Իրանի շուրջ ուժի ցուցադրությունը բանակցային գործիք է, ոչ թե պատերազմի նախերգանք

Իրանի շուրջ ուժի ցուցադրությունը բանակցային գործիք է, ոչ թե պատերազմի նախերգանք

Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածը չի բխում է ԱՄՆ ռազմավարական շահերից։ Իրանը «ոչ Իրաք է, ոչ Աֆղանստան», այլ ինստիտուցիոնալ կայացած պետություն՝ երիտասարդ և բարձր մոբիլիզացիոն ներուժ ունեցող հասարակությամբ։ Այս մասին նշեց աղաքագետ Ալեն Ղևոնդյան։

«Իրանի հասարակության հիմնական նյարդը դրսից թելադրանք չընդունելն է՝ լինի դա միջուկային, հրթիռային կամ այլ տեխնոլոգիական ընտրության հարցում», — ասաց քաղաքագետը։ 

Շրջափակում և ուժի կուտակում

Վերջին ամիսներին լարվածությունը տարածաշրջանում հասել է նոր աստիճանի։ Ղևոնդյանի խոսքով՝ պատմականորեն հազվադեպ է եղել իրավիճակ, երբ Միացյալ Նահանգներն ու մի շարք դաշնակիցներ այս ծավալի ռազմական տեխնիկա և անձնակազմ կենտրոնացնեն մեկ պետության սահմանների մոտ։

Նրա դիտարկմամբ՝ քարտեզին նայելով պարզ է դառնում, որ փորձ է արվում փաստացի շրջափակել Իրանը տարբեր ուղղություններով։ Միաժամանակ, որոշ երկրներ, օրինակ՝ Պակիստանը, հրաժարվել են աջակցություն ցուցաբերել նման սցենարներին։

Այնուամենայնիվ, քաղաքագետը համոզված է, որ ուժի կուտակումը դեռևս չի նշանակում անխուսափելի պատերազմ։ Նրա կարծիքով՝ դա առաջին հերթին բանակցային ճնշման գործիք է։

Կապիտուլյացիոն պահանջներ և «կարմիր գծեր»

Ղևոնդյանը նշում է, որ Իրանի առջև դրված պահանջների մի մասը կարելի է բնորոշել որպես կապիտուլյացիոն՝ մասնավորապես միջուկային ծրագրից լիակատար հրաժարում։ Քննարկվում են նաև միջանկյալ տարբերակներ, օրինակ՝ հարստացված ուրանի փոխանցումը երրորդ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։

Հաջորդ զգայուն թեման, նրա խոսքով, հրթիռային ծրագրերն են։ Տարիներ շարունակ գտնվելով պատժամիջոցների տակ՝ Իրանը կարողացել է ձևավորել տեխնոլոգիապես զարգացած բանակ։ Նախորդ իրանա-իսրայելական բախումների ժամանակ, ըստ Ղևոնդյանի, Իսրայելը միայն գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցության շնորհիվ է կարողացել դիմակայել հրթիռային հարվածների ծավալին։

Պատերազմի ռիսկերն ու սահմանափակումները

Քաղաքագետի համոզմամբ՝ ամերիկյան վարչակազմը խորքային իմաստով շահագրգռված չէ լայնածավալ ռազմական բախմամբ։ 85 միլիոնանոց Իրանը, որի բնակչությունը, անկախ էթնիկ բազմազանությունից, քաղաքական առումով միավորված է «Իրան» գաղափարի շուրջ, կարող է վերածվել երկարատև և ծախսատար ճակատի։

«Ցամաքային օպերացիան կարող է վերածվել Վիետնամից էլ ավելի ծանր սցենարի», — նշում է Ղևոնդյանը։

Այս համատեքստում ավելի հավանական են համարվում թիրախային հարվածները կամ էլիտաների դեմ գործողությունները, այլ ոչ թե ամբողջական ներխուժումը։

Արտաքին աջակցություն և ներքին սցենարներ

Ղևոնդյանի պնդմամբ՝ հրապարակային և ոչ հրապարակային տվյալները վկայում են նրա մասին, որ Իրանը ստացել է զգալի ռազմական և տեխնոլոգիական աջակցություն ինչպես Չինաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Միաժամանակ, Թեհրանը վերականգնում է նախորդ բախումների ժամանակ վնասված ենթակառուցվածքները՝ պատրաստվելով հնարավոր նոր հարվածների։

Նա չի բացառում նաև ներքին ապակայունացման փորձերը՝ զանգվածային անկարգությունների և քաղաքական ճնշումների միջոցով Իրանի վարչակարգը փուլային կերպով փոխելու տարբերակը։ Սակայն, ընդգծում է նա, Իրանը բազմիցս ապացուցել է, որ ունի բարձր դիմադրողականություն նման սցենարների հանդեպ։

Հայաստանի համար հետևանքները

Ղևոնդյանը փաստում է, որ իրավիճակը «ֆանտաստիկ լարված» է, իսկ զարգացումները կարող են ընթանալ արագ և անկանխատեսելի սցենարներով՝ պայմանավորված նաև տեղեկատվական վակուումով։

Քանի որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, ցանկացած սրացում անխուսափելիորեն ազդեցություն կունենա նաև Երևանի վրա՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով։

«Մենք մեր մաշկի վրա կզգանք ցանկացած սցենարի ազդեցությունը՝ լինի դրական, թե ցավալիորեն բացասական», — եզրափակում է քաղաքագետը։

Scroll to Top