Փաշինյանը վաղուց ավարտված քաղաքական նախագիծ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց ավարտված է որպես քաղաքական նախագիծ և քաղաքական գործոն, սակայն շարունակում է կենսունակության տպավորություն թողնել, քանի որ Հայաստանում դեռևս չի ձևավորվել ամբողջական այլընտրանքային քաղաքական նախագիծ։ Այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխությունն ինքնին որևէ էական փոփոխություն չի ապահովի, եթե դրան նախորդած չլինի հասարակական միջավայրի և պետության կառավարման ամբողջ տրամաբանության փոփոխություն։

«Եթե փոփոխությունը չի սկսվել հասարակությունից, հատկապես Փաշինյանի թողած ժառանգության պայմաններում, իշխանության փոփոխությունը դե յուրե իմաստով մեծ հաշվով ոչինչ չի տալու։ Այնքան բարդ և արդեն խորապես փորված փոսի ժառանգություն է մնացել, որ միայն իշխանության փոփոխությունը, եթե ներքևից չի փոխվել պետության և հասարակության համակեցության ընդհանուր տրամաբանությունը, ոչինչ չի տալու», — նշել է Բադալյանը։

Փաշինյանը շարունակում է կենսունակ թվալ այլընտրանքի բացակայության պատճառով

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ Փաշինյանի քաղաքական նախագծին զուգահեռ չի ձևավորվում նոր հասարակական-քաղաքական իրողություն, որը ժամանակի ընթացքում կդառնա փաստացի իշխանություն՝ նույնիսկ մինչև դե յուրե իշխանության գալը։

Նրա պատկերացմամբ՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի հանրային և քաղաքական միջավայր, որի գոյության հետ ստիպված կլինեն հաշվի նստել նաև արտաքին դերակատարները։ Բադալյանի համոզմամբ՝ եթե Փաշինյանի փոխարեն իշխանության գա մեկ այլ ուժ, սակայն հասարակական միջավայրը և պետության կառուցվածքի ամբողջ ճարտարապետությունը չփոխվեն, նոր իշխանությունը բախվելու է լուրջ խնդիրների։ Ավելին՝ նա կարող է հայտնվել մեկ այլ քաղաքական թակարդում՝ իր ձախողումներն ու դժվարությունները բացատրելով նախորդ իշխանության թողած ժառանգությամբ։

Վերլուծաբանը հիշեցրել է, որ Հայաստանում իշխանությունները հաճախ են դիմել այդ գործելակերպին՝ նախորդ ղեկավարին դարձնելով բոլոր խնդիրների պատասխանատու։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հետո մեղավորի դերը վերապահվել էր Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ Քոչարյանին, թեև վերջինիս պատասխանատվությունը ներկայացվում էր ավելի մեղմ, 2018 թվականից հետո այդ գործընթացը, ըստ Բադալյանի, հասավ գագաթնակետին։ 

Այլընտրանք ձևավորելու հնարավորություն կա

Բադալյանի խոսքով՝ Հայաստանում այլընտրանքային քաղաքական նախագիծ ձևավորելու հնարավորություն կա, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանք տանել։ Ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ է հանրային իռացիոնալ սպասումները վերածել ռացիոնալ քաղաքական գործընթացի։

Նրա համոզմամբ՝ քանի դեռ չի ձևավորվել այլընտրանքային ամբողջական քաղաքական միջավայր, Փաշինյանը շարունակելու է արտաքին դերակատարների և Հայաստանի ներսում ընկալվել որպես միակ ամբողջական քաղաքական նախագիծ՝ անկախ այն հանգամանքից, որ նրա քաղաքական գործառույթների հեռանկարներն արդեն սպառված են։

Բադալյանը ընդգծեց, որ արտաքին դերակատարների համար կարևոր հարց է՝ ով կարող է Հայաստանում դառնալ քաղաքական գործընկեր Փաշինյանից հետո։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի միավորման ձևաչափը պետք է պատասխանի հենց այդ հարցին՝ ցույց տալով, թե ինչ այլընտրանքային քաղաքական գործընկեր կարող է առաջարկվել արտաքին դերակատարներին։

Այդ տեսանկյունից նա դրական է գնահատել այն հանգամանքը, որ ներկայիս ընդդիմադիր ուժերի միավորումը իշխանափոխությունը չի դարձրել ինքնանպատակ մեխանիկական խնդիր։

«Եթե դու իրավիճակը փոխում ես, դա անխուսափելիորեն բերելու է իշխանության փոփոխության։ Հետևաբար պետք է հասկանալ՝ այդ ուժերն ինչ են առաջարկում Հայաստանի հանրությանը և աշխարհին՝ որպես նոր բովանդակություն, որպես քաղաքական նոր նախագիծ», — նշել է վերլուծաբանը։

Հայաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը պետք է ձևավորվի ներսից

Անդրադառնալով Հայաստանի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություններին՝ Բադալյանն ընդգծել է, որ ներկայում երկիրը նման ազդեցության էական ներուժ չունի։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ արտաքին ուժերի համար կարևոր է, թե ով է Հայաստանում ձևավորում և պահպանում իշխանությունը, սակայն հաջորդ իշխանությունը պետք է կարողանա նրանց առաջարկել նոր բովանդակություն և համագործակցության այլընտրանքային հնարավորություն։

«Այս պայմաններում ոչինչ, և դրա համար պետք է ձևավորել այդ ազդեցության ներուժը, իսկ այդ ներուժը չի կարող ձևավորվել որևէ այլ տեղ, քան ներսում՝ հենց հասարակության միջավայրում», — ասել է նա։

Վերլուծաբանի համոզմամբ՝ այդ գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել հայ հասարակության տարբեր պատկերացումներն ու մոտեցումները։ Նա կարևորել է նաև ընդդիմադիր միավորման հայտարարության մեջ տարակարծությունների պահպանման մասին շեշտադրումը։

Բադալյանի խոսքով՝ տարակարծությունները չպետք է դիտարկվեն որպես խոչընդոտ, որը միավորվելու համար անհրաժեշտ է մի կողմ դնել։ Ընդհակառակը՝ քաղաքական ուժերը պետք է կարողանան տարբեր կարծիքներով հանդերձ աշխատել ընդհանուր նպատակների ուղղությամբ։

«Տարակարծություններից պետք չէ վախենալ, պետք չէ ասել՝ մենք մի կողմ դրեցինք տարակարծությունները։ Եթե դուք չեք կարող աշխատել տարակարծություններով հանդերձ և փորձում եք հասարակությանը գայթակղել դրանցից հրաժարվելու տարբերակով, ապա դուք ոչ մի այլ բան էլ չեք կարող անել», — նշել է նա։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ հասարակությունը չի կարողանում իր տարբերությունները, տարբեր կարծիքներն ու մոտեցումները վերածել ուժի։ Մինչդեռ հակառակ դեպքում արտաքին դերակատարները կարող են օգտագործել այդ տարաձայնությունները սեփական շահերի համար։

Նա կարևորել է, որ ընդդիմադիր միավորումը հենց այս խնդրի լուծումից սկսի իր աշխատանքը՝ չընկնելով ավանդական քաղաքական թակարդների մեջ և չփորձելով հետագայում միմյանց հաշվին առաջատար ընդդիմադիր ուժ դառնալ։ «Եթե հիմա միասին իսկապես պատրաստ են աշխատել, դա միայն ողջունելի է։ Սա հնարավորություն է, որը պետք է օգտագործել», — եզրափակել է Բադալյանը։

👉 Քաղաքականություն

Scroll to Top