Պարտքի աճը, սպառողական վարկերը և իրական եկամուտների դինամիկան մտահոգիչ են

Պարտքի աճը, սպառողական վարկերը և իրական եկամուտների դինամիկան մտահոգիչ են

Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը, սպառողական վարկերի արագ աճը և բնակչության եկամուտների դինամիկան այսօր լուրջ մարտահրավերներ են երկրի տնտեսության համար։ Այս մասին նշել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակի մասին։

Արամյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է կառուցվածքային խոցելիության փուլում։ Պարտքի աճը, սպառողական վարկերի գերակշռությունը և կապիտալ ծախսերի նվազումը կարող են երկարաժամկետ հեռանկարում դառնալ լուրջ մարտահրավերներ։ Նրա խոսքով՝ առանց տնտեսական կառուցվածքի վերանայման և ռազմավարական մոտեցման՝ երկրի ֆինանսական կայունությունը կմնա խոցելի արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։


«Պարտքը պետք է դիտարկել ոչ թե անվանական, այլ հարաբերական ցուցանիշներով»

Արամյանի խոսքով՝ պարտքի անվանական ծավալները միայնակ ոչինչ չեն ասում․ դրանք պետք է դիտարկել երկրի եկամուտների և տնտեսական կառուցվածքի համատեքստում։

«Օրինակ՝ 1 միլիոն դրամ պարտքը կարող է ահռելի մեծ լինել, եթե քո եկամուտը 300 հազար է, բայց չնչին՝ եթե ստանում ես 2-3 միլիոն։ Այս պատճառով պարտքի գնահատման հիմնական չափանիշը հարաբերական ցուցանիշներն են», – նշեց տնտեսագետը։

Թեպետ Հայաստանի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ին եղել է 50%-ից ցածր, Արամյանը հիշեցնում է, որ նույնիսկ ավելի ցածր մակարդակի պարտք ունեցող երկրներում՝ ինչպես Ռուսաստանում 1998-ին (38%), տեղի են ունեցել պարտքային ճգնաժամեր։ «Այս ամենը կախված է ոչ միայն թվերից, այլ նաև տնտեսական կառուցվածքից», – ընդգծում է նա։

Արամյանը մտահոգված է նաև պարտքի աճի դինամիկայով․ «2022-ից սկսած ցուցանիշները վատթարանում են, և ըստ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ մինչև 2028 թվականը կարող են հասնել 55%-ի։ Սա արդեն վտանգավոր միտում է»։

Կապիտալ ծախսերի նվազեցումը՝ վտանգավոր ազդակ

Տնտեսագետի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ 2026-ի բյուջեի նախագծով ընթացիկ ծախսերը զգալիորեն ավելանալու են կապիտալ ծախսերի հաշվին։

«Եթե ընտանիքը գումարը ծախսում է միայն սննդի ու առօրյա սպառման վրա, ոչինչ չի մնում ապագայի համար։ Իսկ եթե ներդնում է, օրինակ, բնակարանի վերանորոգման կամ արտադրողականություն բարձրացնող ծրագրերի մեջ, դա կապիտալ ծախս է, որն ապագայում եկամուտ է ստեղծում։ Պետության դեպքում էլ նույնն է», – բացատրում է Արամյանը։

Բացի այդ, պարտքի սպասարկման ծախսերը արդեն գերազանցում են բյուջեի ծախսերի 10%-ը, իսկ պարտքի միջին ժամկետայնությունը կրճատվում է՝ ստիպելով ավելի շատ գումար ուղղել կարճաժամկետ պարտավորությունների մարելուն։

Տնտեսության աճը հիմնված է սպառողական վարկերի վրա

Արամյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական աճի ներկայիս մոդելը չափազանց շատ է հիմնված սպառողական վարկերի վրա։ Վարկային պորտֆելը 2025-ի հուլիսին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 28%-ով՝ հասնելով 1.44 տրիլիոն դրամի, և գերակշիռ մասը ուղղվել է ոչ արտահանելի ոլորտներ՝ հիպոթեքային վարկերին, շինարարությանը, սպասարկման ոլորտին։

«Սա պահանջարկով քաշվող մոդել է։ Երբ փող կա, սպառումը մեծանում է, երբ չկա՝ տնտեսությունն ընկնում է։ Իսկ արտահանելի հատվածը՝ արդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը, զարգանում է շատ ավելի դանդաղ տեմպերով», – ասում է նա։

Վերջին յոթ տարվա ընթացքում վարկային պորտֆելը աճել է մոտ 4 տրիլիոն դրամով, սակայն արդյունաբերությանը բաժին է ընկել ընդամենը մոտ 90 միլիարդ, իսկ գյուղատնտեսությանը՝ շուրջ 230-240 միլիարդ։

Միջին և ցածր եկամուտ ունեցող խավերի վիճակը վատացել է

Արամյանը կտրականապես չի համաձայնում այն թեզի հետ, թե «ժողովրդի մեծ մասը լավ է ապրում»։ Նրա խոսքով՝ միջին և ցածր եկամուտ ունեցող խավերը հիմնականում ունեն միայն մեկ եկամուտի աղբյուր՝ աշխատավարձը։ Իսկ տրանսֆերտների ծավալը 2018-ից հետո էականորեն չի աճել, նույնիսկ որոշ դեպքերում նվազել է։

Թեպետ միջին աշխատավարձը իրական առումով աճել է շուրջ 30-32%, այդ աճը չի համընկնում ծախսերի աճի տեմպերի հետ։ Սպառողական վարկերը նույն ժամանակահատվածում աճել են 2.6 անգամ՝ շուրջ 550 մլրդ դրամից հասնելով 1.6 տրիլիոնի, ինչը վկայում է, որ մարդիկ ստիպված են ավելի շատ վարկ վերցնել առօրյա ծախսերը հոգալու համար։

«Սպառողական վարկ վերցնում են նրանք, ում եկամուտը չի բավարարում նույնիսկ հիմնական կարիքների համար։ Եվ եթե տնտեսության այսքան մեծ մասը աճում է վարկերի հաշվին, ապա պետք է պատրաստ լինել նաև պոտենցիալ ռիսկերին՝ ներառյալ չվճարումների աճին», – զգուշացնում է Արամյանը։

Scroll to Top