանավորված չէր միայն երկու երկրների միջև վերջին շրջանում առկա լարվածության հաղթահարմամբ։ Այդ հանգամանքը, ըստ Պետրոսյանի, ցույց է տալիս Ադրբեջանի և անձամբ Ալիևի նշանակությունը Թուրքիայի նախագահի համար։

«Թուրքիան դեպի գերտերություն գնալու ճանապարհին պետք է միաժամանակ մի քանի տարածաշրջաններում ունենա էական ազդեցություն։ Խոսքը նախևառաջ իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանների՝ Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մասին է։ Այս բոլոր ուղղություններով Ադրբեջանը շատ մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար», — ընդգծել է նա։

Հարավային Կովկասում Ադրբեջանը Թուրքիայի հենարանն է

Պետրոսյանի խոսքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանը Թուրքիայի հենարանն է։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ստեղծումը 1918 թվականին հետապնդում էր նաև Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ապահովման նպատակ։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատմականորեն տարածաշրջանը եղել է Իրանի, ապա Ռուսաստանի ռազմավարական շահերի և ներկայության գոտի, իսկ Թուրքիայի համար Ադրբեջանի գոյությունը հնարավորություն է ստեղծել այդ տարածաշրջանում սեփական ազդեցությունն ամրապնդելու համար։

Պետրոսյանի խոսքով՝ 1991 թվականից հետո, միայն 2020 թվականի պատերազմից հետո, այդ ներկայությունն ամրապնդվեց՝ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությամբ։ Պետրոսյանն ընդգծեց, որ շուրջ մեկ դար անց թուրք զինվորականները հնարավորություն ստացան պաշտոնապես ներկայություն ունենալ Հարավային Կովկասում։

Էներգետիկ ռեսուրսներ և Միջին միջանցք

Ադրբեջանի նշանակության մյուս կարևոր բաղադրիչը, ըստ քաղաքագետի, էներգետիկ ռեսուրսներն ու ցամաքային բեռնափոխադրումներն են։

Նա նշել է, որ Ադրբեջանի նավթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնում են Եվրոպա և Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ։ Այսպիսով՝ Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանի էներգետիկ ներուժը, կարողանում է ազդեցություն ունենալ նաև Արևելյան Եվրոպայում։

Մյուս կարևոր ուղղությունը Միջին միջանցքն է, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ։ Ադրբեջանի տարածքն այդ հաղորդակցային ուղու կարևոր հատվածներից է, իսկ երկիրը նաև Թուրքիային կապող կամուրջ է դեպի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետություններ։

Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանի էներգակիրներն արդեն օգտագործվում են նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական գազը Թուրքիայի միջոցով հասնում է Սիրիայի հյուսիս, իսկ ադրբեջանական նավթը թուրքական տարածքով արտահանվում է Իսրայել։

«Տեսեք՝ այս ամբողջ համակարգում որքան կարևոր է Ադրբեջանը Թուրքիայի համար։ Էրդողանի՝ Թուրքիան գերտերություն դարձնելու հավակնությունների համատեքստում Ադրբեջանի դերն ուղղակի անգնահատելի է», — ընդգծել է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ հենց այս ռազմավարական նպատակներով է պայմանավորված, որ Թուրքիան պատրաստ է աչք փակել երկկողմ հարաբերություններում ծագող տարաձայնությունների վրա և արագ կարգավորել խնդիրները՝ ընդհուպ մինչև Էրդողանի մակարդակով Ադրբեջան այցելելը։

«Անկախ նրանից, թե ինչպիսի կամակորություններ են դրսևորում այս կամ այն փուլում Իլհամ Ալիևը կամ ադրբեջանական իշխանությունները, Թուրքիան պատրաստ է աչք փակել այդ ամենի վրա, որովհետև կան շատ ավելի մեծ նպատակներ, որոնց իրագործմանը ձգտում է Անկարան, իսկ ժամանակը խիստ սահմանափակ է», — եզրափակել է Պետրոսյանը։


👉 Տարածաշրջան

Scroll to Top