Հայաստանը կարող է վերականգնել տարածաշրջանային էներգետիկ հանգույցի իր դերը

Հայաստանն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ՝ վերականգնելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրաէներգետիկ կապերը և կրկին ստանձնելու տարածաշրջանային էներգետիկ հանգույցի դերակատարումը։ Ընդ որում, Հայաստանը կարող է հանդես գալ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ 

Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Երևանում կայացած DigiConf համաժողովի ընթացքում քննարկված առաջարկին, համաձայն որի Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա ստանալ Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ դրա դիմաց այդ երկրներին հնարավորություն տրամադրել օգտվելու Firebird.ai-ի արհեստական բանականության ենթակառուցվածքներից և հաշվարկային հզորություններից։

Հայաստանի և հարևան երկրների էներգահամակարգերի միավորման տեխնիկական խոչընդոտներ չկան

Մարջանյանի խոսքով՝ Հայաստանի և հարևան երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը նախկինում արդեն գործել են փոխկապակցված ռեժիմով, հետևաբար դրանց աշխատանքի վերականգնումը տեխնիկական լուրջ բարդություններ չի ենթադրում։

«Մեր էներգահամակարգերը աշխատում էին զուգահեռ ռեժիմում՝ սինխրոնիզացված։ Տեխնիկական առումով որևէ բարդություն այս խնդիրը իրենից չի ներկայացնում։ Որոշակի հատվածներում ներկա պահին բարձրավոլտ գծերը ապամոնտաժված են։ Որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո այդ համակարգը կարող է նորից սկսել գործել»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին գործել է նաև Հայաստան-Թուրքիա բարձրավոլտ էլեկտրական կապը՝ Կարս-Գյումրի ուղղությամբ։ Թեև այն երկար ժամանակ չի շահագործվել, դրա վերականգնման համար ևս տեխնիկական սկզբունքային խոչընդոտներ չկան։

Մարջանյանը հիշեցրել է, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գտնվել է Թուրքիայի, Ադրբեջանի և մասամբ Վրաստանի կողմից իրականացված էներգատրանսպորտային համալիր շրջափակման պայմաններում։

Նրա գնահատմամբ՝ այդ շրջափակումը Հայաստանին հսկայական վնաս է պատճառել և որոշակի առումով նպաստել երկրի կրած պարտություններին։

Հայաստանը՝ տարածաշրջանային էներգետիկ հանգույց

Փորձագետի կարծիքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է ստեղծում վերականգնելու Հայաստանի նախկին դերակատարումը տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ համակարգում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ էլեկտրաէներգիա է արտահանել Վրաստան, Ադրբեջան, Նախիջևան և Թուրքիա։

Ներկայում էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է հիմնականում Իրան՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման մեխանիզմով, ինչպես նաև որոշակի ծավալներով՝ Վրաստան։

«Կարծում եմ, որ եթե էներգահամակարգերը համակցվեն, Հայաստանը ի վիճակի կլինի էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջան, Նախիջևան և Թուրքիա։ Հիմնականում մատակարարել, սա շեշտում եմ, որովհետև Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ»,- հայտարարել է Մարջանյանը։

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային էներգետիկ համագործակցության վերականգնման դեպքում Հայաստանը պետք է օգտագործի իր արտադրական հնարավորությունները և հանդես գա որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։

Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու դիմաց Firebird.ai-ի հզորությունները տրամադրելու առաջարկը նպատակահարմար չէ

Անդրադառնալով Երևանում կայացած DigiConf համաժողովի ընթացքում քննարկված առաջարկին, համաձայն որի  նախատեսում է, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա ստանալ Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ դրա դիմաց այդ երկրներին հնարավորություն տրամադրել օգտվելու Firebird.ai-ի արհեստական բանականության ենթակառուցվածքներից և հաշվարկային հզորություններից՝ Մարջանյանի նշեց․ 

«Տեխնիկական առումով այդպիսի բարտերի կազմակերպումը հնարավոր է իրականացնել։ Քաղաքական և տնտեսագիտական առումներով, կարծում եմ, այդ առաջարկը հում է և տեղին չէ»։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանն ունակ է սեփական ուժերով ապահովելու իր էլեկտրաէներգետիկ պահանջարկը, այդ թվում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան։ Նրա համոզմամբ՝ որևէ տեխնիկական կամ տնտեսական անհրաժեշտություն չկա Firebird.ai-ի տվյալների կենտրոնների գործունեությունը կապելու Թուրքիայից կամ Ադրբեջանից ներկրվող էլեկտրաէներգիայի հետ։

Փոխարենը, եթե հարևան երկրներն ունենան էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ, Հայաստանը կարող է այն մատակարարել առևտրային հիմունքներով՝ համապատասխան վճարի դիմաց։ Մարջանյանի գնահատմամբ՝ տարածաշրջանային էներգետիկ համագործակցության հարցում Հայաստանը պետք է ավելի նախաձեռնողական դիրքորոշում որդեգրի՝ օգտագործելով սեփական էներգետիկ առավելությունները։

«Կարծում եմ, որ այստեղ Հայաստանը ավելի պետք է նախաձեռնող դիրքորոշում գրավի և առաջարկի իր ծառայությունները որպես էլեկտրական էներգիա արտահանող երկիր»,- հայտարարել է նա։

Փորձագետը հատկապես կարևորել է կանաչ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի լրացուցիչ առավելություն տարածաշրջանային շուկայում։  «Ընդ որում՝ ոչ թե պարզապես էլեկտրական էներգիա, այլ կանաչ էլեկտրական էներգիա, ինչը, ի տարբերություն Ադրբեջանի, որը  ի վիճակի չէ կանաչ էներգիա արտահանել»,- եզրափակեց Մարջանյանը։


👉 Տնտեսություն

Scroll to Top