Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կարևորությունը ոչ այնքան բովանդակությունն էր, որքան այն ժամանակահատվածը, երբ այն տեղի ունեցավ։ Այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ եթե մինչև այս տարվա ամառը Երևանն ու Բաքուն դեռ հնարավորություն ունեին ընտրելու հարաբերությունների զարգացման այն ուղղություններն ու դրվագները, որոնցում խնդիրները համեմատաբար հեշտ էին լուծվում, այս անգամ նման հնարավորություն այլևս չկա։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ անգամ Կիրանցի հետ կապված խնդիրները և այդ հատվածում սահմանազատման իրականացումը, չնայած Հայաստանում առաջացրած քաղաքական լարվածությանը, այսօրվա մարտահրավերների համեմատությամբ ավելի մեղմ և լուծելի էին։ «Այն խնդիրները, որոնք ծառանալու են Բաքվի և Երևանի միջև այս ամիսների ընթացքում, շատ ավելի բարդ են և կպահանջեն լուրջ մոտեցումներ և լուրջ դիվանագիտական ջանքեր»,- ասել է Նավասարդյանը։
Սահմանազատում․ ամենաբարդ փուլը դեռ առջևում է
Նավասարդյանի կարծիքով՝ այս փուլում Հայաստանի համար առաջնահերթ է պահպանել Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, միաժամանակ առավելագույնս ստեղծագործ մոտեցում ցուցաբերել այն լուծումներին, որոնք անհրաժեշտ է գտնել երկու երկրների հարաբերությունների շրջանակում։ Այդ խնդիրների շարքում նա առանձնացնում է նաև սահմանազատման գործընթացը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացը զգալիորեն դանդաղել է, և 2024 թվականից ի վեր առնվազն գետնի վրա որևէ առաջընթաց չի արձանագրվել։
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը պետք է սկսվեր Հայաստանի հյուսիս-արևելքից՝ երեք անդրկովկասյան հանրապետությունների ընդհանուր սահմանների կետից, և շարունակվեր դեպի հարավ։ Սակայն, ըստ վերլուծաբանի, այդ գործընթացին բավական մոտ են կանգնած նաև անկլավների խնդիրները։«Քանի որ վաղ թե ուշ, եթե այդ ուղղությամբ շարունակվի սահմանազատման գործընթացը, մենք կհասնենք Արծվաշեն և դրան հարող տարածքներ։ Լուծումները, կրկնում եմ, առայժմ գտնված չեն, անգամ լուծումների մոդելը գտնված չէ»,- ասել է նա։
Նավասարդյանը սա համարում է այն ամենալուրջ մարտահրավերներից մեկը, որի դեպքում Երևանն ու Բաքուն պետք է կարողանան հնարավորինս կառուցողական տարբերակներ գտնել։ Խնդրի բարդությունն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ այս փուլում հարցերն արդեն անմիջականորեն վերաբերելու են առանձին բնակիչների շահերին, անվտանգության ակնկալիքներին, ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրներին։
Քաղաքական հարցի բախումը մարդկանց կոնկրետ խնդիրներին, նրա խոսքով, անխուսափելիորեն կարող է լարվածություն առաջացնել։ Որպես օրինակ նա կրկին հիշատակում է Կիրանցը՝ նշելով, որ անգամ համեմատաբար փոքր սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ այնտեղ բավական բարդ էր անցնել խնդրի կողքով և գտնել լուծումներ։
«Մի խոսքով, այս ամեն ինչը, իհարկե, Մոսկվայում հասկանում են և փորձում են օգտագործել իրենց շահերի համար»,- նշել է վերլուծաբանը։
Ռուսաստանը փորձելու է շարունակել հին քաղաքական ավանդույթը
Վերլուծաբանի կարծիքով՝ այդ բարդությունները էլ ավելի են խորացնում Ռուսաստանի փորձերը շարունակել այն քաղաքական ավանդույթը, որը կիրառվում էր դեռ երեք տարի առաջ և դրանից ավելի վաղ՝ հայ-ադրբեջանական հակասություններն օգտագործել երկու երկրների նկատմամբ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը կիրառում է բավական կոշտ միջոցներ, մինչդեռ Ադրբեջանի նկատմամբ մոտեցումն ավելի մեղմ է։ Դա, ըստ Նավասարդյանի, պայմանավորված է նրանով, որ Մոսկվայում շարունակում են Հայաստանը դիտարկել որպես Բաքու-Երևան տանդեմի ավելի թույլ օղակ և կարծում են, որ հենց Հայաստանի նկատմամբ ճնշումների, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների միջոցով, հնարավոր է արդյունքի հասնել։
Ադրբեջանի դեպքում, նրա գնահատմամբ, Ռուսաստանը փորձում է կիրառել առավելապես սիրաշահման մեթոդաբանություն կամ մարտավարություն։ Այդ քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը կրկին կապվում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության 9-րդ կետի՝ Մեղրիի ճանապարհի հարցի հետ։ «Ռուսաստանը փորձում է կրկին Ադրբեջանին ցույց տալ, որ միգուցե ինքը կարող է ավելի լավ գործընկեր լինել այս հարցում, քան ԱՄՆ-ն է, կամ գոնե որպեսզի Ադրբեջանը շահագրգռված լինի ԱՄՆ-ի ջանքերին միացնել նաև Ռուսաստանի աջակցությունն այս հարցում»,- նշել է նա։ Սակայն Նավասարդյանի կարծիքով՝ Բաքուն այնքան էլ չի գայթակղվում այդ առաջարկվող լուծումներով, քանի որ ավելի արդյունավետ հեռանկար է տեսնում TRIPP-ի, ինչպես նաև հայ-ադրբեջանական անմիջական երկկողմ բանակցությունների և հարաբերությունների զարգացման մեջ։
Ռուսաստանը հույս ունի իրականացնել «Գյումրիի սցենարը»
«Այնպես որ մենք պետք է պատրաստ լինենք բավականին կոշտ գործողությունների Ռուսաստանի նկատմամբ, որոնք կապված են նաև մեր ներքին քաղաքական զարգացումների հետ»,- ասել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ այդ գործընթացներից մեկը կապված է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, որտեղ Ռուսաստանը, իր գնահատմամբ, հույս ունի իրականացնել «Գյումրիի սցենարը» և դրա միջոցով ազդեցություն ունենալ նաև կենտրոնական իշխանության քաղաքականության վրա։
Մյուս ուղղությունը հանրաքվեի անցկացման պահանջն է։ Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին պարտավորեցնել անցկացնել այդ հանրաքվեն՝ լավ հասկանալով, որ անկախ դրա արդյունքներից՝ ինչպես հանրաքվեն, այնպես էլ դրան մոտեցող ժամանակահատվածը կարող են Հայաստանում խորացնել ներքաղաքական լարվածությունն ու հակասությունները։
Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է սրել նաև Ռուսաստանի կամ եվրոպական, արևմտյան կողմնորոշման շուրջ բանավեճը։ «Այդ գործիքակազմը, այո, Ռուսաստանը օգտագործելու է»,- ընդգծել է նա։

