Որևէ պետություն չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի

Որևէ պետություն չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի

 Արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Հարավային Կովկասը չեն դիտարկում որպես առաջնահերթ նշանակություն ունեցող տարածաշրջան, այդ իսկ պատճառով  Հայաստանը չպետք է իր անվտանգության ու խաղաղության հեռանկարները կառուցի այդ ուժերի աջակցության ակնկալիքի վրա։ Այս մասին հայտարարել է դիվանագետ, ՀՀ առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում միջազգային միջնորդության և երաշխիկների արդյունավետությանը։

Լիպարիտյանի գնահատմամբ՝ Հայաստանում չափազանց մեծ ակնկալիքներ կան Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների ներգրավվածությունից։ Մինչդեռ միջազգային հարաբերություններում յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով, և Հայաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասը այդ շահերի համակարգում։

«Ես Արևմուտքի վրա մեծ հույս չունեմ, մանավանդ՝ Միացյալ Նահանգների։ Մենք Արևմուտքի երկրների համար, չեմ ասի՝ պատահական, բայց առավելագույնը երկրորդական հարց ենք, իսկ մեծ հաշվով երրորդական հարց ենք»,- հայտարարել է Լիպարիտյանը։

Անդրադառնալով TRIPP նախագծին և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների հնարավոր դերակատարությանը՝ Լիպարիտյանը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է նպաստել կողմերի միջև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է մշակել առաջարկներ, որոնք ընդունելի և շահավետ կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար և կնպաստեն խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սակայն դիվանագետը մեծ կասկածներ ունի  ԱՄՆ ներկայիս վարչակազմի պատրաստակամությանը հետևողականորեն զբաղվել տարածաշրջանի խնդիրներով։ «Չգիտեմ Միացյալ Նահանգների գործադիր իշխանության հետաքրքրության չափը։ Լուրջ կասկած ունեմ նախագահ Թրամփի հետևողականության, կենտրոնացման կարողության վրա»,- նշել է Լիպարիտյանը։

Լիպարիտյանը նշել է, որ գոյություն չունի այնպիսի արտաքին ուժ, որը կարող է լիարժեք երաշխավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է Ռուսաստանի վարքագծին՝ հիշեցնելով, որ Մոսկվան երկար ժամանակ համարվել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը, սակայն չկատարեց իր ստանձնած պարտավորությունները։ Այս փորձը հաշվի առնելով՝  Հայաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի այն իրողության գիտակցմամբ, որ նոր պատերազմի դեպքում օտարերկրյա զինվորականների օգնության վրա հույս դնել չի կարող։

Լիպարիտյանի գնահատմամբ՝ միջազգային միջնորդությունը միշտ չէ, որ նպաստում է հակամարտությունների կարգավորմանը։ Երբեմն արտաքին ուժերի սեփական շահերն ու փոխադարձ մրցակցությունը կարող են խոչընդոտել համաձայնությունների ձեռքբերմանը։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է 1990-ական թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, երբ Արցախյան խնդրի լուծման գործընթացում ներգրավված էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, սակայն նրանց մասնակցությունը բավարար չեղավ հակամարտությունը կարգավորելու համար։

Լիպարիտյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ պետությունների քաղաքական մտածողության մեջ պահպանվել էր Սառը պատերազմի տրամաբանությունը։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր միջնորդ մտավախություն ուներ, որ իր հետ ավելի սերտ հարաբերություններ ունեցող կողմի վրա ճնշում գործադրելու դեպքում վերջինս կարող է անցնել մրցակից ուժի ազդեցության տակ։ Հենց այդ պատճառով, ըստ Լիպարիտյանի, միջազգային միջնորդները չկարողացան համատեղ պարտադրել կարգավորման այնպիսի տարբերակ, որը կավարտեր հակամարտությունը։

Նրա համոզմամբ՝ առավել արդյունավետ են անմիջական բանակցությունները, թեև դրանք նաև ամենադժվարն են։«Իմ փորձառությամբ և մեր պատմության իմ մեկնաբանությամբ՝ ուղղակի և առանց միջնորդության բանակցություններն ամենաարդյունավետն են, թեև ամենադժվարը»,- նշել է նա։

Լիպարիտյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար առաջնային խնդիրը սեփական հնարավորությունների իրատեսական գնահատումն է, անմիջական բանակցությունների միջոցով լուծումների որոնումը և արտաքին ուժերի շահերի ճիշտ ընկալումը՝ առանց նրանցից ավելին ակնկալելու, քան նրանք իրականում պատրաստ են անել։

👉 Քաղաքականություն

Scroll to Top