Արդարադատության նախարարությունն առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար սահմանել փոխհատուցման նվազագույն շեմ՝ վիրավորանքի համար մեկ, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամ։ Ինչ խնդիր է այս կարգավորմամբ լուծում կառավարությունը և արդյո՞ք այս հստակեցումը չի վերածվի անկախ մամուլի նկատմամբ ֆինանսական ճնշման գործիքի։ Խնդրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում Խոսքի ազատության պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ վիրավորանքի և զրպարտության գործերով փոխհատուցման նվազագույն չափ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը անհարկի միջամտություն է ձևավորված դատական պրակտիկային և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Մելիքյանի պնդմամբ՝ վիրավորանքի և զրպարտության համար արդեն իսկ սահմանված փոխհատուցման առավելագույն չափերը՝ համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամը, բարձր են Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների համեմատ։ Կոմիտեն դեռ օրենքի ընդունման ժամանակ էր արձանագրել, որ նման գումարները լրացուցիչ ֆինանսական բեռ են լրատվամիջոցների խմբագրությունների համար։
Դատարանները պետք է հնարավորություն ունենան որոշելու փոխհատուցման չափը
Մելիքյանը շեշտել է, որ Կոմիտեն չի պաշտպանում վիրավորանք կամ զրպարտություն թույլ տվողներին։ Սակայն, նրա խոսքով, խնդիրը նաև այն է, որ բազմաթիվ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ օբյեկտիվ քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն և դիմում դատարան՝ լրատվամիջոցների հետ հաշիվներ մաքրելու նպատակով։ «Երբ մեզանում անկախ դատական համակարգ չի կայացել, և շատ դեպքերում դատավորներն ուղղակի քաղաքական ենթատեքստով վճիռներ են կայացնում, այդ գործիչներին հաջողվում է հաշիվ մաքրել»,– նշել է նա։
Կոմիտեի նախագահի խոսքով՝ վերջին շրջանում դատական պրակտիկայում դրական միտում էր ձևավորվել․ դատարանները, որպես կանոն, չէին բավարարում հայցվորների ներկայացրած առավելագույն՝ 3 կամ 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջները, այլ սահմանում էին տասնյակ անգամ ավելի փոքր փոխհատուցումներ։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին գնահատվի, քանի որ իրականությանը չհամապատասխանող յուրաքանչյուր տեղեկություն ինքնաբերաբար զրպարտություն չէ։ Դատարանը պետք է ուսումնասիրի կոնկրետ հանգամանքները և որոշի՝ ինչ չափի փոխհատուցում է հիմնավորված տվյալ դեպքում։ «Այս նախագծով իշխանությունը, ըստ էության, սահմանափակում է անձի՝ դատարան դիմելու հնարավորությունը։ Եթե փոխհատուցում է պահանջում, վիրավորանքի դեպքում պետք է նշի առնվազն մեկ միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ երկու միլիոն դրամ, ոչ պակաս»,– ասեց Մելիքյանը։
Նրա գնահատմամբ՝ այս մոտեցումը դատարաններին զրկում է փոխհատուցման չափը գործի հանգամանքներին համապատասխան որոշելու հնարավորությունից։ Նախագծով նախատեսվող կարգավորման դեպքում վիրավորանքի համար դատարանը կարող է սահմանել 1-3 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2-6 միլիոն դրամ փոխհատուցում, սակայն չի կարող նշանակել այդ շեմերից ցածր գումար։
Կոմիտեն առաջարկում է նախագիծն ուղարկել եվրոպական կառույցներին
Մելիքյանը նշել է, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տասնամյակներ շարունակ մշտադիտարկում է լրագրողների և լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերը։ Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ երբ դատարանները բավարարել են 200-300 հազար դրամի կամ դրանից ավելի փոքր չափի փոխհատուցման պահանջները, հայցվորները, որպես կանոն, չեն բողոքարկել վճիռների այդ մասը։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ գործող դատական պրակտիկայում հնարավոր է եղել փոխհատուցման չափը սահմանել՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները, և պետության միջամտության անհրաժեշտություն չկա։ «Ինչքան էլ որ հիմնավորումներում փորձում են այս օրենքի նախագիծը դրական լույսի ներքո ներկայացնել, ես պնդում եմ, որ սա չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին»,– հայտարարել է Մելիքյանը։
Նա առաջարկել է օրենսդրական նախագիծն ուղարկել եվրոպական կառույցներին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Մելիքյանը նաև դժգոհել է, որ նախագծի մշակման ընթացքում Կոմիտեի հետ ընդհանրապես խորհրդակցություններ չեն անցկացվել։ Նրա համոզմամբ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում կատարված վերջին փոփոխությունները՝ սկսած փոխհատուցման առավելագույն շեմերի բարձրացումից մինչև ներկայիս նախաձեռնությունը, ավելի շատ պայմանավորված են եղել ինչ-ինչ էմոցիոնալ գործոններով։
Մելիքյանը կոչ է արել հետ կանչել նախագիծը և հարցի շուրջ կազմակերպել բաց քննարկումներ՝ լրագրողական հանրության մասնակցությամբ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ վտանգներ են տեսնում նախաձեռնության հեղինակները և ինչ հիմնավորմամբ են առաջարկում նման փոփոխություններ։

