Բաքուն մենաշնորհել է հայ գերիների հարցը․ ի՞նչ վտանգավոր հետևանքներ է ստեղծում Երևանի լռությունը

Բաքուն մենաշնորհել է հայ գերիների հարցը․ ի՞նչ հետևանքներ է ստեղծում Երևանի լռությունը

Բաքվում պահվող հայ գերիների հարցում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը գնալով ավելի խնդրահարույց է դառնում, քանի որ հնարավորություն է տալիս Ադրբեջանին անխոչընդոտ մենաշնորհել այս թեմայի շուրջ ձևավորվող խոսույթը և օտարերկրյա տարբեր դերակատարներին պարտադրել ադրբեջանական մոտեցումները։ Այս մասին ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Իշխանության մոտեցումները գերիների հարցում որևէ արդյունք չեն ապահովել

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններում հիմնական շեշտադրումն այն է, որ գերիների հարցի շուրջ ավելորդ հրապարակային աղմուկը կարող է խանգարել գործընթացին, ուստի անհրաժեշտ է ավելի հանգիստ, փակ դռների հետևում աշխատել Ադրբեջանի հետ՝ արդյունքի հասնելու համար։

Գրիգորյանը նշում է, որ նման մոտեցման արդյունավետությունը հնարավոր էր քննարկել երկու-երեք տարի առաջ, սակայն անցած տարիների ընթացքում որևէ էական արդյունք նման մոտեցումը չի ապահովել, ինչն այլևս  արդեն թույլ է տալիս արձանագրել դրա ձախողված լինելը։

«Իհարկե, չեմ պնդում, որ պետք չէ ադրբեջանական կողմի հետ աշխատել փակ դռների հետևում, փորձել այս հարցը այլ հարցերի հետ նույն փաթեթով քննարկել և հասնել արդյունքների։ Բայց այն մոտեցումը, որ գերիների թեմայով մենք ընդհանրապես չենք խոսում, հրապարակային չենք խոսում և ընդհանուր առմամբ դա մեր առաջնահերթությունների շարքի մեջ չի մտնում, աբսուրդ է»,- ասել է նա։

Հայաստանի կողմից գերիների խնդրի նկատմամբ մեծ հաշվով համակարգային շեշտադրում չի իրականացվում

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս քաղաքականությունն արդեն ունի շատ կոնկրետ և գործնական հետևանքներ։ Նա պատմել է տարբեր երկրների դիվանագետների հետ ունեցած շփումներից մի քանի դրվագ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, թե ինչպես է գերիների հարցը Հայաստանի օրակարգում հետին պլան մղվել։

Առաջին դեպքը, ըստ Գրիգորյանի, տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ եվրոպական երկրներից մեկի բարձրաստիճան պատվիրակության հետ փորձագիտական հանրության հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել ՀՀ արտգործնախարարի տեղակալի մակարդակով հանդիպումից հետո։ Նման հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետները սովորաբար փորձում են հասկանալ, թե որոնք են Հայաստանի գլխավոր մարտահրավերները, ինչ հրատապ խնդիրներ կան և ինչով կարող են իրենց երկրները նպաստել դրանց լուծմանը։

Փորձագիտական խմբի ներկայացուցիչները, ինչպես նշում է քաղաքագետը, նման հանդիպումներում մշտապես բարձրացնում են գերիների հարցը։ Սակայն այս դեպքում ուշագրավ էր այն հանգամանքը, որ հանդիպումից անմիջապես առաջ տվյալ օտարերկրյա պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության և այլ պաշտոնյաների հետ, բայց խնդրից տեղյզկ չէր։

«Երբ մենք սկսեցինք խոսել գերիների թեմայի մասին, հասկացանք, որ այս մարդը ընդհանրապես տեղյակ չէ, որ այդպիսի թեմա կա։ Նույնիսկ նա գրիչ վերցրեց ու սկսեց ինչ-որ գրառումներ, նշումներ անել՝ քանի հոգի են պահվում Բաքվում, ովքեր են և ինչ են»,- պատմել է Գրիգորյանը։ Նրա համոզմամբ՝ այս դրվագը վկայում է, որ Հայաստանի կողմից գերիների խնդրի նկատմամբ մեծ հաշվով համակարգային շեշտադրում չի իրականացվել։

Այս քաղաքականությունն արդեն ունի շատ կոնկրետ և գործնական հետևանքներ

Քաղաքագետի ներկայացրած երկրորդ դրվագը տեղի է ունեցել վերջերս և, նրա գնահատմամբ, այն արդեն կարելի է դիտարկել որպես նույն քաղաքականության հետևանք։ Բավական բարձր մակարդակի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել գերիների թեմային։ Այդ ժամանակ գործընկերներից մեկը անգլերենում օգտագործել է «hostage» բառը՝ գերի բառի միջազգային կիրառվող համարժեքներից մեկը։

