Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանը օրերս հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի իշխանությունների միջև առաջացած լարվածության ֆոնին, նա առաջարկում է ստեղծել նոր սինոդական խորհուրդ՝ ներառելով նաև այն հոգևորականներին, որոնք միացել են վարչապետի դիրքորոշումներին: Ըստ պատրիարքի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը կորցրել է իր հեղինակությունը, իսկ այս նախաձեռնությամբ կվերականգնվի եկեղեցու ներքին միասնությունը և կստեղծվի հարթակ՝ խնդիրների խոհեմ լուծման համար: Այս քայլը Հայաստանում առաջացրել է տարբեր արձագանքներ՝ ոմանք այն համարում են միասնություն ապահովելու փորձ, շատերը՝ ռիսկ։
ՀԱԵ կանոնադրական հիմքերը բացառում են սինոդական համակարգը
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ընդգծում է․ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրական հիմքերը պարզապես բացառում են սինոդական համակարգը, կամ այդ համակարգի սկզբունքներով մարմին ձևավորելը:
«Սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը պատմականորեն գործել է ներեկեղեցական ինքնակառավարումը օտար ուժերից անմիջական կախվածության մեջ դնելու անթաքույց նկրտումներով: Բնորոշ է այն, որ 1807-1836թթ. սինոդական համակարգը ներդրվել է Օսմանյան կայսրության ջանքերով, իսկ 1836-1917թթ.՝ ցարական Ռուսաստանում հաստատված, այսպես կոչված՝ «Պոլոժենիով»», — նշեց Դանիելյանը:
Ըստ նրա՝ սինոդական համակարգը, ըստ էության, հարմարեցված է ոչ թե ինքնակառավարման, այլ արտաքին ուժերի կողմից խորհրդակցական մարմնի իմիտացիա ապահովող կառույցի միջոցով անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին, ինչին ժամանակին դիմել են Թուրքիան, ապա ցարական Ռուսաստանը, և սա պատմական իրողություն է: Դանիելյանը ընդգծում է՝, որ սինոդի համակարգը չունի նաև դավանական կամ աստվածաբանական որևէ հիմնավորում:
Պոլսո պատրիարքն առաջնորդվում է անձնական նկրտումներո՞վ
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունեանը իր հերթին շեշտում է․ «Եկեղեցու վարչական կամ այլ հարցերում դրսից պարտադրված կարգադրությունների ընդունումը կնշանակի եկեղեցու խղճի և ինքնավարության ազատության վտանգում»։
Քոչունեանի խոսքով՝ Մաշալյան պատրիարքի առաջանկը չի բխում ո՛չ Հայ Առաքելական եկեղեցու կառավարման, ո՛չ էլ Եպիսկոպոսաց Հավաքի կողմից ընդունած հայտարարության ոգուց։
«Չեմ ցանկանում խնդիրը չափազանցել, սակայն այս պահին ստեղծված իրավիճակը տպավորություն է թողնում, թե Պոլսո պատրիարքն առաջնորդվում է անձնական նկրտումներով»,– ասում է Քոչունեանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ սառնասրտորեն վերանայելով իրավիճակը՝ պատրիարքը կվերադառնա բնականոն հարաբերությունների դաշտ։
Նա համոզված է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանի դարավոր կապը չի կարող խզվել։ «Կոստանդնուպոլսի պատրիարքական աթոռը ավանդաբար եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հովանու ներքո, և այդ կապի խզումը գործնականում կնշանակի դուրս մնալ Հայ Առաքելական եկեղեցու ամբողջականությունից։ Պոլսո համայնքը ավանդապաշտ է և դժվար թե հանդուրժի նման զարգացումներ», — նշեց Քոչունեանը։

