Իրանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում են երկիշխանության դրսևորումներ

Անցյալ տարվա պատերազմից հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում են երկիշխանության որոշակի դրսևորումներ, ինչը պայմանավորված է նաև երկրի նախկին քաղաքական համակարգում ձևավորված ուժերի հավասարակշռության փոփոխությամբ։ Այս մասին նշել է իրանագետ Աննա Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ մինչև պատերազմը և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը Իրանում գործում էր որոշակի համակարգ, որտեղ տարբեր գերատեսչությունների և ուժային կառույցների միջև պայքար էր ընթանում, սակայն վերջնական որոշում կայացնելու իրավասությունն ու հեղինակությունը պատկանում էին Գերագույն Առաջնորդին։

«Ձևավորվել էր մի համակարգ, որտեղ թեև կար պայքար տարբեր գերատեսչությունների և ուժային, այսպես ասած, կլանների միջև, բայց նրանք բոլորը ընդունում էին, որ կա բացարձակ հեղինակություն, և վերջնական խոսքը Ալի Խամենեիինն է», — նշել է Գևորգյանը։

Որպես նախկինում արձանագրված տարաձայնությունների վառ  օրինակ՝ իրանագետը հիշեցրել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրապարակային հարցազրույցներից մեկը, որտեղ վերջինս պատմել էր, որ 5+1 ձևաչափով բանակցություններից վերադառնալուց հետո տեղեկացել է, որ ԻՀՊԿ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին այցելել է Ռուսաստան, վերադարձել և երկրում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բանակցությունների շարունակությունն այլևս հնարավոր չի եղել։

Գևորգյանի խոսքով՝ արտգործնախարարության ներկայացուցիչները հաճախ դժգոհում էին, որ թեև պաշտոնապես արտաքին քաղաքականությունը պետք է վարեն իրենք, սակայն ԻՀՊԿ-ն երբեմն այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք խոչընդոտում են դիվանագիտական գործընթացներին կամ թույլ չեն տալիս վերջնական որոշումներ ընդունել։

Սակայն, իրանագետի գնահատմամբ, Իրանում այդ իրավիճակը չէր ընկալվում որպես պետական կառավարման անկազմակերպության դրսևորում։ Ընդհակառակը՝ դա վկայում էր այն մասին, որ Իսլամական Հանրապետության ձևավորումից հետո տարբեր գերատեսչություններ և ուժային կառույցներ այնքան են հզորացել, որ կարողանում են իրենց որոշումները պարտադրել նաև մյուսներին։

Գերագույն առաջնորդի բացակայությունը փոխել է ուժերի հավասարակշռությունը

Գևորգյանի խոսքով՝ հենց այդ պատճառով էր չափազանց կարևոր Գերագույն Առաջնորդի բացարձակ հեղինակությունը, որը հնարավորություն էր տալիս վերջնական որոշումներ կայացնել և հավասարակշռել տարբեր ուժային կենտրոնների միջև հարաբերությունները։

Անդրադառնալով Իրանի ներկայիս Գերագույն Առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ իրանագետը նշել է, որ նրա առողջական վիճակի և որոշումներ կայացնելու իրական կարողության վերաբերյալ տարբեր վերլուծություններ ու գնահատականներ կան։ Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե որն է իրականությունը՝ արդյոք Մոջթաբա Խամենեին անձամբ է կայացնում որոշումները, թե դրանք ընդունվում են նրա անունից, ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է նախկինից։

«Բոլորովին այլ իրադրություն է ունենալ մի Գերագույն Առաջնորդ, որին հնարավոր չէ տեսնել և որի անմիջական խոսքը հնարավոր չէ լսել։ Կասկածներ կան, որ նա մահացել է, և պարզապես նրա անունից են որոշումներ ընդունում։ Իրանում փորձում են փարատել այդ կասկածները և հստակ ասում են, որ նա ողջ է, ինքն է իրականացնում քաղաքականությունը և ինքն է որոշումներ ընդունում։ Բայց փաստն այն է, որ նրան ոչ ոք չի տեսել, չկան նաև ձայնագրություններ, կան միայն գրավոր տեքստեր նրա անունից», — նշել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ չի ցանկանում գնահատական տալ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակին կամ իրական կարգավիճակին, քանի որ դրա համար բավարար փաստեր չկան։ Իր գնահատմամբ՝ կարևորն այն է, որ ներկայում պարզ չէ՝ ինչ իրավիճակում է նա և արդյոք ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունի, թե որոշումներն ընդունվում են նրա գրասենյակի կողմից։

Իրանագետի խոսքով՝ այս անորոշության պայմաններում նախկինում գոյություն ունեցող ուժային կենտրոններից յուրաքանչյուրը՝ արտգործնախարարությունը, ԻՀՊԿ-ն և հոգևոր դասը, փորձում է ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։Բացի այդ, կարող են լինել նաև ոչ պաշտոնական ազդեցության այլ կենտրոններ, որոնց անունները հնարավոր չէ հստակ նշել, սակայն որոնք ընտանեկան կապերի և այլ մեխանիզմների միջոցով էական ազդեցություն ունեն երկրի տնտեսության և արտաքին քաղաքականության վրա։ «Այս իրավիճակում այդպիսի շղթայի յուրաքանչյուր օղակ փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի բարձր կարող է խոսել իր առաջնահերթությունների մասին», — ասել է նա։

Վելայաթին ազդեցություն չունի արտաքին քաղաքական որոշումների վրա

Անդրադառնալով Իրանի նախկին արտգործնախարար, ներկայում արտաքին քաղաքականության հարցերով գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումներին և ՀՀ կառավարությանը ուղղված նրա քննադատությանը՝ Գևորգյանը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես նրա անձնական հեղինակությունը, այնպես էլ Իրանի քաղաքական մշակույթի առանձնահատկությունները։

Նրա խոսքով՝ Վելայաթին տարիներ շարունակ ղեկավարել է արտաքին գործերի նախարարությունը, և նախարարության բազմաթիվ աշխատակիցներ նրան համարում են իրենց ուսուցիչը։ Հետևաբար, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն նրա տեսակետների հետ, նրա հրապարակային քննադատությունը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել՝ հաշվի առնելով նաև Իրանում ձևավորված հարաբերությունների մշակույթը։

Այդուհանդերձ, իրանագետի գնահատմամբ՝ նույնիսկ Վելայաթիի հրապարակած տեքստերի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս դրանցում առկա հակասություններն ու որոշ դեպքերում նաև ապատեղեկատվությունը։

«Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ Վելայաթիի հեղինակությունը նկատի ունենալով՝ ներկայում նա ազդեցություն չունի ժամանակակից արտաքին քաղաքական որոշումների վրա», — եզրափակել է Գևորգյանը։


👉 Տարածաշրջան

Scroll to Top