Փաշինյանի առաջարկած քաղաքական գործարքը ընդդիմության համար հռետորաբանական թակարդ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրությունը ներկայացնում է որպես խաղաղությունն անշրջելի դարձնելու անհրաժեշտ պայման։ Նա ընդդիմությանը առաջարկում է քաղաքական գործարք՝ հանրաքվեի դիմաց խոստանալով հեռանալ իշխանությունից։ Սակայն սահմանադրական փոփոխությունների շուրջ վեճը շատ ավելի խորքային է․ ո՞ւմ և ինչի՞ համար է փոխվում Սահմանադրությունը և հնարավո՞ր է արդյոք խաղաղություն հաստատել ներքաղաքական անհամաձայնությունների պայմաններում։
Առանց հանրային կոնսենսուսի ընդունված Սահմանադրության մեջ ի սկզբանե ճգնաժամի սերմ է դրվում 

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի  համոզմամբ՝  Սահմանադրությունը նախևառաջ պետության ներսում համակեցության կանոնները սահմանող հիմնարար փաստաթուղթ է, և դրա ընդունման համար անհրաժեշտ է հանրային կոնսենսուս։

Մայր օրենքները որպես կանոն ընդունվում են խաղաղ ժամանակ, քանի որ հենց այդ ժամանակ է անհրաժեշտ ինքնասահմանափակվել՝ հետագայում իրավիճակային որոշումներ չկայացնելու համար, ասաց Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ Սահմանադրության ընդունման համար սահմանված բարձր շեմը խոչընդոտ չէ, այլ հանրային համաձայնության երաշխիք։ Հակառակ դեպքում, եթե Հիմնարար փաստաթուղթն ընդունվում է միայն քաղաքական մեծամասնության ցանկությամբ՝ առանց իրական հանրային կոնսենսուսի, դրա մեջ ի սկզբանե ճգնաժամի սերմ է դրվում։

Հովհաննիսյանը հիշեցրել է նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների փորձը՝ նշելով, որ այդ գործընթացից դասեր է քաղել։ «Եթե մի քաղաքական ուժի կամ մեծամասնության ցանկությամբ է Սահմանադրությունն ընդունվում, և իրական կոնսենսուս չկա, ապա այդ Սահմանադրությունները իրականում կոնսենսուս չեն ապահովում, իսկ քանի որ կոնսենսուս չեն ապահովում, իրենց կյանքն ավելի կարճ է լինում, և ճգնաժամը որպես սերմ արդեն իսկ Սահմանադրության մեջ է՝ ընդունման պահին»,– նշել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ Սահմանադրությունն ինքնին չի կարող լինել խաղաղության երաշխավոր։ Այն առաջին հերթին ներքին կոնսենսուսի և համաձայնության փաստաթուղթ է։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է հասկանալ ոչ միայն նոր Սահմանադրության տեքստը, այլև դրա գաղափարական հիմքում դրված նախապայմանները։ Ըստ նրա՝ արդեն իսկ հնչել է ձևակերպում, որ նոր Սահմանադրության ամենակարևոր գաղափարական դրույթներից մեկը չի լինելու, ուստի անհրաժեշտ է պարզել՝ ինչ է նախատեսվում այդ հարցում։

Փաշինյանի առաջարկը ընդդիմության համար հռետորաբանական թակարդ է

Անդրադառնալով Փաշինյանի՝ ընդդիմությանը ներկայացրած քաղաքական առաջարկին՝ Հովհաննիսյանը նշել է, որ այն առաջին հայացքից հրաշալի գործարք է թվում, սակայն իրականում ընդդիմությանը դնում է բարդ իրավիճակի առաջ։

Նրա խոսքով՝ Փաշինյանն առաջարկում է երկու սցենար։ Եթե հանրաքվեն հաջողվի, ինքը կստորագրի նոր Սահմանադրությունը և այլևս վարչապետի թեկնածու չի առաջադրվի։ Իսկ եթե ընդդիմությունը չհամաձայնի, իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների՝ հայտարարելով, որ հենց ընդդիմությունն է խոչընդոտում խաղաղությանը։

«Նա ասում է՝ ոչի դեպքում հրաժարական կտամ, կգնամ արտահերթ ընտրությունների, կբացատրեմ, որ նրանք խաղաղության խոչընդոտներն էին, էլի կվերընտրվեմ։ Դա արտահերթի սցենարն է։ Ասում է՝ եթե այո լինի, կգնամ, կստորագրեմ ու էլ վարչապետի թեկնածու չեմ առաջադրվի»,– բացատրել է Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը կիրառում է քաղաքական հաղորդակցության մեջ հայտնի ազդանշանային մոտեցումը։ Երբ նրան մեղադրում են անձնական շահը սպասարկելու մեջ, նա հակառակ ազդակն է տալիս՝ հայտարարելով, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունից։

Սակայն, ըստ նախկին նախարարի, այս առաջարկում բազմաթիվ չպարզաբանված հարցեր կան։ Մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է ոչ միայն Հայաստանի վարչապետից, այլև մյուս կողմից։

Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել նաև այն ենթադրությունը, թե Փաշինյանը շտապում է նոր Սահմանադրության գործընթացն ավարտին հասցնել։ Նրա գնահատմամբ՝ վարչապետը կարող է մինչև հաջորդ ընտրություններն իրեն հարմար ժամանակացույցով շարունակել քաղաքական գործընթացը՝ որոշելով, թե երբ է առավել նպատակահարմար հանրաքվե անցկացնել։

Ո՞վ է երաշխավորելու, որ նոր զիջումներ չեն լինելու

Հովհաննիսյանի խոսքով՝ նույնիսկ եթե ընդդիմությունը համաձայնի Փաշինյանի առաջարկին, դրանից հետո բազմաթիվ անորոշություններ են առաջանալու։ Մասնավորապես, պարզ չէ՝ երբ է անցկացվելու հանրաքվեն, երբ են համաձայնեցվելու նոր Սահմանադրության դրույթները, երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը և արդյոք Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնելու։

Նա հարց է բարձրացրել նաև, թե ինչ երաշխիք կա, որ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը կամ որոշ դրույթների վերանայումը չեն դառնա հաջորդ զիջումների նախապայման։ «Իսկ ո՞վ ասաց, որ զիջումներն ավարտվել են։ Որտե՞ղ է մեր երաշխիքը, ընդ որում՝ այնպիսի երաշխիք, որը համոզիչ կլինի ինչպես իշխանության, ընդդիմության, այնպես էլ երկուսին էլ չսիրողների համար»,– ընդգծեց Հովհաննիսյանը։


👉 Օրենսդրություն

Scroll to Top