Հայաստանի համար ստեղծվեց ամենավտանգավոր իրավիճակը՝ երկիրը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն զրկվել է կազմակերպության ներսում ձայնի և վետոյի իրավունքից։ Այս մասին նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա խոսքով՝ նման պայմաններում Հայաստանը շարունակում է կրել անդամակցության հետ կապված պարտավորությունները, մինչդեռ կորցնում է որոշումների կայացմանը մասնակցելու և դրանց վրա ազդելու հնարավորությունը։
Դանիելյանը նշեց, որ Հարավային Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է, և այդ հանգամանքը որոշակի ազդեցություն ունի նաև Ադրբեջանի և Վրաստանի վրա։ Եթե Հայաստանը դուրս բերվի կազմակերպությունից, Հարավային Կովկասը դուրս կգա Ռուսաստանի վերահսկողության շրջանակից, և առաջ կգա ուժային այդ բացը լրացնելու հարցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այդ իրավիճակում տարածաշրջանում ազդեցության համար կպայքարեն այլ ուժեր, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը, ընդ որում՝ Թեհրանը չի համաձայնի Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը։ Արդյունքում Հայաստանը կարող է վերածվել պատերազմի օջախի՝ առանց գործող անվտանգության համակարգի։
Դանիելյանը ուշադրություն է հրավիրել նաև Ռուսաստանի այն դիրքորոշման վրա, ըստ որի՝ Մոսկվան չի պատրաստվում ՀԱՊԿ-ից հեռացնել Հայաստանին՝ տարբերակելով Հայաստանի ղեկավարության և հայ ժողովրդի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի մոտեցումն այն է, որ ներկայիս ղեկավարները կարող են փոխվել, մինչդեռ հայ ժողովրդի հետ հարաբերությունները շարունակական են։
Սակայն քաղաքագետն ընդգծում է, որ այս հանգամանքը ևս մտահոգիչ է՝ քանի որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ, ՀԱՊԿ-ի կանոններն ու պայմանավորվածությունները շարունակում են գործել, բայց երկիրը զրկված է որոշումների վրա ազդելու հնարավորությունից։
«Համակարգը կա, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բոլոր այդ օրենքներն ու պայմանավորվածությունները գործում են, բայց մենք զրկվել ենք ձայնի իրավունքից։ Մեր շուրջը պրոցես է լինում, ՀԱՊԿ-ը որոշումներ է կայացնում և որոշակի դեպքում կարող է զորք մտցնել Հայաստան՝ անվտանգությունն ապահովելու համար, ինչպես դա եղավ Ղազախստանում, բայց Հայաստանը դրա վրա ազդելու հնարավորություն չունի»,– նշել է նա։
Դանիելյանի խոսքով՝ նախկինում Հայաստանը կարող էր ազդել նաև ՀԱՊԿ մյուս անդամների վրա։ Այդ հնարավորությունը որոշակի արժեք էր տալիս Հայաստանին, քանի որ երկիրը կարող էր մասնակցել ընդհանուր որոշումների ձևավորմանը և պաշտպանել իր դիրքորոշումը։ «Հիմա դու մնացել ես, դուրս չես եկել, բայց կորցրել ես ձայնի իրավունքը, ձայնազուրկ ես, և քո հետ կարող են անել ինչ-որ բաներ՝ առանց քո կարծիքը հաշվի առնելու, դու էլ մյուսների վրա ազդելու իրավունք չունես։ Սա ամենավտանգավոր տարբերակն է, որում հայտնվել է Հայաստանը»,– ասել է քաղաքագետը։
Այն պարագայում, երբ կազմակերպության անդամ լինելով, երկիրը ձայնազուրկ է, դա նրան դարձնում է առևտրի առարկա, նշել է Դանիելյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե Հայաստանը դուրս գար ՀԱՊԿ-ից, այդ քայլը գոնե հնարավոր կլիներ դիտարկել որպես այլ անվտանգության կամ քաղաքական հարթակ փնտրելու փորձ, թեև նա կասկածելի է համարում նաև նման սցենարի իրատեսականությունը։ Սակայն կազմակերպության ներսում մնալը՝ առանց ձայնի իրավունքի, նրա գնահատմամբ, անհամեմատ վտանգավոր իրավիճակ է։
Դանիելյանը նաև ընդգծել է, որ ձայնի և վետոյի իրավունքի կորուստը նվազեցնում է Հայաստանի նշանակությունը այլ երկրների համար։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի կամ Իրանի համար Հայաստանը կարող էր հետաքրքրություն ներկայացնել որպես ՀԱՊԿ-ի ներսում որոշումների վրա ազդելու հնարավորություն ունեցող պետություն։ Այժմ, զրկվելով այդ գործիքից, երկիրը կորցնում է նաև այլ դերակատարների վրա ազդելու և նրանց հետ քաղաքական պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը։
«Նույն Ամերիկայի համար դու կարող էիր արժեք լինել, որովհետև ՀԱՊԿ-ում դու ունես վետոյի իրավունք կամ խոսքի իրավունք։ Կամ Իրանի համար դու կարող է արժեք ունենայիր, որ քո հետ խոսար և քո միջնորդությամբ պայմանավորվեր այլ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Այժմ նման հնարավորություն այլևս չկա»,– նշել է քաղաքագետը։

