Իրանական գազը չի կարող փոխարինել Ռուսաստանից մատակարարումները

Իրանական գազը չի կարող փոխարինել Ռուսաստանից մատակարարումները

Հայաստանի համար բնական գազի մատակարարման այլընտրանքների մասին քննարկումները հաճախ կենտրոնանում են Իրանի վրա, սակայն գործնականում այդ տարբերակը բազմաթիվ սահմանափակումներ ունի։ Այս մասին նշել է տնտեսագետ Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության և գազամատակարարման հնարավոր այլընտրանքային աղբյուրներին։

Նրա խոսքով՝ այսօր գործող ենթակառուցվածքները թույլ չեն տալիս, որպեսզի Իրանից ներմուծվող գազը լիարժեք բավարարի Հայաստանի ամբողջ պահանջարկը։

«Մարդիկ երբեմն ասում են, որ կարող ենք ամբողջությամբ անցնել իրանական գազի, բայց դրա համար անհրաժեշտ թողունակություն ունեցող խողովակաշար չունենք։ Այդ տարբերակը ներկայիս պայմաններում պարզապես հնարավոր չէ»,– նշել է տնտեսագետը։

Արամյանը խնդիրը բացատրել է պարզ օրինակով՝ համեմատելով տարբեր տրամագծերի խողովակների հնարավորությունները։ «Պատկերացրեք, որ կա կես սանտիմետր տրամագծով խողովակ և դրանից տասն անգամ ավելի մեծ խողովակ։ Որքան էլ փոքր խողովակի ճնշումը բարձրացնես կամ լրացուցիչ պոմպեր տեղադրես, այն միևնույն է չի կարող ապահովել այն ծավալը, որը կարող է փոխանցել մեծ խողովակը»,– ասել է նա։

Տնտեսագետը նաև կասկածի տակ է դրել այն տեսակետը, թե Իրանը կարող է Հայաստանին գազ մատակարարել էապես ավելի ցածր գներով, քան գործող առաջարկներն են։ Նրա խոսքով՝ Իրանը Թուրքիայի հետ ունի պայմանավորվածություններ, որոնք սահմանափակում են երրորդ երկրներին ավելի ցածր գնով գազ վաճառելու հնարավորությունը։

Նա ընդգծել է նաև, որ միջազգային տնտեսական հարաբերություններում որևէ արտոնյալ պայման սովորաբար փոխադարձ պարտավորություններ է ենթադրում։

«Եթե նույնիսկ տեսականորեն Իրանը համաձայնի գազ մատակարարել ոչ շուկայական կամ ավելի ցածր գնով, ապա ակնհայտ է, որ դրա դիմաց որոշակի պայմաններ կառաջադրի։ Թե դրանք ինչպիսի պայմաններ կլինեն, դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ, որ ոչինչ անվճար չի լինում»,– ասել է տնտեսագետը։

Վարդան Արամյանի գնահատմամբ՝ նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը որոշի մեծացնել իրանական գազի ներմուծումը, անհրաժեշտ կլինի զգալի ներդրումներ կատարել նոր ենթակառուցվածքների ստեղծման և գործող համակարգերի վերակառուցման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ խոսքը շատ խոշոր ֆինանսական ռեսուրսների մասին է։ «Պետք է հասկանալ, թե ով է ֆինանսավորելու այդ ներդրումները՝ Հայաստանը, թե Իրանը։ Եթե ներդրողը Իրանը լինի, ապա բնականաբար կձգտի նաև որոշակի սեփականության իրավունք ստանալ այդ ենթակառուցվածքների նկատմամբ»,– նշել է նա։

Տնտեսագետը շեշտել է, որ խնդիրը միայն ֆինանսական չէ։ Նման նախագծերի իրականացումը պահանջում է երկար ժամանակ՝ նախագծման, նախապատրաստական աշխատանքների, շինարարության և տեխնիկական լուծումների մշակման համար։

«Անհնար է նման ենթակառուցվածք ստեղծել մեկ կամ երկու ամսում։ Նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում խոսքը տարիների մասին է»,– եզրափակել է Արամյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի գազամատակարարման դիվերսիֆիկացման հարցը կարևոր է, սակայն այն պետք է դիտարկել ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ առկա տեխնիկական, ֆինանսական և ժամանակային հնարավորությունների շրջանակում։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top