Հայաստանում նախընտրական գործընթացը փաստացի մեկնարկել է դեռևս անցյալ տարվա օգոստոսի 8-ից, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի փաստաթղթերը։ Հենց այդ պահից իշխող քաղաքական ուժը ակտիվացրեց իր նախընտրական ռազմավարությունը՝ ընտրազանգվածին ներկայացնելով իր քաղաքական տեսլականը։ Այս մասին նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխող քաղաքական ուժը ընտրողին առաջարկում է խաղաղության օրակարգը՝ որպես գաղափարական առանցք։ «Դա կարելի է ընդունել կամ մերժել, համարել իրական կամ կեղծ, բայց դա տեսլական է», — նշում է Բադալյանը՝ միաժամանակ հարցադրում անելով, թե ինչպիսի համակարգային առաջարկներ են ներկայացնում մյուս ուժերը։
«Փրկիչների» կերպարներ և ընտրազանգվածների հատում
Բադալյանը ընտրազանգվածները բաժանում է մի քանի շերտերի։ Առաջինը՝ գաղափարական կողմնորոշմամբ ընտրողներն են, օրինակ՝ արևմտամետ հատվածը, որի համար առանցքայինը ոչ թե առաջնորդի անձն է, այլ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը։
Մյուս խումբը, նրա ձևակերպմամբ, առաջնորդակենտրոն է՝ ձայնը տալիս է «փրկիչ» կերպարին։ Այս համատեքստում նա նշում է Նիկոլ Փաշինյանին, որի քաղաքական կերպարը 2018-ին ձևավորվել էր «պայքարողի» և «արդարության համար տուժածի» իմիջով։ Սակայն ժամանակի ընթացքում, ըստ Բադալյանի, այդ կերպարի ազդեցությունը նվազել է։
Նույն դաշտում նա դիտարկում է նաև Վարդան Ղուկասյանին՝ պնդելով, որ վերջինս հանդես է գալիս նույն «պայքարողի» մոդելով, բայց նոր և «չվարկաբեկված» դեմքով։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի ընտրազանգվածի զգալի հատվածը աստիճանաբար տեղափոխվում է Ղուկասյանի ճամբար։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ունի 5–7 տոկոսանոց կայուն շերտ, որը, Բադալյանի ձևակերպմամբ, մշտապես սատարում է գործող իշխանությանը՝ անկախ անձերից։ Բացի այդ, նա օգտվում է նաև Քոչարյանի և մասամբ Կարապետյանի հակաընտրազանգվածի ձայներից։
Քոչարյանը, Կարապետյանն ու Ծառուկյանը կիսում են մեկ ընտրազանգված
Այսպես կոչված «պռոռուսական» ընտրազանգվածի ներսում, քաղտեխնոլոգի խոսքով, մրցակցությունը ծավալվում է երեք հիմնական դերակատարների միջև՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան և Գագիկ Ծառուկյան։
Բադալյանի գնահատմամբ՝ այս եռյակը կիսում է նույն գաղափարական և սոցիալական հենքը, սակայն ներկայում ընտրազանգվածի զգալի մասը կենտրոնանում է Սամվել Կարապետյանի շուրջ՝ ինչպես ռուսամետության, այնպես էլ «հրաշագործ գործարարի» կերպարի շնորհիվ։
Քոչարյանի՝ «հաղթողի» կերպարը, նրա կարծիքով, որոշակիորեն թուլացել է, ինչի հետևանքով ձայների մի հատված նույպես տեղափոխվում է Կարապետյանի կողմ։ Ծառուկյանի աջակցությունը համեմատաբար սահմանափակ է։
Ազգային-պահպանողական դաշտում մրցակցությունը, ըստ Բադալյանի, ընթանում է ոչ թե առաջնորդների, այլ քաղաքական ուժերի միջև՝ օրինակ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ազգային ժողովրդավարական բևեռի միջև։
Տատանվող և հակաընտրազանգված
Առանձին շերտ է կազմում տատանվող ընտրազանգվածը՝ քաղաքական հստակ կողմնորոշում չունեցող քաղաքացիները, որոնք որոշում են կայացնում իրավիճակային գործոններից ելնելով։ Բադալյանի դիտարկմամբ՝ ներկայում այդ հատվածի զգալի մասը նույնպես հակվում է Սամվել Կարապետյանի կողմ։
Նա առանձնացնում է նաև հակաընտրազանգվածների գործոնը։ Օրինակ՝ Փաշինյանի ընդդիմախոս ընտրողների մեծ մասը ձայն է տալիս այն գործչին, ում մեջ տեսնում է գործող վարչապետին հաղթելու առավել մեծ հնարավորություն՝ հիմնականում Կարապետյանին, մասամբ՝ Քոչարյանին։
Բարդ կառուցվածք՝ առանց «մաքուր ընդդիմադիր» ընտրազանգվածի
Արմեն Բադալյանի եզրակացությամբ՝ Հայաստանում չկա «մաքուր ընդդիմադիր ընտրազանգված»։ Քաղաքացին քվեարկում է ոչ թե այն պատճառով, որ որևէ ուժ ընդդիմադիր է կամ իշխանական, այլ ելնելով իր սպասումներից, գաղափարական կողմնորոշումից կամ առաջնորդի կերպարից։
Այսպիսով, առաջիկա ընտրությունները, նրա գնահատմամբ, կընթանան ոչ թե կարգավիճակների պայքարի, այլ բազմաշերտ ընտրազանգվածների վերադասավորման և տեսլականների մրցակցության պայմաններում։

