Եկեղեցու դեմ արշավը իշխանությանը կտանի համակարգային ճգնաժամի

Եկեղեցու դեմ արշավը իշխանությանը կտանի համակարգային ճգնաժամի

Գործող վարչակազմի եկեղեցու դեմ քայլերի հաջորդականությունը վերջին հաշվով բերելու է համակարգային ճգնաժամի Հայաստանի իշխանության համար։ Այս մասին նշել է կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Կրոնագետի խոսքով՝ ընդհանուր առմամբ ամենածանր հարվածը, որը սովորաբար իշխանությունները կարող են հասցվել եկեղեցիներին,  դա պառակտումն է։

«Պարզ խոսենք, — ընդգծել է նա, — պատմությունը ցույց է տվել, որ տարբեր պառակտումներ հանգեցրել են բազմաթիվ եկեղեցիների փոշիացման, երբեմն՝ նույնիսկ դրանց ամբողջական անհետացման։ Սակայն ներկայիս իրավիճակը Հայոց Առաքելական Եկեղեցու համար օրհասական լինել չի կարող։ Պարզապես չկա այնպիսի կշիռ ունեցող հոգևորականների խումբ, որը կարող է հավակնել առանձին եկեղեցու կարգավիճակի», — ասել է նա՝ ընդգծելով, որ մինչև առաջիկա ընտրությունները նման վտանգ առկա չէ։

Խաչատրյանի համոզմամբ՝ իշխանության քայլերը որևէ կերպ չեն բխում ազգային կամ հոգևոր շահերից․ դրանք ոչ թե ուժեղացնում, այլ խորացնում են հասարակության ներսում եղած պառակտումները․

«Այդ քայլերի հաջորդականությունը ի վերջո բերելու է ոչ թե եկեղեցու, այլ հենց իշխանության համակարգային ճգնաժամի։ Եկեղեցին նման վտանգի առջև կանգնած չէ, որովհետև նա ամբողջությամբ այլ կառույց է՝ հիմնված դարավոր ինքնության ու հոգևոր հիմքերի վրա»։

Խաչատրյանը հիշեցրել է, որ եկեղեցին և պետությունը իրենց բնույթով արմատապես տարբեր համակարգեր են։

«Մեկը համաշխարհային կառույց է՝ 1700 տարվա պատմությամբ, մյուսը՝ ժամանակավոր իշխանություն, որը գալիս ու գնում է։ Պետականությունները կարող են վերանալ, բայց եկեղեցին մնում է՝ որպես մեր ինքնության, բարձրագույն արժեքների և աշխարհի առաջ մատուցած մեր ծառայության գլխավոր կրողներից մեկը», — եզրափակել է նա։

Scroll to Top