ՀՀ իշխանությունը թույլ տվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցը կապվի Բաքվի պահանջների հետ

ՀՀ իշխանությունը թույլ տվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցը կապվի Բաքվի պահանջների հետ

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները ի սկզբանե սխալ ուղղությամբ են ընթացել, ինչի հետևանքով այդ գործընթացը կապվել է Ադրբեջանի ներկայացրած պահանջների հետ։ Նման կարծիքի է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։

 Նրա գնահատմամբ՝ իշխանության ոչ պատշաճ հանրային հաղորդակցությունը հնարավորություն է տվել Ադրբեջանին այդ հարցն օգտագործել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու համար։ Սաֆարյանը նշել է, որ սկզբնական շրջանում հասարակության մի զգալի հատվածի, այդ թվում՝ իր մոտ, տպավորություն էր ստեղծվել, թե իշխանությունը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։

«Ես էլ շատերի պես գտնում էի, որ մի բան, եթե Ալիևն է պահանջում, պետք չէ անել։ Ես գտնում էի, որ սահմանադրական փոփոխությունները մեր ներքին խնդիրն են, դրանք չեն կարող տեղի ունենալ արտաքին ազդեցությունների տակ, ինչպես որ մեր ցանկացած ներքին գործընթաց չի կարող իրականացվել արտաքին պահանջով»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ ընկալման ձևավորման պատճառը ոչ թե հասարակության սխալ մտածողությունն էր, այլ վարչապետի խիստ անհաջող հանրային հաղորդակցությունը։

Անկախության հռչակագրի չեղարկումը և Սահմանադրությունից դրա հղումը հանելը տարբեր հարցեր են

Սաֆարյանը հիշեցրել է, որ վարչապետի՝ հանրային ռադիոյի եթերում արած հայտարարություններից հետո իր մոտ տպավորություն էր ստեղծվել, թե իշխանությունը քննարկում է նույնիսկ Անկախության հռչակագրի չեղարկման հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, և գործող սահմանադրական համակարգում չկա որևէ մարմին, որը կարող է պարզապես չեղարկել այն։

«Սահմանադրական ներկայիս ճարտարապետության մեջ ընդհանրապես չկա որևէ մարմին, որը կարող է ասել՝ գիտե՞ք ինչ, ես չեղարկում եմ 1990 թվականին Գերագույն խորհրդի ընդունած հռչակագիրը, այն կորցնում է ուժը»,– նշել է Սաֆարյանը։ Նա, սակայն, առանձնացրել է երկու տարբեր խնդիր՝ Անկախության հռչակագիրը չեղարկելու հարցը և Սահմանադրությունից այդ փաստաթղթին արված հղումը հանելու հարցը։ Սաֆարյանի խոսքով՝ հետագայում պարզ է դարձել, որ խոսքը հռչակագրի չեղարկման մասին չէ։ Այդուհանդերձ, վարչապետի հաղորդակցման ոճը շարունակել է հարցեր առաջացնել։

«Վարչապետը մի քանի անգամ փորձեց ներկայացնել, որ սա մեր ներքին խնդիրն է, մեր ներքին անհրաժեշտությունը։ Իմ պատասխանը հետևյալն էր՝ եթե մեր ներսում էինք զրուցում, ինչո՞ւ էիք գնում Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի տաղավարներ ու խոսում այդ մասին, որպեսզի Ալիևն էլ լսե՞ր։ Եթե դա մեր ներքին խոսակցությունն էր, ապա դա մեր ներսում պիտի տեղի ունենար»,– ասել է նա։

Ալիևին անհրաժեշտ էր պատրվակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար

Սաֆարյանի գնահատմամբ՝ իշխանությունը թույլ է տվել, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները կապվեն Ադրբեջանի պահանջների հետ, ինչն էլ Բաքվին հնարավորություն է տվել այդ թեման օգտագործել Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ամրապնդել այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ներքաղաքական տարբեր շրջանակներ այդ պահանջն օգտագործում են՝ իշխանություններին մեղադրելու Ալիևի պահանջները կատարելու մեջ։

Սաֆարյանը նաև հարց է բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին շարունակական հայտարարությունները նպատակ չունեն հենց այդ փոփոխությունը թույլ չտալու համար։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանությունը փաստացի ընդունեց, որ սահմանադրական մեծամասնություն չի ստացել և Սահմանադրությունը փոխելու հարցը մնում է օրակարգում, Ալիևը կոշտացրել է իր պահանջները։ «Ալիևին պատրվակ էր պետք՝ վերջնականապես չստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այն քայլերը, որոնք նա արել է, արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման տակ»,– ասել է Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ Ալիևը ձգտում է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ Հայաստանը դուրս կգա շրջափակումից և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում կստանա նոր հնարավորություններ։

Ալիևի շահերը կարող են համընկնել Ռուսաստանի շահերի հետ

Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը չի կարող բացահայտ հայտարարել, որ չի ցանկանում Հայաստանի դուրս գալը շրջափակումից, քանի որ դա հակասում է նաև Թուրքիայի շահերին։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան շահագրգռված է ճանապարհների բացմամբ և Միջին միջանցքի միջոցով դեպի Կենտրոնական Ասիա հաղորդակցությամբ։ «Թուրքիան ասում է՝ եղբայր, ամեն ինչ ստացել եմ, հիմա ժամանակն է, որպեսզի ճանապարհները բացես, որ մենք էլ մերը ստանանք։ Ես ուզում եմ, որ Միջին միջանցք լինի և այդ Միջին միջանցքն ինձ հասցնի մինչև Կենտրոնական Ասիա»,– նշել է Սաֆարյանը։

Նրա գնահատմամբ՝ Ալիևը չի կարողանում նույնիսկ Թուրքիային բացատրել, թե ինչու չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից։ Այդ պատճառով, ըստ Սաֆարյանի, Բաքուն առաջ է քաշում Հայաստանի հնարավոր ռևանշի և Սահմանադրության փոփոխության պահանջների թեմաները։

Սաֆարյանը նաև նշել է, որ Հայաստանի ապաշրջափակման հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը կարող են համընկնել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը սահմանադրական պահանջն օգտագործում է որպես հիմնավորում՝ խաղաղության գործընթացն անորոշ ժամկետով հետաձգելու համար։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Ալիևը հնարավորություն է ստացել կրկին պնդելու, թե Հայաստանում խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ Սահմանադրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, իսկ ռևանշի հավանականությունը բացառված չէ։

👉 Քաղաքականություն

Scroll to Top