ԱՄՆ-ն կարող է դիմել Իրանի միջուկային օբյեկտների դեմ սահմանափակ, բայց թիրախային հարվածների

Այս պահին թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը ավելի շատ հակված են փոխզիջման, և չի բացառվում, որ կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Այս մասին նշեց միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ չի բացառվում նաև ռազմական գործողությունների վերսկսման կամ նոր հարվածների հնարավորությունը, եթե բանակցությունները չհանգեցնեն քաղաքական համաձայնության։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում շարունակվող անորոշությունը լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսական գործընթացների համար, իսկ հակամարտության երկարատև պահպանումը ոչ պատերազմի, ոչ խաղաղության պայմաններում չի կարող անվերջ շարունակվել։

Հորմուզի նեղուցի բացումը՝ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում

Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում կողմերն ավելի հակված են փոխզիջման, սակայն դա դեռ չի նշանակում, որ հնարավոր է հակամարտության վերջնական լուծում։ «Ես չեմ կարծում, որ կոնֆլիկտը կարող է և հնարավոր է այս պահին եղած պայմաններով վերջնականապես լուծել, բայց որոշ խնդիրների շուրջ պայմանավորվածությունները, իհարկե, չի կարելի բացառել։

Նույն Հորմուզի նեղուցի բացման հետ կապված, կարծում եմ, հնարավորություն կա։ Տարբերակներ են քննարկվում, օրինակ՝ իրանական ակտիվների որոշակի հատվածի ապասառեցումը՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց»,– նշել է միջազգայնագետը։

Ռազմական գործողությունների վերսկսումը նույնպես չի բացառվում

Պետրոսյանը, սակայն, ընդգծել է, որ դիվանագիտական ճանապարհով որոշակի հարցերի լուծման հնարավորության կողքին շարունակում է գոյություն ունենալ նաև ռազմական սցենարը։ Նրա խոսքով՝ եթե կողմերը չկարողանան վերջնական պայմանավորվածության գալ, ներկայիս անորոշ վիճակը երկար պահպանել հնարավոր չի լինի։ 

«Չի կարելի բացառել նաև որևէ ռազմական գործողություն, որովհետև այդ սցենարն էլ արդեն տևական ժամանակ է քննարկվում։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը երկար ձգել հնարավոր չէ։ Ամերիկյան ներկայությունը դեռ շարունակում է մնալ տարածաշրջանում, իսկ դա էական ծախսեր է ենթադրում թե՛ Միացյալ Նահանգների տնտեսության, թե՛ Իրանի համար։

Այս կոնֆլիկտային միջավայրում նրանք անընդհատ իրենց ռեսուրսները ծախսում են՝ ակնկալելով Միացյալ Նահանգներից անկանխատեսելի գործողություններ։ Ավելի լայն իմաստով՝ տարածաշրջանի համար այս անորոշությունը շատ մեծ խնդիրներ է առաջացնում տնտեսական գործընթացների առումով»,– ասել է նա։

Իրանը կարողացել է ազդել ԱՄՆ-ի և Իսրայելի ներքաղաքական գործընթացների վրա

Միջազգայնագետի գնահատմամբ՝ Իրանը հակամարտության ընթացքում կարողացել է մարտավարական միջոցներ գտնել՝ ազդեցություն ունենալու ոչ միայն տարածաշրջանային, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի ներքաղաքական գործընթացների վրա։

«Ի վերջո, չմոռանանք, որ Իրանը Միացյալ Նահանգների միջանկյալ ընտրությունների պայմաններում կարողացավ հաղթել։ Իրենք գտել են մարտավարական միջոցներ՝ ազդելու նաև Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացի վրա։ Չմոռանանք, որ Իսրայելում ևս որոշակի առումով Իրանի հետ հակամարտությունն ազդեց ընտրությունների վրա»,– նշել է Պետրոսյանը։

Առանց Իսրայելի դիրքորոշման հնարավոր չէ վերջնական համաձայնության հասնել

Պետրոսյանի խոսքով՝ տարածաշրջանում պահպանվող անորոշությունը թույլ չի տալիս ակնկալել, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ ապագայում կկարողանան վերջնական համաձայնության գալ։ Նա ընդգծել է նաև Իսրայելի գործոնը՝ նշելով, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է որոշակի առումով ընդունելի լինի նաև այդ երկրի համար։

