ՄԱԿ-ի դերը կթուլանա. Աշխարհի ապագան երեք գերտերությունների ձեռքում

Աշխարհում սկսվել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, որը փոխարինելու է 1945 թվականին՝ Յալթայի և Պոտսդամի համաձայնությունների հիման վրա ձևավորված աշխարհակարգը։ Այս մասին նշել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը միջազգային հարաբերությունների վերաձևավորման գործընթացում և ազդեցության գոտիների հնարավոր բաժանման հեռանկարները։ 

ՄԱԿ-ի դերի թուլացում և երեք գերտերությունների գերակայություն


«Իմ ընկալմամբ՝ աշխարհում տեղի է ունենում հետևյալը․ սկսվել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց։ Նոր աշխարհակարգ ասելով՝ ես հասկանում եմ այն աշխարհակարգը, որը գալիս է փոխարինելու 1945 թվականին՝ Յալթայի և Պոտսդամի համաձայնությունների հիման վրա ձևավորված աշխարհակարգին։

Այս նոր աշխարհակարգն, իմ կարծիքով, արդեն ցույց է տալիս իր հիմնական առանձնահատկությունները, որոնցից ամենակարևորը կլինի ՄԱԿ-ի գործոնի թուլացումը՝ որպես միջազգային հարաբերությունները համակարգող կառույցի։

Երկրորդը՝ կսկսվի երկու կամ երեք պետությունների՝ հզոր գերտերությունների գերակայության փուլը։ Այս նոր աշխարհակարգում այդ պետություններն առաջին հերթին, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են, որոնք միասին տիրապետում են աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի 83 տոկոսին։ Նրանց հետ այդ գործընթացին որոշակիորեն մասնակցում է և կմասնակցի նաև Չինաստանը, որը ռազմական առումով, իհարկե, զիջում է այդ երկու գերտերություններին, բայց իր էությամբ գերտերություն է տնտեսական և առևտրային բնագավառներում։

Այս նոր աշխարհակարգը, որի առաջին նշանները մենք արդեն տեսնում ենք, հիմնված կլինի ուժի վրա։ Այսինքն՝ ոչ թե ՄԱԿ-ի կազմակերպության, որը վերջին տասնամյակներում կարգավորում էր աշխարհում հարաբերությունները, այլ կոնկրետ ուժի հիման վրա։ Այդ երեք պետությունները՝ գերտերությունները, տիրապետում են մեծ ուժի, և այդ ուժն է լինելու միջազգային հարաբերությունները կարգավորողը», — նշել է նա։

Գերտերությունները ոչ միայն կցուցադրեն, այլև կկիրառեն իրենց ուժը

Սաֆրաստյանի խոսքով՝ նոր աշխարհակարգում գերտերությունների ուժը չի մնա զուտ ցուցադրության մակարդակում, այլ անմիջականորեն կկիրառվի միջազգային հարաբերություններում։ Որպես դրա օրինակ նա մատնանշեց ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։

«Այստեղ, իմ կարծիքով, պետք է ավելի խորքային եզրակացություն անենք։ Իմ կարծիքով՝ այդ ուժը ոչ միայն պոտենցիալ կլինի, այլև կմտնի գործադրման մեջ, որպեսզի ավելի գործուն լինի։

Մենք դա տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված ճգնաժամում։ Տեսնում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ճգնաժամում։ Այսինքն՝ այդ երկու հզոր գերտերությունները կիրառեցին ուժը։ Թե ինչու և ինչպես՝ դա արդեն այլ խնդիր է։

Ես սպասում եմ, որ մոտակա տարիներին Չինաստանն էլ ուժ կկիրառի իրեն առնչվող խնդրում։ Եվ այսպիսով՝ այդ երեք պետությունները ցույց կտան իրենց ուժը»։

Ուժի կիրառումից հետո կձևավորվի գերտերությունների փոխհամաձայնություն

Թուրքագետի գնահատմամբ՝ ուժի կիրառումը նոր աշխարհակարգի ձևավորման միայն առաջին փուլն է լինելու։ Դրան հաջորդելու է երեք գերտերությունների միջև փոխհամաձայնությունը, որի միջոցով էլ կկառավարվեն միջազգային հարաբերությունները։

«Ուժ կիրառելը, այսպես ասած, առաջին փուլն է, բայց դրան, իմ կարծիքով, կհետևի և դրա հետ համակցված կլինի ավելի շուտ փոխհամաձայնությունը՝ այդ երեք գերտերությունների միջև։

