Այս պահին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններն ու դրանց շուրջ քաղաքական պայքարն են, այլ Ռուսաստանի կողմից հունվարի 1-ից հնարավոր տնտեսական սահմանափակումների կիրառումը և դրանց հետևանքով առաջացող սոցիալ-տնտեսական ռիսկերը։ Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ մայիսի 30-ին Եվրասիական տնտեսական միության ղեկավարների խորհրդի ընդունած հռչակագրով Հայաստանին վեց ամիս ժամանակ էր տրվել՝ կողմնորոշվելու ԵԱՏՄ և ԵՄ միջև, ու անհրաժեշտության դեպքում հանրաքվե անցկացնելու համար։ Այդ ժամկետը լրանում է նոյեմբերի 30-ին։ Եթե կողմնորոշում չլինի, ապա դեկտեմբերի 11-ին ԵԱՏՄ ղեկավարները կարող են որոշում ընդունել Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ, ինչը, Բադալյանի գնահատմամբ, հունվարի 1-ից երկիրը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի։
Ռուսաստանի հնարավոր սահմանափակումները՝ Հայաստանի գլխավոր մարտահրավեր
Բադալյանի գնահատմամբ՝ հունվարի 1-ից Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր համապարփակ սահմանափակումների կիրառումը։ Նա առանձնացնում է դրանց երեք հիմնական ուղղությունները։
Առաջինը գազի գնի հնարավոր բարձրացումն է, որն անմիջական ազդեցություն կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Դրա հետևանքով կթանկանան Հայաստանում արտադրվող բոլոր տեսակի ապրանքները՝ սկսած նույնիսկ հացից։ Բադալյանը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև բակային փոքր հացատների վրա՝ նշելով, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի նաև դրանց արտադրանքի գների բարձրացմանը։
Երկրորդ խնդիրը Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների հոսքերի առնվազն 50 տոկոսով սահմանափակումն է։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ սա կարող է լուրջ շղթայական ազդեցություն ունենալ Հայաստանի սոցիալական վիճակի վրա։
Երրորդ ուղղությունը Ռուսաստանից աշխատանքային միգրանտների հնարավոր արտաքսումն է։ Բադալյանը հիշեցնում է, որ Ռուսաստանում հրապարակվել են տվյալներ այն երկրների վերաբերյալ, որոնք աշխատանքային միգրանտներ են ապահովում ռուսական տնտեսության համար։ Այդ ցանկում Հայաստանն զբաղեցնում է վեցերորդ տեղը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ Ուզբեկստանը Ռուսաստանին ապահովում է շուրջ 1,5 միլիոն աշխատանքային միգրանտով, իսկ Հայաստանից հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է մեկնել մոտ 110-111 հազար աշխատանքային միգրանտ։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե հունվարի 1-ից Հայաստանը դադարի լինել ԵԱՏՄ անդամ, ապա այդ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, ինչը լրացուցիչ ճնշում կստեղծի երկրի սոցիալ-տնտեսական համակարգի վրա։
Բադալյանը կարծում է, որ այս գործոնները, կարող են էականորեն փոխել Հայաստանում հնարավոր սահմանադրական հանրաքվեի արդյունքները։ Նրա խոսքով՝ հանրաքվեի անցկացումը ներկայիս պայմաններում և հնարավոր սոցիալական լարվածության պայմաններում կարող է բոլորովին այլ արդյունք ունենալ։ «Դրա համար այս պահի դրությամբ այդ հանրաքվեն այդքան կարևոր չէ», — եզրափակում է քաղտեխնոլոգը։
Մոսկվայի պահանջները և դեկտեմբերի 3-ի հանդիպման հնարավոր հետևանքները
Քաղտեխնոլոգի խոսքով՝ առաջիկա շաբաթների նախատեսված ռուսաստանյան այցերն շատ կարևոր են, քանի որ կարող են վճռորոշ լինել Հայաստանի համար։ Բադալյանի խոսքով՝ դեկտեմբերի 11-ին ԵԱՏՄ ղեկավարների կողմից Հայաստանի նկատմամբ ինչ որոշում կկայացվի, մեծապես կախված է լինելու դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման արդյունքներից։
Նա հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև նոյեմբերի 30-ը հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Սակայն, ինչպես նկատում է քաղտեխնոլոգը, մինչև սահմանված վերջնաժամկետը հանդիպումը տեղի չի ունենալու։ Փաստացի, մայիսին Հայաստանին տրված վեցամսյա ժամկետն ավարտվում է առանց նախատեսված հանդիպման, իսկ գործընթացը տեղափոխվում է դեկտեմբերի 3, նշեց նա։
Բադալյանի գնահատմամբ՝ հետաձգման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ռուսաստանը նախ ցանկանում էր պարզել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում նախատեսված քննարկումների արդյունքները։ Բացի այդ, ռուսական կողմի համար կարևոր նշանակություն ունի նաև Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումը, որի արդյունքում կարող են աշխարհաքաղաքական որոշակի նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այդ գործընթացներից հետո միայն կարող են հստակեցվել նաև Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա քայլերը։
Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվա մեկնելու մասին հայտարարել է անձամբ Հայաստանի վարչապետը, մինչդեռ ռուսական աղբյուրները, ըստ Բադալյանի, այդ այցի մասին տեղեկություն չեն տարածել։
Քաղտեխնոլոգը նշեց, որ Ռուսաստանը վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի նկատմամբ որդեգրել է համակարգված քաղաքականություն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ հստակ ընտրություն է դրել՝ կա՛մ Հայաստանը շարունակում է մնալ արևելյան բլոկի և ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ հրաժարվելով եվրոպական ինտեգրման ուղղությամբ մի շարք քայլերից, կա՛մ հունվարի 1-ից բախվում է ավելի խիստ սահմանափակումների։
Բադալյանը որպես ՌԴ պահանջներ նշում է Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացի վերաբերյալ օրենքից հրաժարվելը, Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված 44 կետանոց հռչակագրի չեղարկումը, ինչպես նաև երկաթուղու կառավարման կոնցեսիոն պայմանավորվածությունների վերանայումը։
«Ռուսական պահանջները հստակ են, հասկանալի և փոփոխման ենթակա չեն: Եթե Հայաստանի ղեկավարը չի գնում զիջման, ես կասեի ավելին՝ կապիտուլյացիայի, ապա Ռուսաստանը հունվարի 1-ից ավելի խիստ սահմանափակումներ է մտցնում», — ասում է Բադալյանը։