«Տեսեք, այստեղ գլոբալ ամենակարևոր խնդիրն այն է, որ տարածաշրջանում անորոշությունը շարունակվում է։ Այդ անորոշության պայմաններում չեմ կարծում, որ հնարավոր կլինի Միացյալ Նահանգների և Իրանի միջև վերջնական համաձայնության հասնել։

Այդ համաձայնությունը վստահաբար պետք է որոշակի առումով ընդունելի լինի նաև Իսրայելի համար։ Իսկ քանի դեռ Իսրայելում անորոշություն կա, չեմ կարծում, որ նրանք կարողանան միասնական դիրքորոշում հայտնել։ Առանց Իսրայելի վերջնական դիրքորոշման այս խնդիրը չի կարող վերջնական լուծում ունենալ»,– ասել է նա։

ԱՄՆ-ն կարող է սահմանափակ ռազմական գործողություններով փորձել ավարտել հակամարտությունը

Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ Պետրոսյանը նշել է, որ եթե քաղաքական մակարդակում պայմանավորվածություն ձեռք չբերվի, Միացյալ Նահանգները պետք է ինչ-որ կերպ ավարտի ստեղծված իրավիճակը և հեռանա տարածաշրջանից։ Այդ դեպքում Վաշինգտոնը կարող է շարունակել կիրառել նախկին գործիքակազմը՝ տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, կամ դիմել ռազմական գործողությունների։

«Ես ինչու եմ նշում, որ երկու տարբերակն էլ հնարավոր է։ Տեսեք, այնուամենայնիվ, եթե համաձայնության չեն գալիս, քաղաքական մակարդակում պայմանավորվածության չեն հասնում, ինչ-որ կերպ Միացյալ Նահանգները պետք է այս իրավիճակին վերջ տա և հեռանա տարածաշրջանից՝ շարունակելով կիրառել նախկին գործիքակազմը, այսինքն՝ տնտեսական և քաղաքական պատժամիջոցները։

Իսկ այս պարագայում ինչպիսի՞ հնարավորություններ կան։ Կարող են լինել ինչ-որ սահմանափակ ռազմագործողություններ, բայց շատ ավելի մեծ մասշտաբով գործողություններ, այսինքն՝ հստակ թիրախային ռազմագործողություններ, օրինակ՝ Իրանի միջուկային օբյեկտների կամ կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ։

Դրանով Միացյալ Նահանգները կարող է ցույց տալ, որ, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներ լուծել է։ Օրինակ՝ Իրանը հնարավորություն չունի միջուկային զենք ձեռք բերելու, և Միացյալ Նահանգները հեռանում է։

Այս տարբերակն էլ կա, բայց, ինչպես արդեն նշեցի, կա նաև մասնակի լուծումների տարբերակը։ Առաջիկա բանակցությունները, երևի թե, ցույց կտան, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները»,– նշել է միջազգայնագետը։

Իրանի և Ուկրաինայի հակամարտությունների ընթացքը փոխկապակցված է

Պետրոսյանը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-Իրան հակամարտության և ռուս-ուկրաինական պատերազմի միջև առկա հնարավոր կապի վրա։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում հրադադարի կամ միջանկյալ պայմանավորվածության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնը կրկին կենտրոնանա Իրանի ուղղությամբ ստեղծված իրավիճակի վրա։

«Մեկ այլ զուգահեռ էլ կա․ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի հետ որոշակի առումով կախվածություն կամ կապ կա ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքի և դրա կարգավորման գործընթացի միջև։

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գոնե միջանկյալ պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն չի լինում, իսկ մեծ հավանականությամբ հրադադարի մասին համաձայնությունն այս պահին կանխատեսելի չէ, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները կթողնի այդ հակամարտությունը և կվերադառնա Իրանի խնդիրներին։

Որովհետև, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ Թրամփին անհրաժեշտ է գոնե չափելի հաջողություն։ Իսկ այս պարագայում կոնկրետ անելիք ունի հենց Միացյալ Նահանգները։

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում իրենք ընդամենը միջնորդություն են իրականացնում, և կարևոր են կողմերի դիրքորոշումները, ապա Իրանի և Միացյալ Նահանգների հակամարտության դեպքում անելիքը հենց Միացյալ Նահանգներինն է։ Կարծում եմ՝ այստեղ կարող են որոշակի քայլեր ձեռնարկվել, և գուցե նույնիսկ սկզբունքային որոշում կայացվի»,– եզրափակել է Պետրոսյանը։


👉 Տարածաշրջան

Scroll to Top