Այդ փոխհամաձայնության միջոցով կկառավարվեն միջազգային հարաբերությունները։ Այսինքն՝ այդ երեքը որոշակի պատասխանատվություն կստանձնեն աշխարհում անվտանգությունը պահպանելու համար։ Սա երկրորդն է»։

Ազդեցության գոտիների փոխարեն՝ ոլորտների բաժանում

Անդրադառնալով ազդեցության գոտիների բաժանման հարցին՝ Սաֆրաստյանը նշեց, որ չի կարծում, թե նոր աշխարհակարգում կձևավորվեն դասական իմաստով ազդեցության տարածքային գոտիներ։ Նրա համոզմամբ՝ խոսքը լինելու է ոչ թե աշխարհագրական տարածքների, այլ տարբեր ոլորտների բաժանման մասին՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները, արհեստական բանականության թռիչքային զարգացումը և հաղորդակցությունների աճող նշանակությունը։

«Ես չեմ կարծում, որ ազդեցության գոտիները կլինեն դասական ազդեցության գոտիներ։ Ավելի շուտ, հիմա մենք տեսնում ենք, թե աշխարհում ինչ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված արհեստական բանականության թռիչքային զարգացման, հաղորդակցությունների մեծ նշանակության և այլնի հետ։

Դա կլինի ոչ թե տարածքային բաժանում, այլ որոշակի ոլորտների բաժանում։

Օրինակ՝ ակնհայտ է, որ արհեստական բանականության ոլորտում Ռուսաստանը չի կարող մասնակցել այդ բաժանմանը։ Այնտեղ կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։

Ռազմական ոլորտում, իմ կարծիքով, բաժանումը կլինի Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Այսպիսով՝ այդ բաժանումն ավելի շատ վիրտուալ կլինի, ոչ թե տեսանելի տարածքային բաժանում»։

Երեք գերտերությունների պատասխանատվությունը՝ աշխարհի անվտանգության համար

Սաֆրաստյանի համոզմամբ՝ ոլորտների բաժանումը երեք գերտերությունների համար նաև պատասխանատվություն է ենթադրելու։ Նա ընդգծեց, որ կուտակված ուժն այնպիսի չափերի է հասել, որ դրա անկառավարելի կիրառումը կարող է հանգեցնել ամբողջ մոլորակի ոչնչացմանը։ Հետևաբար, աշխարհի անվտանգության համար պատասխանատվությունը պետք է կրեն այդ երեք պետությունները։

«Երրորդը, կարծում եմ, կարևոր է, որ այդ ոլորտների բաժանումը երեք տերությունների մոտ պատասխանատվություն կստեղծի, որպեսզի նրանք պատասխանատվություն ստանձնեն աշխարհի համար, որովհետև այն ուժը, որ հիմա կուտակվել է, կարող է ոչնչացնել Երկիր մոլորակը։

Եվ այդ պատասխանատվությունը կլինի երեքի՝ այդ երեք պետությունների, երեք գերտերությունների վրա»։

Սառը պատերազմը վերջնականապես դուրս կգա միջազգային հարաբերություններից

Թուրքագետի տեսլականով՝ նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ միջազգային հարաբերություններից վերջնականապես դուրս կգա նաև սառը պատերազմին բնորոշ համակարգը։ Նրա խոսքով՝ սառը պատերազմն ուներ գաղափարական հիմք՝ կապիտալիզմի և սոցիալիզմի, Արևելքի և Արևմուտքի հակադրությունը, որը նոր աշխարհակարգում կվերանա։

«Իմ կարծիքով՝ մենք արդեն ականատես ենք լինում, և առաջիկայում ավելի հստակ ականատես կլինենք, որ սառը պատերազմն իր առանձնահատկություններով վերջնականապես դուրս կգա միջազգային հարաբերություններից։

Այսինքն՝ սառը պատերազմը գաղափարական հենք ուներ՝ կապիտալիզմ, սոցիալիզմ, Արևելք, Արևմուտք։ Իմ կարծիքով՝ դա կվերանա, և կլինի նոր աշխարհ, նոր աշխարհակարգ։ Սա իմ տեսլականն է»,– եզրափակեց Սաֆրաստյանը։

👉 Քաղաքականություն

Scroll to Top