Իրանի դիրքորոշումը TRIPP նախագծի վերաբերյալ պետք է դիտարկել՝ հաշվի առնելով երկրի ներսում առկա տարբեր քաղաքական մոտեցումները և ազդեցիկ շրջանակների տարաձայնությունները։ Թեև պաշտոնական Թեհրանը Հայաստանի հետ հարաբերություններում ընդգծում է փոխվստահությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը, իրանական որոշ ազդեցիկ գործիչների հայտարարություններն արտահայտում են նախագծի վերաբերյալ առկա մտահոգությունները։ Այս մասին նշեց արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանը։
Վերջին շրջանում Հայաստանի և Իրանի միջև բարձրաստիճան պաշտոնյաների շփումները բավական ակտիվացել են։ Հայաստանի արտգործնախարարը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետ, իսկ Իրանի արտգործնախարարն ու փոխնախագահը նույնպես այցելել են Երևան։ Այդ հանդիպումների ընթացքում իրանական կողմը հայտարարել է, որ վստահում է Հայաստանին և խնդիրներ չունի հայ-իրանական հարաբերություններում։
Միևնույն ժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հրապարակային հոդվածով հանդես է եկել ոչ միայն TRIPP նախագծի, այլև Հայաստանի գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատությամբ։ Այս հակադրությունն էլ հարց է առաջացնում՝ որն է, ի վերջո, Թեհրանի իրական դիրքորոշումը։
Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը և Վելայաթիի հայտարարությունները
Միրզաբեկյանը, հղում անելով Իրանի փոխնախագահի խոսքերին, նշել է, որ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է երկրի արտաքին գործերի նախարարության և դրա խոսնակի միջոցով։ Այդ առումով, ըստ նրա, կարևոր է տարբերակել պաշտոնական հայտարարությունները առանձին գործիչների գնահատականներից՝ միաժամանակ հաշվի առնելով նաև նախագահի հայտարարությունները։
«Գաղտնիք չէ, որ Իրանը ունի մտահոգություններ, որոնք այս կամ այն մակարդակում կարող են դիվանագիտական հայտարարությունների ձևով ավելի մեղմ մատուցել՝ նշելով որ կողմերն ունեն փոխվստահության բարձր մակարդակ։ Եվ դա հավատում եմ, որ բավական անկեղծ է, որովհետև այդ երկկողմ շփումները պաշտոնական մակարդակով պետք է տան այդ արդյունքները և տալիս են»,- ասել է արևելագետը։
Նրա խոսքով՝ Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը նորություն չէ։ Վելայաթին Իրանի արտաքին գործերի նախարարն է եղել 1981-1997 թվականներին, այնուհետև զբաղեցրել է հոգևոր առաջնորդի խորհրդականի պաշտոնը և շարունակում է մնալ իրանական քաղաքական համակարգի ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաշվի առնելով իր դիվանագիտական փորձն ու կապերը։
Միրզաբեկյանը հիշեցրել է, որ Վելայաթին TRIPP-ի վերաբերյալ քննադատական դիրքորոշում է հայտնել դեռևս Վաշինգտոնում համաձայնությունների ստորագրումից առաջ։ Նա նաև դրանից հետո նախագիծն անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ TRIPP-ը ներկայացնելով որպես այդ գաղափարի՝ Թրամփի անվամբ նոր փաթեթավորում։ Արևելագետի գնահատմամբ՝ թեև Վելայաթիի վերջին հայտարարության ձևակերպումները շատ ավելի կոշտ էին, բովանդակային առումով դրանք տեղավորվում են Իրանի՝ նախագծի վերաբերյալ ունեցած մտահոգությունների շրջանակում։
«Ինքը պաշտոնյա չէ, դա Թեհրանի պաշտոնական արտահայտումը չէ, սակայն գուցե այս հայտարարությամբ Իրանում տարբեր շրջանակներ փորձում են նշել, որ կա նաև այս մտահոգությունը»,- նշել է նա։
Իրանի ներսում իշխանության տարբեր կենտրոններ և քաղաքական մոտեցումներ
Միրզաբեկյանի խոսքով՝ Վելայաթիի հայտարարությունը պետք է դիտարկել նաև Իրանի քաղաքական համակարգի առանձնահատկությունների համատեքստում։ Այդ երկրում կան տարբեր ազդեցիկ թևեր, որոնց դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են։
Նա, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ-ի դեմ պատերազմին՝ նշելով, որ դրա ընթացքում առավել տեսանելի են դարձել Իրանի կառավարության ներկայացուցիչների և ուժային կառույցների հետ կապ ունեցող շրջանակների մոտեցումների տարբերությունները։
