ՀՀ իշխանությունները, կարծես, տեղեկատվական և քարոզչական հող են նախապատրաստում ընդդիմադիր ուժերի մասնակցությունը սահմանափակելու համար։ Այս մասին նշել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ առավել մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր ուժի նկատմամբ փորձ արվի կիրառել տարբեր մեխանիզմներ՝ նրա մասնակցությունը ընտրություններին թույլ չտալու նպատակով։
Գրանցումից մինչև անվավեր ճանաչում․ հնարավոր սցենարներ
Սահմանադրագետը նշել է, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված են հիմնականում ձևական պահանջներ, և անմիջապես չգրանցելը կարող է բարդ լինել նույնիսկ ներկայիս իշխանությունների համար, սակայն առավել վտանգավոր փուլը կարող է լինել նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։
Նրա խոսքով՝ այդ փուլում նույնիսկ ամենափոքր խախտումները կարող են օգտագործվել որպես հիմք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ընդդիմադիր ուժի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու համար, եթե համապատասխան որոշումները կայացվեն իշխանությունների ազդեցությամբ։
Պողոսյանը նաև կարևորել է ընդդիմադիր դաշտի միասնականությունը՝ հատկապես մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում։ Նրա գնահատմամբ՝ սխալ կլինի, եթե ընդդիմադիր որևէ ուժ մտածի, թե մրցակից ուժի հնարավոր դուրս մղումը ընտրապայքարից կարող է մեծացնել իր սեփական շանսերը։
«Եթե մեկին ընտրապայքարից հանեցին, հաջորդը լինելու եք դուք», — զգուշացրել է նա՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ ընտրություններին ընդհանրապես չմասնակցեն առանցքային ընդդիմադիր խաղացողները։
Ընդդիմության առաջ կանգնած հիմնական խնդիրը
Սահմանադրագետի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ներկայում ակտիվորեն զբաղվում են իշխանությունների քաղաքականության քննադատությամբ՝ տարբեր ոլորտներում բացահայտելով, իր ձևակերպմամբ, վերջին տարիներին թույլ տրված սխալներն ու դրանց հետևանքները։
Սակայն նա ընդգծել է, որ այսքանը բավարար չէ։ Ավելի կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները հստակ և համոզիչ պատասխաններ տան Հայաստանի ապագայի վերաբերյալ առանցքային հարցերին։
Պողոսյանի գնահատմամբ՝ երկիրը կանգնած է բարդ իրողությունների առաջ՝ թուլացած պետականությամբ, Ադրբեջանի շարունակվող տարածքային հավակնություններով, տեղահանված արցախահայությամբ և իրական դաշնակիցների բացակայությամբ։
Այս պայմաններում, նրա խոսքով, ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի, այլև ներկայացնի հստակ տեսլական, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի զարգացման ուղին։ Նա ընդգծել է, որ արդեն կան նման փորձեր, սակայն դրանք պետք է ավելի կոնկրետացվեն, որպեսզի հասարակության մեջ հաղթահարվի այն վախի և անորոշության մթնոլորտը, որը, նրա կարծիքով, ձևավորվել է գործող իշխանությունների քաղաքականության արդյունքում։

