Քաղաքական գործերով կալանքը ՀՀ-ում կանոն է, ոչ թե բացառիկ միջոց

Քաղաքական բաղադրիչ ունեցող քրեական գործերով կալանքը Հայաստանում կիրառվում է որպես օրինաչափություն, այլ ոչ թե բացառիկ խափանման միջոց, ինչը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին։ Այս մասին նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ քաղաքական գործերով ներկայացվող կալանքի միջնորդությունների որպես կանոն բավարարվում է դատարանների կողմից։ Մինչդեռ, ըստ նրա, կալանքը պետք է կիրառվի միայն որպես բացառիկ միջոց՝ ultima ratio սկզբունքով։ Կանոնը պետք է լինի անձի ազատությունը, իսկ սահմանափակումը՝ բացառություն։ Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է, որ նույնիսկ ծանր մեղադրանքներով ոչ քաղաքական գործերով դատարանները հաճախ կիրառում են կալանքից տարբերվող խափանման միջոցներ, մինչդեռ քաղաքական գործերով, այդ թվում՝ միջին ծանրության մեղադրանքներով, անձանց նկատմամբ կալանք է կիրառվում նույնիսկ այն դեպքում, երբ վարույթին խոչընդոտելու, թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը գրեթե զրոյական են։ Փաստաբանը սա համարել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի պահանջների խախտում։

Կալանավայրերում բժշկական օգնության խնդիրները

Դրանից բացի, կալանավայրերում կալանավորների և դատապարտյալների բժշկական սպասարկումը համակարգում անմխիթար վիճակում է։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հետազոտություն անցկացնելու համար նույնիսկ սուր անհրաժեշտության դեպքում շատ դեպքերում կարիք է լինում երկարատև պայքար մղել համապատասխան թույլտվությունը ստանալու նպատակով։

Փաստաբանի գնահատմամբ՝ Քրեակատարողական բժշկության կենտրոնի հետ այդ գործընթացը չափազանց բյուրոկրատական է և մարդակենտրոն չէ։ Արդյունքում կալանավայրում հայտնված անձանց առողջությունն ու կյանքը բավարար հոգածության ներքո չեն գտնվում։

Որպես օրինակ՝ նա հիշատակեց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով կալանավորված Աղվան Արշակյանի դեպքը։ Վերջինս գլխուղեղի ուռուցքի վիրահատություն էր տարել, ուներ շարժողական խնդիրներ, ռեցիդիվի հավանականությունը պահպանվում էր։

Հարությունյանի խոսքով՝ դատարանը, բավարարելով Արշակյանին կալանավորելու միջնորդությունը, միաժամանակ պարտավորեցրել էր նախաքննական մարմնին անհապաղ փորձաքննություն նշանակել՝ պարզելու հիվանդության և կալանքի պայմանների համատեղելիությունը։

Սակայն, ինչպես նշել է փաստաբանը, կալանքի կիրառումից հետո նախաքննական մարմինը փորձաքննությունը նշանակելու ուղղությամբ որևէ քայլ չէր ձեռնարկել։ Միայն ավելի քան մեկ ամիս անց, կրկին դատարան դիմելու արդյունքում, հնարավոր է եղել Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի, քանի որ նրա առողջական վիճակն արդեն խիստ բարդացել էր։

«Այս համակարգը հումանիստական համակարգ չէ։ Երբ խոսքը վերաբերում է քաղաքական բաղադրիչ կամ քաղաքական շարժառիթներ ունեցող քրեական գործերին, մեր արդարադատական համակարգը խիստ մարդատյաց է և չի կանգնում ոչնչի առաջ»,– ասել է Հարությունյանը։

Նուբարաշենի բանտի պայմաններն ու կալանավորվածների առողջությունը

Փաստաբանը հիշեցրել է նաև կալանքի տակ գտնվող անձանց մահվան դեպքերը։ Հարությունյանն ընդգծել է, որ մահվան և ինքնասպանության դեպքերը ևս վկայում են քրեակատարողական համակարգում առկա լուրջ խնդիրների մասին։

Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պայմանների վրա՝ նշելով, որ այնտեղ պահվող անձինք ստիպված են ապրել անմխիթար պայմաններում։ Փաստաբանը հակադրել է այդ իրավիճակը պետության կողմից միջազգային միջոցառումների կազմակերպման և այլ ծրագրերի վրա կատարվող մեծ ծախսերին։

Որպես օրինակ՝ նա հիշատակել է COP17 համաժողովը՝ նշելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային միջոցառման կազմակերպման համար զգալի միջոցներ են ծախսվում, մինչդեռ երկրի քրեակատարողական հիմնարկներից մեկում մարդիկ շարունակում են պահվել, իր բնորոշմամբ, նախնադարյան պայմաններում։

«Մի կողմից թիթեռնիկներն են, մյուս կողմից՝ կենդանի մարդիկ, ովքեր պահվում են Նուբարաշենի բանտում, որտեղ պայմաններն իսկապես անտանելի են։ Այնտեղ առողջ մարդը, եթե մտնի, մեծ է հավանականությունը, որ հիվանդ կամ քրոնիկ հիվանդություններով դուրս կգա»,– նշել է փաստաբանը։

Հարությունյանի խոսքով՝ լուրջ խնդիր է նաև այն, որ կալանքից ազատված անձանց առողջական վիճակի և կալանքի ընթացքում ձեռք բերած հիվանդությունների վերաբերյալ հետագայում բավարար ուշադրություն չի դարձվում։

Նա ընդգծել է, որ պետությունը պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն անձի ազատության սահմանափակման, այլև նրա առողջության, արժանապատվության և անմեղության կանխավարկածի պաշտպանության համար։ Սակայն, փաստաբանի գնահատմամբ, հատկապես քաղաքական շարժառիթներ ունեցող և գործող իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներին վերաբերող քրեական գործերով այդ երաշխիքները պատշաճ կերպով չեն ապահովվում։


👉 Օրենսդրություն

Scroll to Top