«Շատ հաճախ կառավարության, ուժայինների մոտ կանգնած մարդկանց և ուժայինների միջև դիրքորոշումները տարբերվում են։ Մի կողմն ավելի հակված է բանակցությունների և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն, մասնավորապես՝ կառավարությունը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները և նաև որոշ անհատներ ավելի շատ կոշտ դիրքորոշմամբ են հանդես գալիս»,- ասել է Միրզաբեկյանը։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես Իրանի ներսում տարբեր քաղաքական կենտրոնների ազդեցության հարաբերակցության փոփոխություն։
Արևելագետի խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ պատերազմը Իրանի համար չափազանց բարդ իրավիճակ է ստեղծել։ Թեհրանը միշտ զգուշացել է Իսրայելի հետ հակամարտության մեջ Միացյալ Նահանգների անմիջական ներգրավումից, քանի որ դա Իրանի համար ամենավատ սցենարներից մեկն էր։ Պատերազմի ընթացքում, սակայն, Իրանը ստիպված է եղել դիմակայել այդ իրավիճակին՝ օգտագործելով նաև Հորմուզի նեղուցի գործոնը։
Այս պայմաններում, ըստ Միրզաբեկյանի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնվել է իրադարձությունների առաջնագծում, ինչն ինքնաբերաբար մեծացրել է կառույցի ներկայացուցիչների քաղաքական ազդեցությունն ու կշիռը։ Դրան զուգահեռ՝ պահպանվում է նաև կառավարության դերակատարությունը, քանի որ հենց կառավարության ներկայացուցիչներն են վարում բանակցությունները։
«Սա ներքին քաղաքական պայքար է, որը բնականաբար իրենց ներքին խնդիրն է, բայց ի վերջո բանակցությունները վարում են հենց կառավարության ներկայացուցիչները»,- նշել է նա։
Կարևոր շփվել Իրանի տարբեր շրջանակների հետ
Միրզաբեկյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների ընդգրկունությանը։ Նրա խոսքով՝ Երևանի համար կարևոր է երկխոսություն վարել ոչ միայն Իրանի նախագահի և արտգործնախարարության, այլև քաղաքական համակարգի մյուս ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
Այս համատեքստում նա առանձնացրել է Հայաստանի արտգործնախարարի՝ մոտ մեկուկես ամիս առաջ Թեհրան կատարած այցը, որի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ։
Արևելագետի խոսքով՝ Ղալիբաֆը պարզապես խորհրդարանի նախագահ չէ։ Նա նախկինում ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը և համարվում է այդ ուժային համակարգի հետ առնչվող կարևոր քաղաքական գործիչ։ Բացի այդ, հենց նա է գլխավորել իրանական պատվիրակությունը Պակիստանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցությունների ընթացքում։
Միրզաբեկյանի գնահատմամբ՝ այդ հանդիպումը կարևոր էր հատկապես Իրանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։
«Եթե կառավարության անդամների հետ, նախագահի, արտգործնախարարի հետ կան շատ վստահելի, փոխվստահելի հարաբերություններ, ապա հաշվի առնելով Իրանի սպեցիֆիկան՝ շատ կարևոր էր նաև զբաղվել Մոհամադ Ղալիբաֆի հետ, հանդիպել և քննարկել Միացյալ Նահանգների հնարավոր ներկայության հարցը տարածաշրջանում»,- ասել է նա։
Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանի փոխարտգործնախարարներից մեկը հանդիպել է Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Այսինքն՝ հայկական կողմը կապեր է պահպանում իրանական տարբեր շրջանակների հետ՝ փորձելով քննարկել առկա մտահոգությունները և կանխել դրանց վերածումը երկկողմ հարաբերությունների խնդրի։
Անդրադառնալով Իրանի փոխնախագահի՝ Հայաստան կատարած այցին՝ Միրզաբեկյանը նշել է, որ չունի տեղեկություններ, թե այն կազմակերպվել է Վելայաթիի հոդվածից հետո առաջացած լարվածության պատճառով։ Թեև այցը ժամանակագրորեն համընկել է այդ իրադարձությունների հետ, նա հիշեցրել է, որ նախորդ միջկառավարական նիստի մասին նույնպես նախապես լայնորեն չէր հայտարարվել։
