Իրանի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ տեղեկատվությունը շարունակում է մնալ սահմանափակ, ինչը բարդացնում է միանշանակ գնահատականներ տալը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ իրավիճակի վերլուծությունն առավել դժվարանում է նաև այն պատճառով, որ հակամարտության առանցքային ուղղություններից մեկը տեղեկատվական և քարոզչական պայքարն է։
«Տեղեկատվությունը բավականաչափ սուղ է, և նման պայմաններում հստակ եզրակացություններ անել, թե ինչ է իրականում կատարվում Իրանի ներսում, բավական բարդ է»,- նշում է նա։
Նոր մարտավարություն՝ արտաքինից դեպի ներքին դաշտ
Փորձագետի գնահատմամբ՝ Իրանի դեմ հակամարտությունում նկատվում է մարտավարական փոփոխություն։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անցում են կատարում նոր գործելաոճի, որը ենթադրում է ռազմական ակտիվության որոշակի նվազում և շեշտադրում Իրանի ներսում ներքաղաքական գործընթացների վրա։
«Խոսքը ներքին բողոքի գործողությունների խթանման փորձերի մասին է, ինչը կարող է դառնալ ճնշման նոր գործիք»,- ասում է Պետրոսյանը։
Միաժամանակ, նրա խոսքով, Իրանը ևս արձագանքում է սեփական հակաքայլերով՝ փորձելով կանխել նման զարգացումները և վերահսկել ներքին իրավիճակը։
Համակարգի կայունություն՝ առանց կոլափսի նշանների
Պետրոսյանը նշում է, որ Իրանում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել առանց լուրջ խափանումների։
«Չնայած առանձին անձանց կարևորությանը՝ Իրանում առաջնայինը համակարգն է և սահմանադրական կարգը։ Մինչ այժմ չենք տեսել պետական կառավարման կոլափս, ինչը ցույց է տալիս համակարգի որոշակի կայունություն»,- ընդգծում է նա։
Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների, երկրի ներսում իշխանության իրական բաշխումը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկված լինել։ Փորձագետի խոսքով՝ հիմնական դերակատարությունը, հատկապես պատերազմական պայմաններում, վերագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որը փաստացի կարող է ուղղորդել Իրանի ռազմավարությունը։
Ներքին ճնշումների ուժեղացում
Փորձագետը նաև նշում է, որ Իրանը ակտիվորեն փորձում է կանխել ներքին բողոքի ալիքների ձևավորումը։
«Վերջին օրերին տարբեր աղբյուրներ հաղորդում են հարյուրավոր ձերբակալությունների մասին՝ կապված հակառակորդի հատուկ ծառայությունների հետ հնարավոր համագործակցության կասկածների հետ։ Կան նաև տեղեկություններ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման մասին»,- ասում է նա։
Այս քայլերը, ըստ նրա, նպատակ ունեն կանխել այնպիսի ներքին զարգացումներ, որոնք կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից՝ քաղաքական համակարգի փոփոխության գործընթաց առաջ մղելու համար։
Պետրոսյանը նշում է, որ Իրանը պատրաստվում է հակամարտության նոր փուլին՝ կենտրոնանալով ոչ միայն արտաքին, այլև ներքին մարտահրավերների վրա։
Նրա գնահատմամբ՝ առաջիկայում առանցքային կլինի այն, թե որքան արդյունավետ կկարողանա Իրանը զսպել ներքին լարվածությունը և միաժամանակ հակազդել արտաքին ճնշումներին։

