Արտահերթ ընտրությունները բացառված չեն

Արտահերթ ընտրությունները բացառված չեն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում բացառված չեն։ Նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

Նա ուշադրությունն է հրավիրում վերջին քաղաքական և վարչական որոշումներին, որոնք կարող են վկայել արտահերթ ընտրական սցենարների առնվազն պլանավորման մասին։ Նախ՝ հերթական ընտրություններից ութ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշանակում է նախընտրական շտաբի պետ։ 

Ակտիվացվում է եկեղեցու դեմ պայքարը, որը թեև մեծ հաշվով ուղորդվում է դրսից, բայց ինքնին Եկեղեցին Փաշինյանի կողմից ընկալվում է որպես հնարավոր վտանգ նախընտրական շրջանում։ Հայ առաքելական Եկեղեցին ՝ ցանցային կառույց է, իսկ Նիկոլ Փաշինյանը միշտ խուսափել է նախընտրական շրջանում գործ ունենալ նման կառույցների հետ և, հետևաբար, այժմ փորձ է արվում «թուլացնել եկեղեցու ազդեցությունը մինչև ընտրությունները,  նշում է քաղտեխնոլոգը։  

«Վերջին շոուն, որ բեմադրվեց Հովհաննավանքում, վերջինը չէր, ցավոք։ Հայտարարված է, որ կիրակի օրը ևս նման գործողություն է լինելու։ Կասկած չունեմ, որ այդ օրը նույնիսկ պարեկներին կհագցնեն քաղաքացիական հագուստ և կուղարկեն այնտեղ՝ ցույց տալու համար հնարավորինս մեծ բազմություն»,– նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ դեռ պարզ չէ՝ իշխանությանը կհաջողվի՞ հասնել իր նպատակին, թե ոչ։

Հնարավոր արտահերթ ընտրությունների ծրագրավորման մասին կարող են վկայել նաև իշխանության պոպուլիստական նախաձեռնությունները, որոնց նպատակն է շահել հանրային համակրանքը։ Սովորաբար իշխանությունները պոպուլիստական քայլերի են դիմում հենց ընտրություններից անմիջպես  առաջ, որպեսզի դրանք չմոռացվեն, պնդում է նա։ 

Իսկ ի՞նչ կատարվեց վերջին շրջանում։ Օրինակ՝ զինծառայության ժամկետի կրճատումը, որը ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հունիսից, կյանքի կկոչվի արդեն հունվարից։ Սա որոշ շտապողականության ցուցիչ է։ 

Քոչարյանը նշում է մեկ այլ հանգամանք ևս։  Մինչ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես հանդես էր գալիս խիստ հայտարարություններով, այդ թվում պնդելով «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Սակայն վերջերս Բաքուն թույլատրել է, որ Ղազախստանից բեռնափոխադրումները անցնեն Ադրբեջանի տարածքով՝ Վրաստանի միջով Հայաստան, ինչը, ըստ Քոչարյանի, կարելի է դիտարկել որպես «բարի ժեստ» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Scroll to Top