Հիմա արդեն իսկ վտանգավոր է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում

Ռուսաստանին ձեռնտու է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության պահպանումը, քանի որ Հարավային Կովկասում իր ռազմավարական դիրքերը կորցնելը Մոսկվայի շահերից չի բխում։ Այս մասին նշում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

Ռուսաստանի առաջարկով Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը էական բան չփոխեց։  Միջազգայնագետի համոզմամբ՝ Հայաստանը, ըստ էության, չի օգտվում այդ կառույցում իր իրավունքից՝  կառույցում ներկայացուցիչներ չունի, իր քաղաքացիներին չի առաջադրում որևէ պաշտոնի համար և նման նկրտումներ կամ ցանկություններ չունի։ 

«Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանին ձեռնտու է և պետք է, որպեսզի Հայաստանը մնա այդ կառույցում։ Կարող եմ բազմաթիվ պատճառներ թվարկել, ռազմավարական տեսանկյունից, Հարավային Կովկասում իր ամբողջ աշխարհաքաղաքական կառուցակարգն ու կոնյունկտուրան դիտարկելիս՝ ազգային և պետական շահերի տեսանկյունից, Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր դիրքերը։

Որքան էլ միջպետական հարաբերություններում հիմա որոշակի խզում կա, նրանք դիտարկում են, որ հատկապես Ուկրաինայի հետ պատերազմի կուլմինացիայից հետո, որը, կարծես, մոտալուտ ժամանակահատվածում է լինելու, վերադառնալու են Հարավային Կովկաս։ Հետևաբար նրանց պետք է այստեղ իրենց համար հարավային դարպասը։ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր դիրքերը»,– նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Լավրովի հայտարարությունը առ այն, որ Մոսկվան չի գնա ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնելու ճանապարհով,  կարելի է ընկալել նաև որպես ազդակ, որ բանակցությունների համար դեռ տեղ կա։ Այդ պատճառով էլ այս պահին քաղաքական ճնշում է գործադրվում՝ այնպիսի տպավորություն ստեղծելու համար, թե Հայաստանը կարող է ինքնուրույն դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Կարապետյանը մատնանշեց, որ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածով երկիրը կարող է կամավոր սկզբունքով՝ սեփական դիմումի հիման վրա, կառույցին անդամակցությունը դադարեցնելու դիմում ներկայացնել գագաթնաժողովին։ Սակայն Հայաստանը նման քայլ չի անում՝ հարցը տեղափոխելով մյուս անդամ երկրների դաշտ։ 

Անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն է ավելի շատ անհրաժեշտ Հայաստանին, թե Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին, Կարապետյանը նշեց, որ այս հարցին պաթետիկ ձևակերպումներով պատասխանելու փոխարեն անհրաժեշտ է քննարկել մեկ այլ՝ ավելի կոնկրետ հարց. արդյոք ՀԱՊԿ-ն ավելի վտանգավո՞ր է Հայաստանի համար անդամակցության պայմաններում, թե՞ անդամակցությունը դադարեցնելու դեպքում։ «Ես կասեմ, որ երկուստեք վտանգավոր է։ Հենց հիմա արդեն իսկ վտանգավոր է, որ շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ում»,– ընդգծեց միջազգայնագետը։

Նա չբացառեց մի քանի հնարավոր զարգացում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է, ի վերջո, սեփական դիմումով դուրս գալ կառույցից, սակայն մինչ այժմ այդ կամքն արտահայտված չէ։ 2024 թվականի փետրվարից Հայաստանը նախընտրել է սառեցման ռեժիմը, որը, Կարապետյանի գնահատմամբ, ո՛չ քաղաքական կատեգորիա է, ո՛չ էլ իրավահարաբերություններում նախատեսված կարգավիճակ։ Այնուամենայնիվ, իշխանությունները հղում են անում այդ մոտեցմանը՝ առանց անդամակցությունը դադարեցնելու վերջնական քայլին դիմելու։

Կարապետյանի կարծիքով՝ հարցը վաղուց արդեն միայն իրավական կամ քաղաքական հարթության վրա չէ, այլ նաև բարոյական հարթություն է տեղափոխվում, քանի որ հանրային պահանջ է ձևավորվում։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին՝ միջազգայնագետը նշեց, որ կառույցը հնարավորություն է տվել պարզելու՝ արդյոք այն, որպես ռազմական դաշինք, կենսունակ է Հայաստանի համար և արդյոք պատրաստ է կատարել իր պարտավորությունները երկրի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության հարցում։

«Փաստը ցույց տվեց, որ ոչ։ Որքան էլ ժամանակին բումերանգային մեղադրանքներ էին հնչում, թե դիմումը սխալ է եղել, տեխնիկական վրիպակներ են եղել և այլն, հասկանալի է, որ դրանք ընդամենը պատճառաբանություններ էին՝ սեթևեթող պատճառաբանություններ»,– ասաց նա։ Կարապետյանը ուշադրություն հրավիրեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների վրա՝ նշելով, որ դրանցից մի քանիսը որևէ պարագայում չեն գնա Ադրբեջանի հետ ուղիղ բախման։

«ՀԱՊԿ-ում անդամ են այնպիսի երկրներ, որոնք որևիցե կերպ ուղիղ բախման մեջ չեն մտնի Ադրբեջանի հետ։ Բելառուսի նախագահը բոլորի փոխարեն շատ անկեղծ ասել է՝ եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի հետ որևէ կոնֆրոնտացիա բացառված է։

Այդ անդամ երկրներից են նաև միջինասիական թուրքական պետությունները։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն ավելի մտերիմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, և նրանցից յուրաքանչյուրն Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների մեջ է»,– նշեց միջազգայնագետը։

Կարապետյանի խոսքով՝ այս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Նա կարծում է, որ այժմ հիմնական հարցն այն է, թե երբ Հայաստանը կկայացնի կառույցից դուրս գալու որոշումը։ «Կարծում եմ՝ ամենաողջունելի քայլը կլինի սեփական դիմումի համաձայն ՀԱՊԿ-ից դուրս գալը»,– եզրափակեց Կարապետյանը։

👉 Քաղաքականություն

Scroll to Top