Կալանքի կիրառման օրենսդրական չափանիշները անհրաժեշտ է խստացնել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածներ կարիք ունեն փոփոխության՝  կալանքի կիրառման հիմքերն հստակեցնելու ու  դրա նկատմամբ դատական վերահսկողությունը խստացնելու նպատակով։ Նման կարծիքի է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյան

Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումները բավարար չափով որոշակիություն  չեն պարունակում, ինչի հետևանքով կալանքը, որը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, Հայաստանում կիրառվում է անհամաչափ և հաճախ՝ առանց պատշաճ հիմնավորումների։

Չալաբյանի ներկայացրած տվյալներով՝ այս պահին Հայաստանում ազատազրկված անձանց 48 տոկոսը կալանավորված է, ընդ որում՝ վերջին երեք ամսում նրանց թիվն ավելացել է ավելի քան 100-ով։ Նա ընդգծել է, որ փաստացի ազատազրկվածների գրեթե կեսը դեռ դատապարտված չէ։

Համեմատության համար՝ եվրոպական միջինը 25 տոկոս է, Ռուսաստանում՝ 30 տոկոս, Վրաստանում և Ադրբեջանում՝ 22-ական տոկոս, Թուրքիայում՝ 17 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ ընդամենը 7 տոկոս։

Կալանքի կիրառման չափանիշները հստակեցնելու անհրաժեշտություն

Չալաբյանի խոսքով՝ խնդրի առանցքային պատճառներից մեկը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի անկատարությունն է։ Թեև այն սահմանում է, որ կալանքը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ, երբ այլընտրանքային խափանման միջոցներն անբավարար են, իսկ դրա իրավաչափության պայմանները պետք է հիմնավորվեն քննիչի կամ դատախազի կողմից և պատճառաբանված հաստատվեն դատարանի կողմից, գործնականում այդ պահանջները չեն ապահովում կալանքի համաչափ կիրառումը։

Նրա գնահատմամբ՝ օրենսդրությունը հստակ չափանիշներ չի սահմանում, որոնցով դատարանը պետք է գնահատի մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը։ Արդյունքում կալանքի որոշումներում հաճախ պարզապես արձանագրվում է, որ առկա են դրա կիրառման հիմքերը՝ առանց ներկայացնելու կոնկրետ փաստական հանգամանքներ, դրանց վերաբերելիությունը տվյալ անձին և գործին։

Մյուս խնդիրը, ըստ Չալաբյանի, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհրաժեշտության գնահատման չափանիշների բացակայությունն է։ Օրենսգրքով նախատեսված են կալանքից ավելի մեղմ մի շարք միջոցներ, սակայն սահմանված չէ, թե ինչ հիմքերով և ինչ հերթականությամբ պետք է դատարանը բացառի դրանց կիրառման հնարավորությունը՝ նախքան կալանքի որոշում կայացնելը։ «Խափանման այլ միջոցները չեն կարող ապահովել պատշաճ վարքագիծը» ձևակերպումը, նրա խոսքով, հաճախ հայտնվում է դատական որոշումներում՝ առանց որևէ բացատրության, թե ինչու չեն կարող ապահովել։

Չալաբյանը նաև առաջարկում է սահմանել համաչափության ավելի հստակ չափանիշներ՝ հաշվի առնելով մեղսագրվող արարքի ծանրությունը։ Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում գործող կարգավորումները թույլ են տալիս կալանք կիրառել, մինչդեռ բազմաթիվ երկրներում նման դեպքերում նախապատվությունը տրվում է ավելի մեղմ խափանման միջոցներին, իսկ կալանքը բացառվում է։

Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի համար՝ հատուկ ընթացակարգ

Չալաբյանի առաջարկներից մեկն էլ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի քննության և կալանքի կիրառման համար հատուկ ընթացակարգի անհրաժեշտությունն է։

Նա նշել է, որ Քրեական օրենսգրքում կան պետության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հոդվածներ, որոնք իրենց բնույթով կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Հետևաբար, նրա կարծիքով, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ երաշխիքներ, որոնք կկանխեն կալանքի կիրառումը որպես քաղաքական ճնշման միջոց։

Չալաբյանը գործող կարգավորումների խնդիրը դիտարկում է նաև Սահմանադրության տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի անորոշությունը կարող է հակասել Սահմանադրության 70-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին։

Առաջարկ՝ դիմել Սահմանադրական դատարան և նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ

Չալաբյանը կոչ է արել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին օգտվել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից՝ վիճարկելու Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 70-րդ և 78-րդ հոդվածներին։

Միաժամանակ նա առաջարկել է խորհրդարանական ընդդիմությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ վերանայելու 118-րդ հոդվածը։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել կալանքի կիրառման չափանիշները, սահմանել այլընտրանքային խափանման միջոցների բացառման հիմնավորման պարտադիր պահանջներ և խստացնել կալանքի կիրառման նկատմամբ դատական վերահսկողությունը։

Չալաբյանի համոզմամբ՝ այս քայլերը հնարավոր է իրականացնել առանց իշխանափոխությանը սպասելու։ Նա ընդգծել է, որ խորհրդարանական լսումների արդյունքներով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը պետք է արձանագրվի որպես հետագա կարևոր գործողություններից մեկը։


👉 Օրենսդրություն

Scroll to Top