Հայաստանում առաջարկվում է հինգ անգամ ավելացնել քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը՝ գործող 50 հազարից հասցնելով 250 հազար դրամի։ Քաղաքացիության դադարեցման համար առաջարկվում է սահմանել 1,5 միլիոն դրամ տուրք՝ գործող 150 հազարի փոխարեն՝ 10 անգամ ավել։ Այսպիսով, քաղաքացիությունից հրաժարվելը կարժենա վեց անգամ ավելի թանկ, քան դրա ստացումը։
Հենց այս հարաբերակցությունն է առաջացնում գլխավոր հարցը. ի՞նչ տրամաբանություն է պետությունը դնում քաղաքացիության ինստիտուտի հիմքում։
Եթե քաղաքացիությունը մարդու և պետության միջև լիարժեք իրավական կապ է,ապա այդ կարգավիճակի ձեռքբերումն ու դրանից հրաժարվելը պետք է կարգավորվեն հստակ վարչական ընթացակարգերով։ Պետությունն, անշուշտ, իրավունք ունի վճարներ սահմանել փաստաթղթերի ձևակերպման և դիմումների քննարկման համար։ Սակայն, երբ քաղաքացիությունից հրաժարվելը մի քանի անգամ ավելի թանկ է դառնում, քան ստանալը, առաջանում է ոչ թե վարչական տուրքի, այլ յուրօրինակ ֆինանսական խոչընդոտի ստեղծման տպավորություն։
Սա հատկապես տարօրինակ է թվում գործող իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի ֆոնին։ Հայաստանը հայտարարում է Եվրոպական միությանն ու արևմտյան երկրներին մերձենալու ձգտման մասին, սակայն սեփական քաղաքացիության նկատմամբ առաջարկվող պրակտիկան մեծապես հակառակ ուղղությամբ է տանում։
Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու արժեքն ավելի բարձր է, քան դրանից հրաժարվելունը։ Մեծ Բրիտանիայում չափահաս անձի հպատակագրումը արարողակարգի հետ միասին արժե £1 839, մինչդեռ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելը էապես էժան է։ Կանադայում չափահաս դիմորդը քաղաքացիություն շնորհելու համար վճարում է 530 կանադական դոլար՝ դիմումի քննարկման համար, դրան գումարվում է ևս 123 դոլար քաղաքացիության իրավունքի վճարը. ընդհանուր առմամբ՝ 653 դոլար։ Կանադական քաղաքացիությունից հրաժարվելն արժե ընդամենը 100 դոլար։ ԱՄՆ-ում իրավիճակը նույնպես փոխվել է քաղաքացիությունից հրաժարվելու արժեքի նվազման ուղղությամբ. 2026 թվականի ապրիլից ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը $2 350-ից կրճատվել է մինչև $450։
Այսինքն՝ այն երկրները, որոնց Հայաստանը ձգտում է քաղաքական և ինստիտուցիոնալ առումով, ընդհանուր առմամբ ցուցադրում են Հայաստանում առաջարկվող տարբերակի հակառակ տրամաբանությունը. քաղաքացիություն ստանալն ավելի ծախսատար ընթացակարգ է, և պետությունը ֆինանսական արգելք չի սահմանում այն մարդկանց, ովքեր որոշել են հրաժարվել դրանից։
Կան, անշուշտ, երկրներ, որտեղ քաղաքացիություն ստանալը ավելի մատչելի է, քան դրանից հրաժարվելը։ Օրինակ՝ Ճամայկայում հպատակագրումն արժե 50 հազար ճամայկական դոլար, իսկ երկրի ներսում քաղաքացիությունից հրաժարվելը՝ 80 հազար։ Բայց նույնիսկ այնտեղ տարբերությունը կազմում է 60%, այլ ոչ թե 500%, ինչպես այժմ առաջարկվում է Հայաստանում։
Նույնիսկ Ռուսաստանը, որից հայկական իշխող ուժը վերջին տարիներին «փորձում է փախչել ամբողջ թափով», փոքր-ինչ այլ պատկեր է ցույց տալիս։
Ռուսաստանը նույնպես կտրուկ բարձրացրել է արտերկրում քաղաքացիությունից հրաժարվելու արժեքը։ Ինչը բնական է՝ հաշվի առնելով ռազմական գործողությունները, ՌԴ շատ քաղաքացիներ փորձում են հրաժարվել քաղաքացիությունից։ 2026 թվականի օգոստոսի 1-ից քաղաքացիությունից հրաժարվելու դիմումի քննարկման հյուպատոսական տուրքը կազմում է $1 200, մինչդեռ արտերկրում ՌԴ քաղաքացիություն ստանալու համար գանձվում է $600։ Ռուսաստանի ներսում իրավիճակն ավելի մեղմ է. 2026 թվականի հուլիսից թե՛ քաղաքացիության ընդունումը, թե՛ դրանից հրաժարվելը հարկվում են նույն պետական տուրքով՝ 50 հազար ռուբլի։
Այո, եթե մարդը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվում է արտերկրում, վերջնական գումարը կարող է գերազանցել բուն հյուպատոսական տուրքը՝ հյուպատոսարանի լրացուցիչ փաստացի ծախսերի պատճառով։
Սակայն նույնիսկ այս օրինակն էապես ավելի մեղմ է, քան Հայաստանում առաջարկվող մոդելը։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե «հրաժարվողի» վճարելիք գումարի չափն է, այլ բուն քաղաքացիություն հասկացության հանդեպ վերաբերմունքը։ Փաստացի, պետական մակարդակով Հայաստանի քաղաքացիությունը հայտարարվում է այնքան ոչ գրավիչ, որ պետությունը պատրաստ է այն տրամադրել գրեթե ձրի։ Պարզ ասած՝ քաղաքացիությունը վերածվում է մարզասրահի յուրօրինակ աբոնեմենտի, երբ հրաժարվելու դեպքում պահանջվում է տուգանք վճարել։
Քաղաքացու և պետության հարաբերությունների նորմալ համակարգում քաղաքացիությունը պետք է պահպանի իր գրավչությունը նախևառաջ իրավունքների, հնարավորությունների, անվտանգության և պետական ինստիտուտների հանդեպ վստահության հաշվին, այլ ոչ թե դրանից հրաժարվելու ֆինանսական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։

