Փաշինյանի առաջարկները լեգիտիմացնում են Բաքվին թեզերը

«Թելադրված գործընթաց»՝ Բաքվի պատկերացումներով

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները չեն բխում ներքին օրակարգից, այլ մեծապես ձևավորվում են Ադրբեջանի պատկերացումների և պահանջների ազդեցության ներքո։ Նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հանման և այսպես կոչված Նոր Հայաստան կերտելու իշխանության ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ այս ծրագրերի շրջանակում խոսքը իրակոնում գնում է ոչ թե պետությունը բարեփոխելու կամ «զրոյից նոր պետություն կառուցելու» մասին, այլ առկա պետականության աստիճանական քայքայման  մասին։ Նա պնդում է, որ իրականացվող քաղաքականությունը միտված է եղած համակարգը թուլացման, իրավազրկման և այնպիսի իրավիճակի ստեղծմանը, երբ Հայաստանը նույնիսկ միջազգային ընկալումներում կորցնի իր քաղաքական-իրավական կշիռը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը առաջ է քաշել մի շարք առանցքային պահանջներ, և հատկապես 2022 թվականից հետո սկսվել է նոր փուլ, երբ Հայաստանը փաստացի սկսել է իրեն դուրս բերել արցախյան խնդրից՝ այդ գործընթացը տեղափոխելով իրավաքաղաքական հարթություն։

Բադալյանի գնահատմամբ՝ ներկայումս, երբ արցախյան խնդիրն  Ադրբեջանի համար նպաստավոր լուծում ստացավ, Բաքուն առաջ է քածում նոր հաջորդ խնդիր՝ հասնել Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավաքաղաքական միավորի թուլացման կամ լուծարման։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում խոսք կարող է գնալ ոչ թե լիարժեք ինքնիշխան պետության, այլ «դեկորատիվ» կամ «օբյեկտ-պետության» մասին։

Նա նաև ընդգծում է, որ այս գործընթացը, իր կարծիքով, ընթանում է ոչ թե ռազմական ճանապարհով, այլ քաղաքական որոշումների միջոցով, ինչը, նրա ձևակերպմամբ, նշանակում է, որ Ադրբեջանին հաճո փոփոխությունները կատարվում են «ներսից»։

Անդրադառնալով գործող իշխանության դերին՝ Բադալյանը նշում է, որ անգամ եթե տեսականորեն կա քաղաքական կուրսը փոխելու ցանկություն, ներկայումս դրա հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Նրա համոզմամբ՝ ձևավորված գործընթացը արդեն դուրս է եկել լիարժեք ինքնուրույն վերահսկողությունից և զարգանում է այն տրամաբանությամբ, որը պայմանավորված է արտաքին ազդեցություններով, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից թելադրվող օրակարգով։

Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանը գտնվում է բարդ և որոշիչ փուլում, որտեղ առանցքային հարցը ոչ միայն արտաքին քաղաքականությունն է, այլև պետական ինստիտուտների պահպանման և քաղաքական ինքնիշխանության վերաիմաստավորման խնդիրը։

Scroll to Top