Դասական թրամփյան մարտավարություն՝ ամենաթեժ փուլում խաղաքարտները խառնվում են 

Դասական թրամփյան մարտավարություն՝ ամենաթեժ փուլում խաղաքարտերը խառնվում են 

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ վերջին օրերին Իրանի հետ տեղի են ունեցել արդյունավետ բանակցություններ, ինչի հետևանքով նա որոշել է հետաձգել էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր հարվածները։ Սակայն Թեհրանը շտապեց հակադարձել՝ պնդելով, որ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ չեն եղել։ Ի՞նչ է իրականում կատարվում և ինչո՞ւ են հայտարարությունները այդքան հակասական։

Իրանագետ Էդվարդ Բերուջանյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը «դասական թրամփյան մարտավարության» վառ դրսևորում է։ Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը ամենաթեժ փուլում փորձում է խառնել խաղաքարտները՝ միաժամանակ ազդելով մի քանի հարթությունների վրա՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական։

Փորձագետը նշում է, որ Իրանի շուրջ գործընթացները անմիջականորեն ազդում են նավթի գների վրա՝  հակասելով Թրամփի նախընտրական խոստումներին, որոնց համաձայն էներգակիրների գներ պետք է նվազեին։ «Թրամփի հայտարարությունից հետո մենք տեսանք, որ բորսաներում նավթի գինը որոշ չափով կայունացավ, բայց սա առավելապես կարճաժամկետ ազդեցություն ունի», — ընդգծում է նա։

Միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ը խուսափում է վերջնական հարվածներից Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ՝ մտահոգվելով հնարավոր պատասխան քայլերով։ «Իրանական կողմը հստակ հայտարարել է, որ նման հարվածների դեպքում կհետևեն պատասխան գործողություններ, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների կարևոր օբյեկտների դեմ, ինչը կարող է բերել ոչ միայն տնտեսական, այլև էկոլոգիական լուրջ ճգնաժամի», — նշում է Բերուջանյանը։

Ռազմաքաղաքական առումով Բերուջանյանը կարծում է, որ խոսքը պայմանական «հնգօրյա հրադադարի» մասին է, որը հնարավորություն է տալիս վերադասավորել ուժերը և վերագնահատել հետախուզական տվյալները։ Նրա խոսքով՝ նախանշված կարճաժամկետ նպատակները, ըստ երևույթին, ամբողջությամբ չեն իրականացվել, և թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իսրայել-ը այժմ կանգնած են իրենց գործողությունները վերանայելու անհրաժեշտության առաջ։ «Սա նաև նախապատրաստություն է ավելի բարձր ինտենսիվության գործողությունների համար», — նշում է փորձագետը։

Միաժամանակ, ինչպես ընդգծում է նա, ժամանակ շահելու փորձ է նկատվում նաև իրանական կողմից։ Թեհրանը, մերժելով բանակցությունների մասին հայտարարությունները, ըստ Բերուջանյանի, նույնպես ձգտում է շահել ժամանակ՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը մտնում է տնտեսական մաշեցման փուլ։

Փորձագետը ուշադրությունը հրավիրում  է այն հանգամանքի վրա, որ տնտեսական ճնշումը այս պատերազմում դարձել է հիմնական գործիքներից մեկը։ Նրա խոսքով՝ Իրանը փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը և էներգակիրներից կախված երկրները իրենք ճնշում գործադրեն Վաշինգտոնի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top