Հայաստանում «Խաղաղության խաչմերուկ»՝ TRIPP ծրագրի շուրջ աշխատանքներն անցնում են գործնական փուլ։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում արդեն ձևավորվել է ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված հիմնադրամ, միջոցներ են կուտակվում, իսկ Հայաստանում ընթանում են երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունները։
Միաժամանակ, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական որոշումները Վաշինգտոնում բավական արագ են ընդունվում, սակայն դրա գործարկման ճանապարհին դեռևս կան գործնական և աշխարհաքաղաքական խոչընդոտներ։
Ֆինանսավորումը ձևավորվում է, ընթանում են ուսումնասիրությունները
Խանդանյանի խոսքով՝ այժմ իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը, որից հետո Հայաստանը պետք է անցնի երկաթուղու բուն շինարարությանը։ «Ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ արդեն բուն շինարարությանը կանցնենք երկաթուղու»,– ասել է Խանդանյանը։
Միաժամանակ, ըստ նրա, հետաքրքրություն կա նաև էլեկտրահաղորդման գծերի հնարավորինս արագ կառուցման նկատմամբ։ Պատգամավորը շեշտում է, որ TRIPP-ը միայն երկաթուղային ծրագիր չէ։ Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև այլ ենթակառուցվածքների զարգացում, ինչը, ըստ նրա, ծրագրի ընդհանուր նշանակությունը շատ ավելի լայն է դարձնում։
TRIPP-ը՝ նաև գազի նոր աղբյուրների հնարավորություն
Խանդանյանը TRIPP-ի հետ կապում է նաև Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացման հնարավորությունը։
Նրա խոսքով՝ ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչներից մեկը գազամուղն է, որը կարող է անցնել Հայաստանի տարածքով։
«TRIPP-ը ևս նաև գազամուղի է վերաբերվում, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու հնարավորությունը»,– նշել է նա։
Պատգամավորը չի բացառել նաև Իրանից գազի ներկրման ծավալների ավելացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել Հայաստանի և Իրանի միջև։
Միաժամանակ նա չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը։
«Տարբեր տնտեսական և էներգետիկ հարաբերությունների քննարկումներ տեղի են ունեցել այս ընթացքում Ադրբեջանի հետ։ Ես չգիտեմ, թե կոնկրետ գազի մատակարարման հարցով ուր ենք մենք հասել, բայց դա բացառված սցենար չէ»,– ասել է Խանդանյանը։
Իշխանությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում
Խանդանյանի խոսքով՝ իրանական գործոնը չի կարող խոչընդոտել TRIPP-ի իրականացմանը Հայաստանի տարածքում։ Նա ընդգծում է, որ հայկական կողմը այս հարցը քննարկել է իրանական գործընկերների հետ, և կողմերի միջև փոխըմբռնում կա։
«Ես չեմ կարծում, որ իրան-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա։ Ճիշտ հակառակը՝ իրագործումը ընդհանրապես կախված չէ դրանից»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ երկաթուղու կառուցման հարցն արդեն օրակարգում է․ ուսումնասիրվում են ծրագրի իրագործելիությունը և տեխնիկական այլ պարամետրեր։
«Երբ ուսումնասիրությունները և տեխնիկական հարցերը ավարտվեն, կսկսվի բուն շինարարության հարցը։ Այստեղ քաղաքական խոչընդոտ ես չեմ տեսնում»,– ասել է Խանդանյանը։
Սակայն քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ հենց այստեղ է, որ անհրաժեշտ է տարբերակել քաղաքական որոշման և ծրագրի փաստացի իրականացման փուլերը։
Քաղաքական աջակցությունը կա, բայց գործնական փուլում խնդիրները մնում են
Սարգսյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում առաջ է մղում մի նախագիծ, որի ռազմավարական նշանակությունը Վաշինգտոնի համար շատ ավելի լայն է, քան տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնումը։
Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու, Միջին միջանցքի զարգացման և Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու մասին է։ Սարգսյանի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով Վաշինգտոնը փորձում է հնարավորինս կրճատել որոշումների ընդունման և ծրագրի իրականացման միջև ընկած ժամանակը։
Նրա խոսքով՝ այս գործընթացում զգալիորեն նվազեցվել է ամերիկյան բյուրոկրատիայի ազդեցությունը։ Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի միջև նախկինում հնարավոր մրցակցությունը կամ երկարատև որոշումների կայացման գործընթացները, ըստ նրա, այս նախագծի դեպքում էապես չեն խոչընդոտներ չեն ստեղծում։
«Որոշումները, ինչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով»,– նշել է Սարգսյանը։
Երկաթուղին՝ ծրագրի ամենաբարդ գործնական հարցերից մեկը
Միևնույն ժամանակ, Սարգսյանի գնահատմամբ, արագ քաղաքական որոշումը դեռ չի նշանակում, որ նախագիծը նույն արագությամբ կմտնի շինարարության փուլ։
Նա TRIPP-ի իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը համարում է հենց երկաթուղու հարցը։
Սա այն փուլն է, որտեղ անհրաժեշտ է ավարտել տեխնիկական ուսումնասիրությունները, որոշել ենթակառուցվածքի կոնկրետ լուծումները և անցնել շինարարության գործնական կազմակերպմանը։
Այս առումով Խանդանյանի հայտարարությունը, որ ներկայում ուսումնասիրվում են տեղանքը, իրագործելիությունը և տեխնիկական պարամետրերը, ցույց է տալիս, որ ծրագիրը դեռևս նախաշինարարական փուլում է։
Իրանի գործոնը՝ երկրորդ հիմնական ռիսկը
Ի տարբերություն Խանդանյանի, Սարգսյանը մյուս էական ռիսկը տեսնում է ԱՄՆ-Իրան հարաբերություններում։ «Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան–ԱՄՆ լարված հարաբերությունները»,– նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտ գտնվող ամերիկյան ռազմավարական նախագծերից է, և հենց այդ պատճառով տարածաշրջանում լարվածության ցանկացած սրում կարող է անդրադառնալ դրա իրականացման տեմպերի վրա։
Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող է որոշակի անհանգստություն առաջացնել ամերիկյան կողմում, հատկապես լարվածության ներկայիս փուլում, և արդյունքում առնվազն դանդաղեցնել ծրագրի իրականացումը։