Նրա խոսքով՝ այցը տևել է մոտ երկուսուկես-երեք օր, ունեցել է բավական ընդգրկուն օրակարգ և ներառել նաև մշակութային բաղադրիչ։ Կարևոր էր նաև Իրանի փոխնախագահի շփումը լրագրողների հետ, որի ընթացքում հայկական կողմը հնարավորություն է ունեցել կոնկրետ հարցեր ուղղելու նրան և ստանալու պատասխաններ։
Միրզաբեկյանի գնահատմամբ՝ անկախ այցի բուն նպատակից՝ այն կարևոր հարթակ էր Հայաստանի համար՝ ևս մեկ անգամ Իրանի բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկելու առկա հարցերը։ Նա ընդգծել է, որ փոխնախագահի պատասխանները բավական կառուցողական էին։
Թեհրանի համար սկզբունքային է արտատարածաշրջանային ուժերի ներկայության հարցը
Անդրադառնալով TRIPP-ի նկատմամբ Իրանի մտահոգությունների բուն պատճառներին՝ Միրզաբեկյանը դրանք կապել է նաև Թեհրանի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության հետ։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Իրանը փորձում է առաջ մղել այն մոտեցումը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտատարածաշրջանային ուժերի ներգրավման։ Այս սկզբունքը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև Մերձավոր Արևելքին, այդ թվում՝ Պարսից ծոցի արաբական երկրներին։
«Իրանի պատկերացմամբ՝ տարածաշրջանը պետք է լինի առանց արտաքին ուժերի»,- նշել է արևելագետը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ցանկանում է, որ Միացյալ Նահանգներն այլևս ներգրավվածություն չունենա տարածաշրջանային գործընթացներում։ Նույնիսկ այն դեպքերում, երբ Վաշինգտոնը սեփական շահերից ելնելով որոշում է նվազեցնել իր ներկայությունը, Իրանում դա կարող է ներկայացվել որպես քաղաքական հաղթանակ։
Միրզաբեկյանը նշել է, որ այս դիրքորոշումը պայմանավորված է նաև ԱՄՆ-ի հետ Իրանի բարդ հարաբերություններով։ Թեհրանի համար արտաքին ուժերի ներկայության հարցը սկզբունքային է, և այդ մոտեցումն արտացոլվում է նաև TRIPP նախագծի վերաբերյալ նրա հայտարարություններում։
Ըստ արևելագետի՝ Իրանի համար մտահոգիչ է հատկապես այն հնարավորությունը, որ նախագիծը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման։ Նա ընդգծել է, որ նման զարգացումը Հայաստանի համար նույնպես ընդունելի չի կարող լինել։
Միաժամանակ, նրա խոսքով, Իրանը շեշտադրում է ոչ միայն ռազմական բաղադրիչը, այլև ընդհանրապես արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածության հարցը։
«3+3»-ը չի ընդգրկում Հարավային Կովկասի բոլոր իրողությունները
Միրզաբեկյանը նաև անդրադարձել է Իրանի կողմից առաջ մղվող «3+3» տարածաշրջանային ձևաչափին, որը նախատեսում է Հարավային Կովկասի երեք երկրների և երեք հարևան պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությունը։
Նրա գնահատմամբ՝ ներկայումս այդ ձևաչափը արդյունավետ չէ, թեև դժվար է կանխատեսել, թե ինչ դեր կարող է այն ունենալ երկու, երեք կամ չորս տարի անց։
Արևելագետի խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներն այսօր շատ ավելի լայն են, քան «3+3»-ի շրջանակը, քանի որ դրանց ներգրավված են նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, որոնք ունեն իրենց շահերն ու օրակարգերը։
«Հարավային Կովկասը շատ ավելի մեծ է, քան 3+3 ձևաչափը։ Այստեղ, ի դեմս TRIPP-ի, ներգրավված է թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը ունի շահեր։ Եվ սա հիմա ավելի ակնառու է դառնում»,- ասել է նա։
Միրզաբեկյանի համոզմամբ՝ այս իրողությունը գիտակցում է նաև Իրանի կառավարությունը, և հենց դա է պատճառներից մեկը, որ Թեհրանը Հայաստանի հետ պահպանում է ակտիվ երկխոսությունը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի համար կարևոր է շարունակել այդ աշխատանքը՝ Իրանի տարբեր քաղաքական շրջանակների հետ շփումների, մտահոգությունների քննարկման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման միջոցով։

