«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հակասում է Սահմանադրությանը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հակասում է Սահմանադրությանը 

Հայաստանում ընդունված և ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նախատեսում է էական փոփոխություններ մի շարք առանցքային ուղղություններով՝ համալսարանների խոշորացում, գիտական գործունեության բարեփոխում, գիտական աստիճանների շնորհման նոր համակարգ, ինչպես նաև ուսանողական փորձի և անհատական կրթական պլանների ներառման մեխանիզմներ։ 

Պաշտոնական մեկնաբանմամբ՝ օրենքի նպատակն է բարձրացնել կրթական ծառայությունների որակը, ներդնել լիցենզավորման և հավատարմագրման համակարգ, ձևավորել թվային կառավարման միջավայր և բազմաշերտ կրթաթոշակային համակարգ, որը խրախուսում է ուսման առաջադիմությունն ու հետազոտական ակտիվությունը։ Սակայն արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է․ այս մասին իր դիտարկումներով է կիսվում Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի միջազգային փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ընդունված նոր օրենքը միավորում է նախկինում առանձին գործող չորս օրենքները՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Փորձաքննությունների մասին»։ Այս բոլոր չորս օրենքները կորցրել են իրենց իրավական ուժը և միավորվել մեկ միասնական օրենքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։

«Բայց սա պարզապես մեխանիկական միավորում չէ, իրականում օրենքով հնարավոր բոլոր դրույթները գլխիվայր շրջելու փորձ», — ընդգծում է Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր մշակել են այս օրենքը, առաջնորդվել են ոչ թե համակարգային բարեփոխումների տրամաբանությամբ, այլ առավելապես գործնական նպատակներով։

Փորձագետը նշում է, որ հաճախ նախաձեռնողները գործում են հետևյալ կերպ․ եթե օրենքի որևէ կետ խանգարում է իրենց որոշումների իրագործմանը, ապա նրանք պարզապես փոխում են այդ կետը կամ ընդունում նոր օրենք, որը թույլ է տալիս անել ցանկալին արդեն օրենքի շրջանակում։ «Սա հենց այդ դեպքն է», — նշում է նա և պարզաբանում․

«Օրինակ, եթե որոշում է կայացվում Երևանի կենտրոնում գտնվող բուհական շենքերը վերցնել և օգտագործել այլ նպատակով, նախաձեռնողները ուսումնասիրում են՝ արդյոք օրենքը թույլ է տալիս դա անել։ Եթե պարզվում է, որ գործող օրենքը նման քայլ չի թույլատրում, ապա նրանք փոխում են համապատասխան կետը կամ ընդունում նոր օրենք, որը հնարավորություն է տալիս այդ գործողությունը իրականացնել արդեն իրավական հիմքով»։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև օրենքի այն հատվածին, որը վերաբերում է այսպես կոչված «Ակադեմիական քաղաքին»։ Նրա խոսքով՝ այս գաղափարի մասին խոսվում էր արդեն երեք-չորս տարի, սակայն օրենսդրական որևէ հիմք մինչ այժմ չկար։ Այժմ, նոր օրենքում հատուկ հոդվածներ են ներառվել հենց այդ թեմայի շուրջ։

«Սա բացառիկ դեպք է, — նշում է Մխիթարյանը, — քանի որ աշխարհի որևէ այլ երկրում օրենքում առանձին կերպով չի կարգավորվում “Ակադեմիական քաղաքի” գոյությունը կամ դրա գործունեությունը։ Բայց մեր դեպքում նման դրույթներ ոչ միայն ներառվել են, այլև ամրագրվել է, որ բուհը որևէ ենթակառուցվածք չի կարող ստեղծել այդ “Ակադեմիական քաղաքից” դուրս։ Սա նշանակում է, որ եթե ապագայում որևէ բուհ տեղափոխվի այդ քաղաք, ապա դրանից դուրս չի կարող ունենալ լաբորատորիա, մասնաճյուղ կամ որևէ այլ կառույց»։


Ըստ նրա, այս դրույթը հակասում է Հիմնական օրենքին։ 

Փորձագետի խոսքով՝ հակասությունների հաջորդ խումբը վերաբերում է բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակին։ Մխիթարյանը նշում է, որ օրենքով այլևս չի թույլատրվում, որպեսզի բուհերը գործեն որպես շահույթ հետապնդող ընկերություններ, մինչդեռ աշխարհում դա ընդունված պրակտիկա է։

«Այս  օրենքով բուհերը պետք է լինեն հիմնադրամներ, ինչը փաստացի խոչընդոտում է մասնավոր կրթական հաստատությունների բնականոն գործունեությանը», — ասում է նա։

Մխիթարյանը անդրադառնում է նաև օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումներին, ինչը ևս հակասում է Սահմանադրությանը։ Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը մի քանի անգամ արդեն հաստատել է՝ տարիքային խտրականությունը անթույլատրելի է։

«Այս նույն մոտեցումը տարիներ առաջ հանգեցրել էր նրան, որ շատ ուսուցիչներ թոշակի տարիքը լրանալուց հետո զրկվում էին աշխատանքից։ Բարեբախտաբար հիմա նման բան այլևս չի թույլատրվում, և նրանք շարունակում են աշխատել՝ փոխանցելով իրենց փորձը», — ընդգծում է նա։

Փորձագետը հավելում է, որ իրենք նշել են բոլոր հակասական կետերը՝ առաջարկելով օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու համապատասխանության հարցը։ Սակայն նախագահը շտապել է ստորագրել օրենքը՝ անտեսելով դրանում առկա հակասությունները։

Scroll to Top