ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց. հետևանքներ Հայաստանի համար

ԵԱՀԿ ՄԽ-ը լուծարվեց. հետևանքներ Հայաստանի համար

Մինսկի խումբն լուծարված է։ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված։

«Լռելյայն համաձայնության» ընթացակարգի համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ առարկություններ կարող էին ներկայացվել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Քանի որ առարկություններ չեն ներկայացվել, որոշումը համարվում է ընդունված։ Որոշման հաստատումից հետո սկսվում է պաշտոնական լուծարման վարչական և ֆինանսական ընթացակարգը, որը կտևի մի քանի ամիս և կավարտվի ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերը։

Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է

Քաղաքագետ Արմեն Այվազյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը մասնակից պետությունների ծափահարությունների ներքո ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ոչնչացումը մինչև վերջին մանրուքը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև։

«Այդ կառույցը եղել է ընդամենը ֆիկցիա, խաբկանք՝ հայերին խաղաղության պատրանքներով մոլորեցնելու համար։ Մինչդեռ հարցին նախատեսված էր տալ ռազմական և նույնիսկ ցեղասպանական լուծում՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի», — նշեց նա։

Նրա համոզմամբ, Մինսկի խմբի անդամ պետությունները և ԵԱՀԿ-ն այժմ ծափահարում են 08․08․2025-ի Վաշինգտոնյան համաձայնագրերին։ Ինչպես 1992-ին հայերին խաբեցին՝ ստեղծելով «ոչ ու փուչ դիվանագիտական հարթակը», նույն կերպ այսօր էլ փորձում են ստեղծել պատրանք։ Իրականում, Այվազյանի խոսքով, ի դեմս Վաշինգտոնյան համաձայնագրերի գործ ունենք Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի հետ։

«ՀՀ գոյությունն այժմ վտանգված է ավելի, քան երբևէ։ Եվ եթե այս դեպի կործանում տանող երթը չկասեցվի, ապա հաջորդ բուռն ծափահարությունները կհնչեն արդեն Հայաստանի վերացման առիթով», — զգուշացրեց քաղաքագետը։

Բոլոր 57 երկրները հայտարարեցին, որ Արցախի հարցը փակված է

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ Մինսկի խմբի լուծարումը չափազանց բացասական հետևանքներ կունենա հայկական կողմի համար։ Նրա խոսքով՝ գործընթացում ընդգրկված 57 երկրները հնարավորություն ունեին բարձրացնելու լայն հարցերի շրջանակ՝ սկսած հայերի Արցախ վերադարձից մինչև հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման խնդիրները։

Այժմ, ըստ Պապյանի, այդ հնարավորությունները կսահմանափակվեն, և այս հարցերին անդրադառնալ ցանկացող երկրները ստիպված կլինեն հղում կատարել այլ միջազգային փաստաթղթերի։

«Ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ կոնսենսուսով Մինսկի խմբի լուծարումը իրականում նշանակում է, որ բոլոր 57 երկրները համաձայն են՝ Արցախի հարցը փակված է», — ընդգծեց վերլուծաբանը։

Արցախյան հարցը շարունակում է մնալ օրակարգային

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի համոզմամբ՝ Մինսկի խմբի լուծարումը չի կարող դիտվել որպես Արցախյան հիմնախնդրի փակման հավասարազոր քայլ։

«Արցախյան հարցը գոյություն ուներ դեռևս Մինսկի խմբի ձևավորումից շատ առաջ։ Այո՛, այս լուծարման փաստը տհաճ և վնասակար է, սակայն դա չի նշանակում, թե խնդիրը փակվել է։ Այն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են և պատրաստ են պայքարել հայկական Արցախի անկախության համար», — ասաց Միրզոյանը։

Scroll to Top