Սահմանադրության նախաբա՞նն է խնդիրը, թե՞ դրա բովանդակությունը

Հայաստանի նոր Սահմանադրության շուրջ քննարկումներում առանցքային պետք է լինեն ոչ թե նախաբանի ձևակերպումները, այլ հիմնական տեքստում ամրագրվող կարգավորումները, որոնք անմիջական ազդեցություն կունենան պետության կառավարման և քաղաքացիների կյանքի վրա։ Այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության նախաբանի շուրջ քննարկումներից ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպիսի պետություն է նախատեսում ստեղծել նոր Սահմանադրությունը, ինչ երաշխիքներ է այն սահմանում և որքանով է ծառայում քաղաքացիների շահերին։

«Ես նախաբանին ընդհանրապես մեծ ուշադրություն չեմ դարձնում, որովհետև նախաբանը իրավաբանական ուժ չունի։ Իրավաբանական ուժ ունեն Սահմանադրության հոդվածները, որոնք հստակ կարգավորում են մեր հարաբերությունները միմյանց և պետության հետ»,- նշել է Իոաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ Սահմանադրության հիմնական տեքստում, օրինակ, պետք է ամրագրվեն հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքները։ Իոաննիսյանի խոսքով՝ այդ մարմինների արդյունավետ աշխատանքն ուղղակիորեն կապված է պետության արդյունավետության հետ, մինչդեռ նախաբանում ներառված ձևակերպումների ազդեցությունն առօրյա կյանքի վրա նա նույնքան անմիջական չի համարում։

«Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը և անկախության երաշխիքները գրված լինեն Սահմանադրության մեջ, քան այն, թե ինչ է գրված լինելու նախաբանում։ Եթե հակակոռուպցիոն մարմիններն այս երկրում լավ գործեն, մենք կունենանք արդյունավետ պետություն, իսկ եթե վատ գործեն՝ չենք ունենա»,- ասել է նա։

Սահմանադրությունը՝ քաղաքացիների սահմանած խաղի կանոններ

Իոաննիսյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների գլխավոր նպատակը պետք է լինի այնպիսի Սահմանադրության ընդունումը, որը քաղաքացիները կընդունեն հանրաքվեով և որի դրույթները կարտացոլեն իրենց շահերը։

Նա հիշեցրել է, որ ինքն ու իր ղեկավարած կազմակերպությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում ներգրավված են 2020 թվականի փետրվարից՝ ընդգծելով, որ գործընթացը սկսվել է Ադրբեջանի կողմից Սահմանադրության նախաբանի փոփոխության պահանջներից շատ ավելի վաղ։

«Այս գործընթացի ամենակարևոր բանը այն է, որ Հայաստանի քաղաքացիները սահմանեն խաղի կանոնները, որոնցով ապրում են»,- նշել է նա։

Իոաննիսյանի խոսքով՝ Սահմանադրությունը պետք է առաջին հերթին ապահովի երկրի զարգացումը և այնպիսի հարաբերություններ սահմանի պետության ու քաղաքացիների միջև, որոնց պայմաններում մարդիկ կզգան, որ պետությունն իրենց համար է գործում։

Նրա գնահատմամբ՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական քննարկում, այլև հանրության երկարատև ու լայն մասնակցություն։ Սահմանադրության յուրաքանչյուր թեմայի շուրջ պետք է քննարկումներ անցկացվեն՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ներկայացնելու իրենց դիրքորոշումները և ազդելու առաջարկվող կարգավորումների վրա։

«Դա մեկ օրվա կամ մեկ ամսվա գործ չէ։ Երկար աշխատանք պետք է տանել, որպեսզի հանրությունը մասնակցի այն խաղի կանոնների սահմանմանը, որոնցով ապրում է այս երկրում։ Եթե հանրությունը տեսնի, որ այդ կանոններն իր շահերից են բխում, և ինքն է դրանք սահմանում, ոչ թե ինչ-որ մեկն է պարտադրում, հնարավոր է՝ հանրային աջակցությունն այնքան մեծ լինի, որ ընդդիմադիր ուժերն էլ հասկանան՝ դրան դեմ գնալ պետք չէ»,- ասել է Իոաննիսյանը։

Հանրային աջակցությունը՝ Սահմանադրության ընդունման նախապայման

Միաժամանակ Իոաննիսյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը խորհրդարանում բարդ է համարում՝ իշխանության և ընդդիմության միջև առկա տարաձայնությունների պատճառով։

Սահմանադրության հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 105 պատգամավորից 70-ի հավանությունը։ Իոաննիսյանի գնահատմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական մանդատները բավարար չեն այդ շեմը հաղթահարելու համար։

Նա կասկածում է, որ այս պահին հնարավոր կլինի մշակել մի նախագիծ, որը միաժամանակ ընդունելի կլինի իշխող ուժի և ընդդիմադիր ուժերից առնվազն մեկի համար։ Այդուհանդերձ, Իոաննիսյանը կարծում է, որ նախագծի շուրջ լայն հանրային աջակցությունը կարող է մեծացնել խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելու հնարավորությունը։

Նա նաև կարևորել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներում քաղաքական ուժերի մասնակցությունը։ Իոաննիսյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացուցիչ է նշանակել խորհրդում, մինչդեռ «Հայաստան» դաշինքը շարունակում է բոյկոտել դրա աշխատանքները։

Իոաննիսյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրության լեգիտիմության և ընդունման հեռանկարների համար վճռորոշ է, որ հանրությունը ոչ միայն տեղեկացված լինի առաջարկվող փոփոխությունների մասին, այլև մասնակցի դրանց մշակմանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների կողմից ընդունված Սահմանադրությունը կարող է առաջին անգամ ձևավորել խաղի կանոններ, որոնք հասարակությունը կսահմանի ինքնուրույն, այլ ոչ թե կընկալի որպես իրեն պարտադրված կարգավորումներ։


👉 Օրենսդրություն

Scroll to Top