2026 թվականի բյուջեն ֆիսկալ թակարդների ճիրաններում

2026 թվականի բյուջեն ֆիսկալ թակարդների ճիրաններում

2026 թվականի բյուջեն պահպանողական բյուջե է: Այս մասին նշել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ունի որոշակի կաշկանդվածություն  բյուջեն ներկայացվելու հարցում։

«Այդ կաշկանդվածությունը որոշ չափով գալիս է անընդհատ աճող բյուջետային պակասուրդից և պետական պարտքի բարձրացող տեմպերից։ 2022 թվականից սկսած պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը վատթարանում է, և նույն նախարարության գնահատմամբ՝ մինչև 2028 թվականը այդ միտումը շարունակվելու է։ Որպեսզի այդ վատթարումը որոշ չափով կանգնեցնեն, պետք է բյուջեի դեֆիցիտը կրճատեն ՀՆԱ-ի մեջ»,– ասաց Արամյանը։

Նրա խոսքով՝ դեֆիցիտը կրճատվում է մեկ տոկոսային կետով՝ 5,5 տոկոսից դառնալով 4,5 տոկոս։

«Բայց հարց է առաջանում՝ ինչի հաշվին է դա արվում։ Եկամուտային մասը ՀՆԱ-ի մեջ ավելացնում են ընդամենը 0.1 տոկոսային կետով, իսկ ծախսերը կրճատում են 0,8։ Վատ լուրը այն է, որ կրճատումը հիմնականում կատարվում է կապիտալ ծախսերի հաշվին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,– նշեց նախկին նախարարը։

Նա հիշեցրեց, որ ըստ միջազգային ֆինանսական վիճակագրության (GFS), ռազմական տեխնիկայի կամ սպառազինության գնումը համարվում է կապիտալ ծախս, և դրանց կրճատումը՝ վտանգավոր միտում է հատկապես Հայաստանի համար։


«Միևնույն ժամանակ, ընթացիկ ծախսերը հակառակը՝ ավելանում են։ Եթե չեմ սխալվում, մոտ 200 միլիարդից դրանք հասնելու են 220 միլիարդի»,– ընդգծեց Արամյանը։

Ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ կառավարությունը հայտնվել է 2018-19 թվականների պոպուլյար քաղաքականության ստեղծած թակարդում։ Նա հիշեցրեց, որ ի սկզբանե եկամտային հարկի վերադարձի ծրագիրը պետք է կրեր ժամանակավոր բնույթ, այն  ուղղված էր շինարարական ոլորտի խթանմանը։ Սակայն հետագայում ծրագիրը սկսվեց ներկայացվել, որպես սոցիալական և պահպանվեց։

«Իրականում դրանից օգտվել են ոչ թե սոցիալապես անապահովները, այլ՝ հիմնականում բարձր եկամուտ ունեցող խավերը։ Այդ ծրագրի շահառուների ավելի քան 90 տոկոսը ունևոր մարդիկ էին»,– ասաց Արամյանը՝ հավելելով, որ դեռ այն ժամանակ զգուշացրել էր այս ֆիսկալ թակարդի վտանգի մասին։

Նրա խոսքով՝ այսօր այդ վտանգն արդեն իրականություն է.

«2026 թվականի բյուջեով նախատեսվում է մոտ 102 միլիարդ դրամ  եկամտային հարկի վերադարձ։ Սա նշանակում է, որ պետությունը փաստացի ֆինանսավորում է միջինից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին և դիվելոփերներին»։

Նախկին նախարարը նաև մտահոգիչ է համարում պարտքի սպասարկման ծախսերի աճը։ Նրա խոսքով՝ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է ավելի քան 400 միլիարդ դրամ՝ միայն տոկոսավճարների համար։ «Եթե հիշողությունս չի դավաճանում, դա մոտ 436 միլիարդ է, ինչը կազմում է ընդհանուր ծախսերի ավելի քան 11 տոկոսը։ Երբ այդ ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը, դա արդեն ազդակ է, որ պետությունը մտնում է վտանգավոր գոտի»,– ասաց Արամյանը։

Նա անդրադարձավ նաև սոցիալական ծախսերին՝ նշելով, որ դրանք մոտ 90 միլիարդով ավելանում են, սակայն դրանից շուրջ 34 միլիարդը ուղղվում է կուտակային կենսաթոշակային համակարգին։

«Սա ևս մեկ թակարդ է, որի մեջ կառավարությունը ընկել է սեփական պոպուլյար քայլերի հետևանքով։ Կենսաթոշակային համակարգը ձևավորվել էր այն տրամաբանությամբ, որ կառավարությունը պետք է աստիճանաբար հետ քաշվեր՝ ուղղելով իր միջոցները սոցիալապես անապահովներին, ոչ թե ապագա թոշակառուներին»,– ասաց նա։

Սակայն  2018 թվականին կառավարության կողմից կենսաթոշակային համակարգում մասնաբաժինը ավելացվեց՝  ծանրաբեռնելով բյուջեն։

«Այժմ ստացվում է, որ այսօր հարկատուները ոչ թե օգնում են ներկա կենսաթոշակառուներին կամ իսկապես կարիքավորներին, այլ ֆինանսավորում են ապագա թոշակառուներին։ Սա բյուջեի սխալ կառուցվածքի հետևանք է»,– ընդգծեց Արամյանը։

Նրա խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումը ի սկզբանե եղել է ամենախորքային և ամենաառաջադեմ բարեփոխումներից մեկը, սակայն դրա բովանդակությունը խեղաթյուրվել է ներկայիս իշխանության պոպուլիզմի պատճառով։

«Բարեփոխման հիմնական նպատակը այն էր, որ մարդն ինքն իր աշխատանքի ընթացքում ապահովի իր ապագա ծերությունը։ Բայց այժմ պետությունը կրկին վերցնում է այդ բեռը իր վրա»,– ամփոփեց ֆինանսների նախկին նախարարը։

Scroll to Top