Դիվանագետի արձագանքը, ըստ Գրիգորյանի, բավական ուշագրավ էր։ Նա այդ բառը բնութագրել է որպես «պրովոկատիվ»՝ չնայած այն հանգամանքին, որ տվյալ պաշտոնյան ներկայացնում էր բավական լուրջ պետություն և չէր կարող միակողմանի դիրքորոշում ունենալ։ «Դա միջազգային բառապաշարում, միջազգային իրավունքի մաս հանդիսացող եզրույթ է»,- ընդգծել է քաղաքագետը։

Փորձելով հասկանալ, թե ինչու է դիվանագետը տվյալ եզրույթը պրովոկատիվ երանգով ընկալում,փորձագետները ստացան ադրբեջանական մոտեցման բացատրությունը։ Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի տեսանկյունից Բաքվում պահվող այդ անձինք հանցագործներ են, որոնք խախտել են Ադրբեջանի Սահմանադրությունը, երկրի ներքին օրենսդրությունը և այլ օրենքներ։

Գրիգորյանի գնահատմամբ՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ բազմաթիվ այլ հարցերի նման նաև գերիների թեմայի շուրջ միջազգային հարթակներում փաստացի մնում է մեկ՝ ադրբեջանական խոսույթը։ Ադրբեջանը շարունակաբար այդ մարդկանց ներկայացնում է որպես հանցագործների, որոնք, ըստ Բաքվի պնդումների, ռազմական հանցագործություններ են իրականացրել և խախտել Ադրբեջանի Սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, Երևանից առնվազն հրապարակային մակարդակում չկա դրան հակազդող համարժեք խոսույթ։

Անընդունելի է ձևացնել, թե ընդհանրապես խնդիրներ չկան 

Նրա համոզմամբ՝ Երևանը կարող է շարունակել Ադրբեջանի հետ կառուցողական մթնոլորտում բանակցությունները TRIPP-ի, ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ, սակայն անընդունելի է ձևացնել, թե ընդհանրապես խնդիրներ չկան, խաղաղությունը հաստատված է, իսկ խաղաղության գործընթացում այլևս որևէ կնճիռ չկա։

Քաղաքագետի կարծիքով՝ խաղաղության գործընթացը ինքնանպատակ դարձնելը, որպեսզի այն հետագայում հասարակությանը ներկայացվի որպես արդեն իսկ հաստատված քաղաքականություն, վտանգավոր է, քանի որ արդյունքում ձևավորվում է տեղեկատվական անհավասարակշռություն։

«Այս մոտեցումը ստեղծում է այսպիսի ասիմետրիա. երբ կա ադրբեջանական մոտեցումը տարբեր հարցերի նկատմամբ, ադրբեջանական փաթեթավորումը այդ հարցերի, և չկա որևէ հակակշռում հայկական կողմից»,- նշել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ դրա հետևանքով միջազգային և օտարերկրյա դիվանագետները շարունակաբար սկսելու են գերիների հարցը ընկալել հենց ադրբեջանական պրիզմայով։ Այսինքն՝ ոչ թե որպես պատերազմի հետևանքով գերեվարված և Բաքվում պահվող հայերի խնդիր, այլ որպես անձանց, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես հանցագործներ և որոնց դատելու իրավունքը վերագրում է իրեն։

Բաքուն նաև փորձում է տարբերակել Բաքվում պահվող հայերին

Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել նաև ադրբեջանական մեկ այլ պատումի վրա, որն, ըստ նրա, վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվորեն առաջ է մղվում։

Խոսքը Բաքվում պահվող հայերի տարբեր կատեգորիաների բաժանման մասին է։ Ադրբեջանի կողմից փորձ է արվում մի խմբում առանձնացնել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ մյուսում՝ այն մարդկանց, որոնք որևէ պաշտոն չեն զբաղեցրել և պարզապես գերեվարվել են։

Քաղաքագետի խոսքով՝ այդ բաժանումն արդեն ընկալելի է դառնում նաև որոշ օտարերկրյա դերակատարների համար, և դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը այս հարցի վերաբերյալ ևս հստակ դիրքորոշում չի արտահայտում։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն  Ադրբեջանի խոսույթը չէ։ Ավելի լուրջ խնդիրն այն է, որ Բաքվի ձևակերպումներին միջազգային դաշտում հակակշիռ չի ստեղծվում, ինչի հետևանքով ադրբեջանական մեկնաբանությունը աստիճանաբար վերածվում է թեմայի շ՛ուրջ ձևավորվող գերիշխող միջազգային ընկալման։

Scroll to Top