ՀՀ վարչապետի մոսկովյան այցը նախևառաջ ուներ ներքաղաքական և նախընտրական ենթատեքստ։ Նման կարծիք հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
Նրա խոսքով՝ այցի բովանդակային քննարկումներից ավելի կարևոր է հասկանալ, թե հանդիպման բաց և փակ հատվածներն ինչ ազդեցություն են ունեցել Հայաստանի հանրության և ռուսական մասնագիտական շրջանակների վրա։ Մելիքյանի գնահատմամբ՝ հանդիպման հիմնական ազդեցությունն այն էր, որ «ոգևորվեցին Հայաստանի ռուսամետ ուժերը, ոգևորվեցին Հայաստանի Փաշինյանասեր ուժերը»։ Նրա խոսքով՝ այդ առումով «կարծես թե բոլորը ստացան այն, ինչ կուզեին ստանալ Մոսկվայից և Պուտինի շուրթերով»։
Դիվանագետը կարևորում է նաև նախորդող տարիների համատեքստը՝ նշելով, որ 2020 թվականից հետո Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում նվազել է, և շարքային քաղաքացիների շրջանում ձևավորվել է «բավական լուրջ բացասական երանգ»։ Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայում չեն կարող չիմանալ այդ փոփոխության մասին, սակայն «ռուսական իշխանությունները սովոր են օգտագործել այլոց վերաբերմունքը իրենց շահերի սպասարկման համար՝ լինի այդ վերաբերմունքը բացասական, թե դրական»։
Սատարումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ
Դիվանագետը նշում է, որ Ռուսաստանը գիտակցում է, որ իր նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում վատթարացել է, հետևաբոր այյն գործիչները, ում Մոսկվան կսատարի, կարող են բախվել նույն վերաբերմունքին։
Միևնույն ժամանակ, դրան հակառակ՝ եթե Ռուսաստանը հրապարակայնորեն դժգոհություն է ցուցաբերում վարչապետից և «նույնիսկ ստորացնում է նրան բոլորի աչքի առջև», դա կարող է «ավելացնել Հայաստանում Փաշինյանի պրակտիկ աջակիցների թվաքանակը»։
Այս առումով, հանդիպումն իր դերը կատարել է՝ ակտիվացնելով տարբեր բևեռների կողմնակիցներին։«Այն ավելի շատ հօգուտ Փաշինյանի էր և ի վնաս Կարապետյանի, քան ընդհակառակը», — նշում է նա։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման բաց մասում հնչած հայտարարություններին, ապա Մելիքյանը դրանց մեծ նշանակություն չի տալիս։ Նա շեշտում է, որ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, «Ռուսաստանի համար որևէ խնդիր երբևէ իրականում չի առաջացրել»՝ ոչ երկկողմ հարաբերություններում, ոչ էլ միջազգային հարթակներում։
Նրա խոսքով՝ կիրառվող հռետորաբանությունը՝ ներառյալ մեղադրանքներն ու դժգոհությունները, «հարաբերությունների պրակտիկ կողմի վրա որևէ կերպ իրականում չի անդրադարձել»։

