Վերջին տարիներին Հայաստանում էլեկտրամոբիլների թիվը կտրուկ աճել է, բայց դրանց լիցքավորման գործընթացը շարունակում է մնալ բարդ եւ ոչ հստակ կարգավորված։ Բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքացիները հաճախ ստիպված են անցնել երկար ու ծախսատար ճանապարհ՝ դառնալ ՀԷՑ-ի առանձին բաժանորդ, չնայած իրենց բնակարանի հզորությունը լիովին բավարար է մեքենան լիցքավորելու համար։ Բացի այդ, գործող օրենսդրությունը թույլ չի տալիս ճկուն լուծումներ էներգաարտադրողների եւ սպառողների համար, ինչն իր հերթին խոչընդոտում է շուկայի մրցակցությանը։
Այս խնդիրները լուծելու նպատակով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը առաջարկեց մի շարք փոփոխություններ «Էներգետիկայի մասին» օրենքում։ Մասնավորապես՝ օրինագիծն ամրագրվում է, որ յուրաքանչյուր սպառող կարող է մատուցել լիցքավորման ծառայություն առանց լիցենզավորման պահանջի։ Սա հստակեցնում է իրավական դաշտը եւ նվազեցնում վարչարարական խոչընդոտները։ Այսինքն՝ սպառողը կարող է իր բնակարանում ստացած էլեկտրաէներգիան օգտագործել նաեւ ավտոկայանատեղիում կամ իրեն պատկանող այլ գույքում՝ ինքնուրույն ապահովելով կապակցումը։ Սա լուծում է այն խնդիրը, որ մինչ այժմ բնակարաններից դուրս լիցքավորումը համարվում էր խաղտում և հանդիսանում էր ՀԷՑ-ի կողմից տուգանվելու հիմք։
Բացի դրանից, 150 կՎտ-ից բարձր հզորությամբ ինքնավար էներգաարտադրողներին հնարավորություն է տրվում հավասար պայմաններով մասնակցել մեծածախ շուկային՝ խթանելով մրցակցությունը։ Օրենքում առաջարկվում է հստակ ամրագրել, որ ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ՝ հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով։
Չնայած դրական ակնկալիքներին, նախագծում կան նաեւ որոշ խնդիրներ։ Օրենքով լիցքավորման ծառայությունը նախատեսվում է մատուցել առանց լիցենզավորման, ինչը կարող է թուլացնել որակի եւ անվտանգության վերահսկողությունը․ եթե չկա լիցենզիա, ապա չկա նաեւ հստակ վերահսկող մարմին։ Բացի այդ, սպառողին թույլատրվում է իր բնակարանի ցանցը կապել այլ գույքի հետ, ինչը խիստ տեխնիկական ստանդարտների բացակայության դեպքում կարող է ստեղծել վթարների ռիսկեր։
150 կՎտ-ից բարձր հզորությամբ ինքնավար արտադրողների մուտքը մեծածախ շուկա տեսականորեն խթանում է մրցակցությունը, սակայն հստակ կանոնների բացակայության դեպքում կարող է առաջացնել գների անկայունություն։ Նույն կերպ, ինքնավար խմբերի ներսում հարաբերությունների լիակատար ազատականացումը, երբ ամեն ինչ որոշվում է միայն մասնակիցների համաձայնությամբ, կարող է հանգեցնել շահերի բախումների եւ չարաշահումների՝ առանց երրորդ կողմի վերահսկողության։